Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է “Առաջին ճակատ” երկրպագուների շարժման ներկայացուցիչներին

Պաշտոնական, Օրվա լուր | | December 9, 2011 19:18


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ‘Առաջին ճակատ” երկրպագուների շարժման ներկայացուցիչներին, ովքեր քաղաքապետին են փոխանցել վերջին օրերին էլեկտրոնային և տպագիր մամուլում տեղ գտած “Հրազդան” մարզադաշտի տարհանման գոտուն կից հատվածում առևտրային համալիր կառուցելու վերաբերյալ իրենց մտահոգությունները: Ակտիվիստները մասնավորապես նշել են, որ կառուցապատման դեպքում “Հրազդան” մարզադաշտը կկորցնի իր գործառնական նշանակությունը, ինչն ըստ նրանց, անդառնալի հետևանքներ կարող է ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման ընդհանուր համապատկերում:Լսելով նրանց մտահոգությունները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ նկատել է, որ բարձրացվող խնդիրն, ըստ էության, առարկայական հիմնավորում չունի, քանզի մինչև այս պահը վերոնշյալ տարածքում շինություն կառուցելու որևէ նախագիծ ներկայացված չէ: Բացի այդ, քաղաքապետը նաև ընդգծել է, որ, համաձայն սահմանված ընթացակարգի, մայրաքաղաքում քաղաքաշինական խոշոր նախագծերի իրականացումից առաջ դրանք ներկայացվում են Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի համաձայնեցմանը: Ամփոփելով, Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ այսուհետ հանրային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական հարցերը Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի համաձայնեցմանը ներկայացնելիս` հաշվի կառնվի նաև խնդրի առնչությամբ հասարակական կարծիքը:

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply