Ընդունելություն Արցախի անկախության հանրաքվեի 20-ամյակի կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 9, 2011 13:37

Երեկ` դեկտեմբերի 7-ին, Ֆրանսիայի Ազգային Ժողովում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեի ընդունման 20-ամյակին նվիրված ընդունելություն: Հրավիրյալների թվում էին ֆրանսիացի խորհրդարանականներ, սենատորներ, լրագրողներ, մտավորականներ, հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Նշանավոր իրադարձության կապակցությամբ ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ Ռիշար Մալյեն, Ֆրանսուա Ռոշբլուանը, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը: Վերջինս նաեւ անդրադարձավ 1988 թվականի աղետալի երկրաշարժի 23-րդ տարելիցին` երախտագիտություն հայտնելով Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին ողբերգության հաղթահարման գործում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:

Պաշտոնական արարողության շրջանակներում կայացավ նաեւ «Արցախ` հայ արվեստների եւ ավանդույթների պարտեզ» պատկերազարդ գրքի շնորհանդեսը, որի հրատարակման գործում մեծ ավանդ են ներդրել Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչությունը եւ Ֆրանսիայում գործող Սատար Ղարաբաղին կազմակերպությունը:

Ինչպես իր խոսքում նշեց գրքի համահեղինակ, արվեստագետ Պատրիկ Դոնաբեդյանը, գիրքը նվեր է Արցախի հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ: «Արցախի ժողովրդի ազատության, անկախության հարցն է դրդել մեզ՝  հինգ հեղինակներիս, սկսելու եւ ավարտին հասցնելու այս գործը»,- նշեց Դոնաբեդյանը: Աշխատությունը նաեւ արտահայտությունն է արցախի ժողովրդի ստեղծարար մտքի ու ազատատենչ հոգու:

Ֆրանսերեն եւ անգլերեն երկլեզու աշխատությունն ընթերցողի առաջ բացահայտում է Արցախի պատմությունը, հնագիտական հարստությունը, ճարտարապետությունը, որը ներկայացված է բազմաքանակ եկեղեցիներով, վանքերով ու մատուռներով, խաչքարի արվեստով, ինքնատիպ ոճով ու գունային լուծումներով հարուստ ձեռագիր մատյաններով եւ վերջապես գորգագործության անկրկնելի արվեստով:

Հեղինակային կազմում ընդգրկված են ֆրանսիացի եւ ֆրանսահայ հանրահայտ համալսարանականներ, գիտնականներ, Ղարաբաղի պատմության եւ քաղաքակրթության մասնագետներ: Մեծ է նրանց ներդրումը գիրքը մասնագիտական եւ ընթերցող լայն շրջաններին հասանելի դարձնելու գործում:

 

 

 

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply