ՀՀ նախագահն անհեթեթ ու վտանգավոր է համարում Ադրբեջանի` ԼՂ հակամարտությունը կրոնական լույսի ներկո ներկայացնելու փորձերը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | December 9, 2011 16:34

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեկ անգամ ևս ջերմորեն ողջունում եմ մեր բարեկամ երկրի` Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Միշել Սուլեյմանին Հայաստանում:

Հայաստանը և հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն են տածում Լիբանանի նկատմամբ: Մեզ կապում է պատմամշակութային առնչություններն ու դարավոր բարեկամությունը, պատմության ընթացքում մենք հաճախ միասին դիմակայել ենք նույն բռնակալներին, կիսել միմյանց ցավերն ու ուրախությունը: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն աջակցությունը, որին Լիբանանի հյուրընկալ հողում արժանացան նրա հազարավոր բռնագաղթված զավակները։

Ուստի պատահական չէ, որ Հայաստանի իշխանությունները մշտապես սերտ ուշադրություն են հատկացրել արաբական աշխարհի հետ համագործակցության ընդլայնմանը, իսկ Լիբանանն այդ երկրների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում մեզ համար:

Քիչ առաջ Նախագահ Սուլեյմանի հետ բանակցություններում քննարկեցինք հայ-լիբանանյան հարաբերությունների օրակարգը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև կարծիքներ փոխանակեցինք Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների վերաբերյալ:

Գոհունակությամբ փաստեցինք, որ մեր քաղաքական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, ինչի վկայությունն են ակտիվ շփումները և բարձրաստիճան փոխայցերը: Կարևորեցի Լիբանանի` որպես թե՛ տարածաշրջանում, թե՛ գլոբալ առումով Հայաստանի համար հուսալի գործընկեր հանդիսացող երկրի հետ կանոնավոր քաղաքական երկխոսության շարունակականության ապահովումը:

Իմ կողմից վերահաստատվեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու Լիբանանի հետ սերտ համագործակցության զարգացումը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-կրթական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մյուս բոլոր ասպարեզներում: Դրան են նպաստում նաև բազմաթիվ ոլորտներում մեր միջև ստորագրված շուրջ երեք տասնյակ փաստաթղթերը: Եվ այսօր այդ ցանկը համալրվեց ևս յոթ փաստաթղթերով, որոնց մեջ էական տեղ են զբաղեցնում տնտեսական համագործակցությունը կարգավորող պայմանագրերը:

Գոհունակությամբ պետք է նշել ներդրումների ուղղությամբ վերջին շրջանում գրանցված առաջընթացը: Այսօր Լիբանանը հանդիսանում է հինգերորդ ներդրողը Հայաստանում: Այդուհանդերձ դեռևս հեռու ենք մեզ բավարարող ցուցանիշերից, ուստի բանակցություններում կրկին անգամ հատուկ կարևորվեց երկկողմ առևտրի և ներդրումների խթանումը, երկու երկրների բիզնես շրջանակների միջև առավել սերտ կապերի հաստատումը: Հուսով ենք, որ այս տարվա մայիսին ստեղծված Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցացիան նոր թափ կհաղորդի առևտրատնտեսական կապերի զարգացմանը:

Փաստեցինք, որ Հայաստանը և Լիբանանը իրենց հնարավորությունների շրջանակներում մշտապես աջակցել են միմյանց միջազգային կառույցներում երկու բարեկամական երկրների համար կենսական  նշանակություն ունեցող հարցերում, և որ կշարունակենք համագործակցել նույն փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում:

Բնականաբար, անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նշեցի, որ Ադրբեջանը համառորեն փորձում է իսլամական երկրների շրջանակում հակամարտությունը ներկայացնել կրոնական հակասությունների լույսի ներքո: Կարծում եմ, հայ ժողովրդի պատմության և նաև հակամարտության պատճառներին քիչ թե շատ ծանոթ լինելու դեպքում անհնար է հավատալ նման անհեթեթությանը, այդուհանդերձ նման մոտեցումը համարում ենք խիստ վտանգավոր, քանի որ կան նաև այդ մանրամասներին անծանոթ շրջաններ և նման հակահայկական քարոզչությունը կարող է անհետևանք չանցնել: Այս հարցում ևս կարևոր է բարեկամ պետությունների անաչառ և անկողմնակալ կեցվածքը, քանզի յուրաքանչյուր անհավասարակշիռ քայլ նպաստում է տարածաշրջանային փխրուն հավասարակշռության և կայունության խախտմանը:

Հայ ժողովուրդը շնորհակալ է բարեկամ Լիբանանին խորհրդարանական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Նաև հանձինս Նախագահ Սուլեյմանի, շնորհակալություն հայտնեցի Լիբանանի կառավարությանը և քաղաքական վերնախավին ամեն տարվա ապրիլին Բեյրութում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների անցկացման գործում հայ համայնքին աջակցելու համար:

Նշեցի, որ բարձր ենք գնահատում Լիբանանում առկա եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ, ինչի արդյունքում հայ համայնքը թե՛ լիարժեք մասնակցություն է բերում Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքում, թե՛ էլ ավելի է ամրապնդում Հայրենիքի հետ ունեցած իր կապերը՝ յուրօրինակ կամուրջ և օղակ հանդիսանալով մեր երկու երկրների միջև:

Ես չափազանց լավատես եմ երկկողմ փոխշահավետ համագործակցության հեռանկարների առումով և վստահ, որ համատեղ ջանքերով առաջիկայում կարձանագրենք համագործակցության էլ ավելի խորացում և ամրապնդում` ի հարատևություն մեր ժողովուրդների բարեկամության:

Ես շնորհակալություն հայտնեցի նաև պարոն Նախագահին՝ պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետություն հրավիրելու համար: Բնականաբար, ես այդ այցը հաճույքով կկատարեմ:

 

 

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply