Ի՞նչ «բանդա» են ոստիկանները վնասազերծել սեպտեմբերին Երեւանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 9, 2011 12:13

Երեւանում, սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի» անդամ Գուրգեն Հայրապետյանի` Եթումի եղբոր որդիները` Արամ եւ Արտակ Հայրապետյանները, ովքեր կասկածվում են հանցախմբի հետ առնչություն ունենալու մեջ, շատ հնարավոր է, անմեղ ճանաչվեն եւ ազատ արձակվեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրանց հայրը` Աշոտ Հայրապետյանը:

Նրա խոսքով, այս պահին միայն կարող է ասել, որ ներկայումս քննարկվում է «բանդային» նրանց առնչություն ունենալու հարցը:

Ոստիկանության կողմից սեպտեմբերի 23-ին վնասազերծված եւ մի շարք պաշտոնյանների բնակարանների գողությունների մեջ մեղադրվող  բանդայի հետ առնչություններ ունենալու մեջ կասկածվող երիտասարդների ծնողները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ահազանգեցին, որ ոստիկանությունը մինչ օրս ոչ միայն չի հայտնաբերել գողոնը, այլեւ պաշտոնյանները շարունակում են տուժել ավազակային հարձակումներից: Հետեւաբար` իրենք իրենց որդիների անմեղությունն ապացուցելու համար պատրաստ են հասնել մինչեւ Եվրադատարան:

Մինչ այդ հիշեցնենք, որ «բանդայի» բացահայտումից հետո. հոկտեմբերի 3-ին կողոպտեցին Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի բնակարանը, որը գտնվում էր Բարբյուս փողոցում։ Տեխնիկական միջոցներով բացելով դռան փականը՝ գողացել էին ոսկյա զարդեր եւ փող։ Գողության պահին բնակարանում մարդ չի եղել։ Այդ գործով առայժմ ձերբակալվածներ չկան։

Մինչ այդ դարձյալ տեխնիկական միջոցների գործադրմամբ, հետնամասի դուռը բացելով՝ մուտք էին գործել «Նոյ» թաղամասի առանձնատներից մեկը, որը պատկանում է հայտնի գործարար Սասուն Առաքելյանին, ու հափշտակել ոսկյա զարդեր։ Այս գործով նույնպես ձերբակալվածներ չկան:

Իսկ դեկտեմբերի 4-ին թալանել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տեղակալ Արմեն Դանիելյանին պատկանող «Սենատոր» սուպերմարկետը, որը գտնվում է Երեւանի Էրեբունի վարչական շրջանում` Դիմիտրով փողոցում, որը դեկտեմբերի 4-ի կեսգիշերային կողոպուտից հետո փակ է: Ավելին` սեփականատերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, ոչ հերքել, ոչ հաստատել էր այս ինֆորմացիան, հայտարարելով, թե ինքը սուպերմարկետ չունի:

«Գողությունները շարունակվում են: Մեղավորները դուրսն են, անմեղները` ներսը: Չգիտեմ ինչ պատճառներով իմ ընտանիքից 3 հոգու կալանավորել են:Մեր հարգարժան նախագահից, դատախազից սկսած դիմել եմ 2 հազար ստորագրություններով, որ ընտանիքիս անդամներին ազատ արձակեն, բայց անօգուտ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Գառնիի Սուրիկի Լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը:

Հիշեցենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, սեպտեմբերի 27-ին, երկամսյա կալանքի որոշում է կայացրել հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտյուշա Հակոբյանի նկատմամբ: Ի դեպ, նույն օրը կալանքի որոշում է կայացվել նաեւ Արտյուշա Հակոբյանի կնոջ` Մարինայի նկատմամբ: Կալանքի տակ է գտնվում նաեւ Սուրիկ Հակոբյանի որդին` Անդրանիկ Հակոբյանը:

Վնասազերծված բանդայի մյուս անդամ համարվող Արման Դալլաքյանի հայրը` Ալբերտ Դալլաքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը մինչեւ Եվրադատարան բողոքարկելու է, քանի որ իր որդին բանդայի անդամ չէ:

«Ես չգիտեմ իրական բանդայի անդամներին են բռնել, թե` ոչ, բայց իմ տղան անմեղ է: Նրան արդեն Սովետաշենի հոսպիտալից դուրս են գրել եւ տարել «Նուբարաշեն» ՔԿՀ: Նույնիսկ չթողեցին, ստացիոնար բուժում անցնի:Անմեղ մարդկանց ձերբակալելով փորձում են ղեկավարությանը ցույց տան, թե գործ են կատարում: Բայց ի՞նչ իրավունք ունեն անմեղ մարդուն ձերբակալեն եւ այնքան ճնշեն, որ մեղքն իր վրա վերցնի: Մինչ Եվրադատարան պետք է բողոքեմ, որ տղայիս անմեղությունն ապացուցեմ»,- ավելացրեց Ալբերտ Դալլաքյանը:

Վերջինս նաեւ հիշեցրեց, որ իր որդին` Արմանը կալանավորվելուց հետո ինքնասպանության փորձ է արել: Մինչ այդ, ըստ նրա, մի քանի հոգով հարձակվել էին վրան, ծեծել, կողոսկրերը ջարդել, ինչի արդյունքում հաստ աղիքն ու թոքը ծակվել էին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին ուղղվածNEWS.am-ի թղթակցի հարցին, թե հավանակա՞ն է, որ ոստիկանությունը սխալ մարդկանց ձերբակալած լինի, պատասխանեց. «Քննություն է ընթանում եւ քննության ավարտից հետո նոր միայն բոլոր հարցերի պատասխանները հստակ կտրվեն: Այդ հարցերի պատասխանները միայն բոլոր քննչական փուլերի ավարտից հետո պարզ կլինի: Իսկ ներկա պահին, բնական է, որ նրանց հարազատները այդպես կասեն»:

Ավելի վաղ` NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ այսօր բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը


 

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply