«Լո՞ւրջ էր «Ժառանգության» քայլը, թե՞ ոչ». Ա. Շահբազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 9, 2011 15:41

ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արտյուշա Շահբազյանն, անդրադառնալով «Անկախ»-ի հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված «Ժառանգության» կողմից ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Լարիսա Ալավերդյանի օգտին չքվեարկելը, ասաց. «Եկեք այսպես դատենք, լո՞ւրջ էր այդ քայլը, թե՞ ոչ: Նպատակն իսկապե՞ս այն էր, որ իրենք հաղթեն: Եթե նպատակը դա չէր, գոնե իրենք` որպես գործընկեր, պետք է բացատրեին, թե ի՞նչ խնդիր էր լուծում այդ առաջադրումը»,-ասաց նա` նշելով, որ իրենք չեն կարող կուրորեն գնալ մի գործընթացի հետևից` առանց հասկանալու, թե ինչ է կատարվում:

Անդրադառնալով ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Ժառանգության» առաջադրած թեկնածուի հարցին` Շահբազյանն ասաց, որ «Ժառանգությունն»իրենց ոչ միայն չի հայտնել, այլ ավելին` գաղտի է պահել թեկնածուի անունը: «Մեր գործընկերները պատասխանել էին` պատրաստվո՞ւմ եք փոխնախագահի պաշտոնում թեկնածու դնել, որ ձայն տանք, պատասխանել էին` ոչ»,-ասաց նա:

Արտյուշա Շահբազյանին դուր չէր եկել նաև առաջադրվելուց հետո Լարիսա Ալավերդյանի ելույթը: «Ի՞նչ իմաստ ուներ ելույթը տանել- հասցնել մինչև 1920 թվական, հայտարարել, որ Դաշնակցությունը Զանգեզուրից հրաժարվել էր, և Նժդեհն էր, որ փրկեց Զանգեզուրը` ի հեճուկս Դաշնակցության: Սա հակագիտական է և կեղծ: Եվ ինչո՞ւ մենք պիտի ընտրեինք մի թեկնածուի, ով վարկաբեկում  և խեղաթյուրում է մեր պատմությունը»,-ամփոփեց Շահբազյանը:

 

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply