Հրամանատարին զրկել են հաշմանդամության թոշակից (տեսանյութ)

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 9, 2011 12:16

Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Արամո ջոկատի հրամանատարներից Արայիկ Մելքումյանը պատերազմի հետևանքով կոնտուզիա է ստացել։ Պատերազմից հետո միայն ծխախոտ ծխելով է մի քիչ թեթևանում անքնությունից, գլխացավերից և ուղեղում անընդհատ պտտվող պատերազմյան կադրերից, գրում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» hra.am կայքը: Հիմա նույնիսկ ծխելուց է նեղվում, որովհետև իր երկու աղջիկներն են այժմ ծխախոտ գնում իր համար:

Նախկինում ծխախոտ գնում էր հաշմանդամության 40 հազար դրամ թոշակով, բայց ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը ղարաբաղյան պատերազմի մասնակցին այս տարի հաշմանդամ չճանաչեց՝ ասելով «գնայիր բուժվեիր, ինչու՞ չես բուժվել»: 2011թ. նոյեմբեր ամսից նա հաշմանդամության թոշակ չի ստանում։

Մելքումյանը 1989թ. կամավոր մեկնել է կռվի դաշտ՝ թողնելով աշխատանքը և ընտանիքը: 1992թ. անդամագրվել է Արամո ջոկատին։ Ջոկատի հրամանատարի վիրավորվելուց հետո ստանձնել է հրամանատարի պաշտոնը:

1992թ. Ղոչազ գյուղի (Քաշաթաղի շրջան՝ նախկին Լաչինի շրջան) համար մղվող մարտի ժամանակ արկի պայթյունից Մելքումյանը ստացել է ձախ ոտքի բեկորային վերք, գլխուղեղի ցնցում, պարանոցի աջ ու ձախ կողմի պարանոցային վնասվածքներ: Ապաքինվելուց հետո նորից մեկնել է մարտի դաշտ:

ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/3297/ հաշմանդամության կարգ տրվում է, եթե առկա է հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում, որը բերում է կենսագործունեության որևէ տեսակի և որևէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության:

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի համաձայն՝ հաշմանդամության պատճառներից մեկը կարող է լինել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը:

Թեև հաշմանդամության կարգ Արայիկ Մելքումյանին վաղուց էր հասնում, նա միայն 2008թ. է դիմել պետական մարմիններին և ստացել երրորդ խմբի հաշմանդամության աստիճան: Հաշմանդամության կարգ ստանալու պատճառները պատերազմի ժամանակ ստացած կոնտուզիայի հետևանքներն են եղել:

Ամեն տարի նրան զննող նյարդաբան Կարինե Հարությունյանը 2011թ.-ին բժշկական քաղվածքի մեջ հերթական անգամ նշել է, որ հիվանդությունը Մելքումյանի մոտ կայուն մնացորդային հետևանքներ ունի, սակայն այս տարի Բժշկասոցիալական փորձաքննության ընդունող հանձնաժողովը հաշվի չի առել այդ փաստը և նրան հաշմանդամ չի ճանաչել:

«Այսինքն ստացվում է, որ ես մեկ տարվա ընթացքում կամ բուժվել եմ, կամ երեք տարի բժիշկները սխա՞լ են, հլը մի հատ էլ ասում են՝ գնայիր բուժվեիր, դուք ինձ ուղարկեցիք բուժման, ես էլ չբուժվեցի՞»,- հարցնում է պատերազմի մասնակիցը:

Մելքումյանը մի քանի անգամ գնացել է իրենց համայնքի պոլիկլինիկա, որից հետո նրան ուղեգիր են տվել դեպի ՊՆ կենտրոնական պոլիկլինիկա, որտեղ նա ամեն տարի ակնաբույժի ու նյարդաբանի մոտ ստուգումներ է անցել: Ոչ մի բժիշկ չի ուղղորդել նրան հատուկ բուժումներ ստանալ՝ մի անգամ միայն դեղեր են նշանակել տեղական պոլիկլինիկայում, որոնք ընդունելուց հետո Մելքումյանը թունավորվել է ու հայտնվել հիվանդանոցում, քանի որ ալերգիկ է դեղերի նկատմամբ:

ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայի նյարդաբան Կ. Հարությունյանը նշեց, որ իրենց մոտ դեղեր չեն տալիս։ Կան դեղեր, որոնք ալերգիկ չեն և տեղական պոլիկլինիկայում պարտավոր են նրան տալ, բայց չեն տվել:

«Նրանք ամենառաջինը պետք է «Ցերեբրոլիզին» տային, «Պիրացետամ», կաթիլային «Մեքսիդոլ», հանգստացնող նեվրոլետիկներ, «Դիազեպամ», «Պերսեն»»,- ասում է Կարինե Հարությունյանը:

«Մեքսիդոլն» ու «Ցերեբրոլիզինը» թանկ դեղեր են համարվում: Օրինակ՝ միայն 5 ամպուլա «Ցերեբրոլիզինը» արժի մոտ 20 հազար դրամ, որը, բժշկի հավաստմամբ, Մելքումյանի նման հիվանդները պետք է տարին գոնե երկու անգամ ընդունեն:
Արայիկ Մելքումյանը մեկն է, այն 1500 հաշմադամներից է, ովքեր այս տարի չեն ստացել հաշմանդամության կարգ:

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանը տեղեկացրեց, որ տարեկան 73 հազար դիմում է լինում հաշմանդամության խումբ ստանալու համար, որոնց մեջ ներառված են լինում նաև նախորդ տարիներին հաշմանդամության խմբեր ստացած մարդիկ: Այս տարի 16 հազար առաջին անգամ դիմողներից 1500-ը չի ճանաչվել հաշմանդամ։ Նախորդ տարվա հաշմանդամներից էլ 1500-ը չի ստացել հաշմանդամության կարգ, իսկ 4500 մարդու համար էլ ավելի թեթև խումբ են սահմանել:

«Ժամկետով սահմանվելու իմաստը նրանում է, որ սպասելիք կա, որ հաջորդ փորձաքննության ժամանակ հիվանդը կբուժվի: Եթե ըստ չափորոշիչների իր մոտ հիվանդության նշաններ չկան, այս տարի դա չի որոշվում, կարող է նաև հակառակը տեղի ունենա ու կարգը փոխվի»,- պարզաբանում է Մ. Վանյանը:

Նա նաև նշեց, որ իրենք փաստաթղթերով չեն ճանաչում հաշմանդամ: Ճանաչվում է հաշմանդամ, եթե իրենց փորձագետները պարզում են, որ առողջության խնդիրը բերել է կամ տեղաշարժման սահմանափակման, կամ սեփական վարքագծի հսկելու սահմանափակման:
«Կառավարությունը հստակ չափորոշիչներ է տվել մեզ. կոնտուզիան պետք է բերի հոգեկան խանգարման, նոր դառնա հաշմանդամ, ինքը պետք է բուժվեր հոգեբուժական հիվանդանոցում»,- ասում է Վանյանը:

Այն հարցին, թե ի՞նչ է նախատեսվում, եթե հաշմանդամին ոչ մի բուժում չի նշանակվում և ուղեգիր չի տրվում հոգեբուժական հիվանդանոցում բուժում ստանալու համար, Վանյանը նշեց, որ բժիշկների անբարեխղճության համար իրենք պատասխանատու չեն:

Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասինորոշման համաձայն’ անձն իր իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունի բողոքարկել փորձաքննական որոշումները, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի գործողությունը կամ անգործությունը ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով:

Օրերս Մելքումյանին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարարությունում, հնարավոր է անցկացվի ևս մեկ փորձաքննություն, որի արդյունքներից էլ արդեն պարզ կլինի՝ նա կդիմի դատարան, թե՝ ոչ:

«Ես ողորմություն չեմ խնդրում, թող ասեն, որ ես առողջ եմ ու ինձ կարգ չի հասնում, չնայած ես շատ լավ գիտեմ, որ իմ վիճակը գնալով ավելի է վատանում, երբեմն նույնիսկ մարդկանց չեմ հիշում արդեն, ում երկար տարիներ եմ ճանաչել»,- ասում է Մելքումյանը:

Հուսահատությունը և պետության անուշադրությունը՝ պատերազմը հաղթած զինվորի նկատմամբ, երբեմն տեղի են տալիս. Արայիկ Մելքումյանը վերջերս մտածում է նաև Հայաստանից հեռանալու մասին:

Հոդվածը և տեսանյութը՝ hra.am կայքի

 

 

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply