Սահմռկեցուցիչ պատմություն. արժանի հատուցումը բացառվո՞ւմ է

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | December 9, 2011 12:12

Ամուսնանալուց մոտ 10 ամիս անց 20-ամյա Մարիամը վերադարձել է Հայաստան: Հայրը՝ Համազասպ Գեւորգյանը, պատմում է, որ օդանավակայանում աղջկան նույնիսկ չի ճանաչել: Նրանք դիմել են ոստիկանություն: Հոր խոսքերով՝ անխտիր բոլոր իրավապահները, որոնք տեսել են Մարիամին ու լսել նրա «ամուսնական» կյանքի սարսափելի մանրամասները, հուզվել են:

«Դատախազ Արսեն Արսենյանի աչքերը լցվել էին. քիչ էր մնում լաց լիներ: Բայց հետո… »,- պատմում է Համազասպը եւ փորձում թաքցնել սեփական արցունքները:

Երկու տարի առաջ Ռուսաստանում ապրող Հայկանուշ Միքայելյանը, այցելելով Արարատի մարզի Տափերական գյուղ, Գեւորգյաններից խնդրել է իրենց դստերը՝ 20-ամյա Մարիամին, կնության տալ իր ավագ որդուն՝ 26-ամյա Դավիթ Զիրոյանին: Հայկանուշը խոսքի մեջ պատմել է, որ որդին ամուսնալուծված է. հարսը տեսողության հետ խնդիրներ է ունեցել, ինչ-որ բորբոքման պատճառով աջ աչքը կուրացել է, եւ նա, Դավիթին չդժբախտացնելու պատճառաբանությամբ, որդուն լքել է: Գեւորգյանները վստահության խնդիր առհասարակ չեն ունեցել. Հայկանուշը նրանց միջնեկ դստեր սկեսուրի հարազատ քույրն է:

«Բացի դրանից՝ նրանք Արտաշատում տուն ունեն եւ այստեղ՝ դաշտում, փոքրիկ սուրբ են կառուցում: Մտածում էինք, որ հավատացյալ, լավ մարդիկ են»,- ասում է Համազասպ Գեւորգյանը: Ամեն ինչ շատ արագ է դասավորվել: 2009 թ. նոյեմբերի 19-ին երիտասարդները նշանվել են: Մի քանի օր անց Դավիթը, իսկ դեկտեմբերի 22-ին արդեն Մարիամն ու սկեսուրը մեկնել են Սանկտ-Պետերբուրգ:

Մարիամը՝ ամուսնությունից հետո

«Դեռ այստեղ սկեսուրս մի տեսակ հետս լարված էր: Մտածում էի՝ ոչինչ, մանավանդ Դավիթին միանալուց հետո ամեն ինչ կկարգավորվի: Բայց հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, սկսեցին ծեծել»,- պատմում է Մարիամը եւ մանրամասնում, որ ամենատարբեր պատճառներով՝ տունը դանդաղ ավլելու, «կանաչին սիրուն չդասավորելու», դուռն ուժեղ ծածկելու կամ «լեզվին տալու» համար ամուսինը սկսել է իրեն դաժանորեն հարվածել՝ ամբողջ մարմինն ու դեմքը «կապույտ լողակ» դարձնելով:

Մարիամի կրթությունը միջնակարգ է: Դպրոցն ավարտելուց հետո նա սովորել է վարսավիրություն: Պատմում է, որ Սանկտ-Պետերբուրգում, որտեղ սկեսուր-սկեսրայրի, ամուսնու ու նրա երկու եղբայրների հետ ապրել է Իսակովի 38 հասցեի 554 բնակարանում, տնից միայն առաջին օրերին է մի քանի անգամ դուրս եկել: Մի դեպքում միասին եկեղեցի են գնացել, մեկ անգամ էլ գնացել է հարեւաններից Տանյայի տուն՝ վերջինիս մազերը կտրելու:

Նրա խոսքերով, բացի ամուսնու եղբայրներից, մյուսները ծեծին մասնակցել են: «Չնայած սկեսրայրս միայն մեկ անգամ է ինձ խփել, ու սկեսուրիս հետ թեւս կոտրեցին: Իսկ Դավիթի եղբայրը, երբ նրա սենյակում էին ինձ արյունլվա անում, ասում էր՝ սրան ուրիշ տեղ տարեք, իմ սենյակից հանեք»,- պատմում է Մարիամը եւ ցույց տալիս ամուսու եւ սկեսրոջ կողմից պատառաքաղի հարվածների պատճառով ուսին մնացած սպիերը, ձեռքին ու մեջքին առկա տաք արդուկի հետքը:

Պատառաքաղի հարվածների հետքերը Արդուկի հետքը առ այսօր Մարիամի մեջքին դաջված է

«Ամեն անգամ մի պատճառ գտնում էին, ասում էին՝ դու մեզ թուղթ ու գիր ես արել: Հետո սկեսուրս սկսեց… Մի քանի անգամ կրակայրիչով, հետո արդեն թերթն էր կոլոնում ու կրծքերս վառում: Ստիպում էր, որ լեզուս հանեմ ու կրակայրիչով վառում էր: Ցավից հետ էի քաշում, գրտնակով խփում էր գլխիս, մազերս այնպես էր քաշում, որ տեղ-տեղ կաշվի հետ պլոկվում էր: Ստիպված լեզուս հանում էի, վառելուց հետո օճառը դնում էր բերանս ու ասում՝ որ լավ զգաս, թե մրմուռն ինչ ա: Բերանս պինդ փակում էր, թե հետո սապոնը կուլ կտայի… »,- պատմում է Մարիամը:

Նա նշում է, որ ամուսնության միայն առաջին կես ամիսն է ամուսնու հետ անկողնում քնել: Հետո թույլ չեն տվել անկողին մտնել: Սկզբում անկյուն են կանգնեցրել, հետո, երբ ոտքերն ուռել են, «տաբուրետկա» են դրել սենյակի անկյունում, ու ամիսներ շարունակ նստած է քնել: Լոգանք միայն սառը ջրով է ընդունել, լվացքը ձեռքով արել՝ չծեծվելու համար 2 րոպեում ավարտելու պայմանով: Հետո, երբ իր հագուստի արյան հետքերը երկրոպեանոց լվացքը չի մաքրել, ծեծ է կերել նաեւ դրա համար:

«Մի քանի անգամ թղթի վրա գրեցի՝ «օգնեցեք, ինձ այստեղ տանջում են», ու 4-րդ հարկից՝ պատուհանից ցած գցեցի: Դրա մասին էլ իմացան ու էլի ծեծեցին: Մի անգամ էլ սկեսուրս ասաց, որ իրա պլաշը (անձրեւանոցը) ծակել եմ: Ասում եմ՝ ես չեմ, էս հսկողության տակ ես ո՞նց կարայի սենյակից պլաշը վերցնել: Ծեծում էր ու ասում՝ խաբում ես: Ստիպված ասացի՝ հա, ես եմ արել, հիմա էլ ծեծում էր դիտմամբ ծակելու համար»,- հիշում է Մարիամը:

Համազասպ Գեւորգյան

«Ես զանգում էի, որ աղջկաս հետ խոսեմ, մի 10 րոպե սկեսուրը սպասեցնում էր, նոր հեռախոսը տալիս: Հարցնում եմ՝ բալա ջան, ո՞նց եք, ամուսինդ ո՞նց ա, էսի, էնի ո՞նց են: Մի հատ ինքը չէր հարցնում՝ պապա, դուք ո՞նց եք: Մենակ ասում էր՝ լավ եմ, չանհանգստանաք,- պատմում է Համազասպը:- Սկսեցի կասկածել: Հարցուփորձով, տանջվելով՝ մի կերպ Դավիթի նախկին կնոջը գտա: Գնացի իրենց տուն, մայրն ասաց՝ ձեր աղջկան հետ բերեք, մի բան արեք, փրկեք՝ քանի ուշ չէ»:

Դրանից հետո, հոր պատմելով, Հայկանուշին խնդրել է աղջկան հետ ուղարկել Հայաստան՝ պատճառաբանելով, որ մի քանի ամսվա կարոտին այլեւս չի դիմանում: Սակայն վերջինս ասել է, թե դա ամուսնու որոշելիք հարցն է: Իսկ ավտոմեխանիկ Դավիթը մերժել է՝ հընթացս բողոքելով, թե վատ ձեւով եք Մարիամին դաստիարակել. «Ու ոնց որ հիմա ես եմ տանջվում ձեր աղջկա ձեռքը, մի քիչ էլ դուք տանջվեք՝ կարոտելով»:

Մարիամն էլ ասում է, որ իրեն հիմնականում չեն տեղեկացրել հարազատների զանգերի մասին, փոխարենը ծաղրել են, թե դու տնեցիքիդ էլ պետք չես, քեզնով հետաքրքրվող չկա, «մնում է քեզ գցենք Նեւա գետը, ու մենք էլ պրծնենք»: Իսկ հազվադեպ հոր հետ խոսելիս սկեսուրը միշտ կողքին է եղել՝ ավելորդ բառի դեպքում միշտ պատրաստ հարվածելու:

«Ասում էի՝ բայց ես ի՞նչ եմ արել, խնդրում եմ՝ անձնագիրս տվեք, գնամ հետ: Սկեսուրս ասում էր՝ չէ, դու մեր ռաբն ես,- պատմում է Մարիամը,- ներվայնանում էր, որ ինքը չաղ է: Հաց ուտելուց 9 հատ բուխանկա էր դնում դեմս ու ասում՝ լրիվ կեր: Որ հետ էի տալիս, ստիպում էր հետ տվածս ուտել»: Մարիամի ներկայացմամբ՝ ամուսնությունից մոտ 10 ամիս անց՝ 2010 թ. սեպտեմբերի վերջերին, մի օր Դավիթը սենյակում քնած է եղել, իսկ սկեսրայրը՝ Լյուդվիգ Զիրոյանը, գնացել է կաթ գնելու՝ դուռը թողնելով բաց: Վերջինիս խանութ գնալուց անտեղյակ սկեսուրը մտել է սենյակ եւ զանգել Հայաստան: Առիթից օգտվելով՝ ինքը տնից փախել է:

«Դեմքս այլանդակված էր, ոտքերս՝ ուռած, ո՞ւր պիտի գնայի: Մութն ընկավ, վերադարձա շենք ու գնացի մեր հարեւան Տանյայի տուն: Խորհուրդ տվեց դիմել ոստիկանությանը: Ասացի՝ վախենում եմ, որ փողով ամեն ինչ շուռ կտան իմ դեմ, ուզում եմ Հայաստան գնալ: Հետո բարձրացա վերեւ ու նստեցի 5-րդ հարկի աստիճաններին: Սպասում էի, որ լույսը բացվի, գնամ եկեղեցի ու օգնություն խնդրեմ,- պատմում է Մարիամը:- Տանյան չէր ասել, որ իրեն ամեն ինչ պատմել եմ, այնպես ցույց տվեց, թե իբր միամիտ ինձ գտել էր աստիճաններին նստած»:

Ըստ Մարիամի՝ ամուսինը նույն օրն իրեն դանակով հարվածել է՝ փախչելու համար: Այնուհետեւ Զիրոյանները մտածել են, որ, այնուամենայնիվ, Տանյան ինչ-որ բան գիտի, մոտ երկու շաբաթ սպասել են, որ Մարիամի թարմ վնասվածքները հնարավորինս ապաքինվեն, եւ վերջինիս հոկտեմբերի 15-ին ուղարկել են Հայաստան:

Հայկանուշ Միքայելյանը (կենտրոնում)

«Մարիամը սկզբում այնքան վախեցած էր, որ ոչ մի բան չէր պատմում: Հետո, որ եղբայրս էդ վիճակից, էդ լռությունից սկսեց երեխայի պես լաց լինել, նոր աղջիկս ամեն ինչ պատմեց»,- հիշում է Համազասպը: Վերջինիս խոսքերով՝ շուտով իրենց տուն են եկել Հայկանուշի քույրերը, գումար են խոստացել, հանձն են առել հոգալ Մարիամի կոտրված քթի վիրահատության ծախսերը, միայն թե իրավապահներին չդիմեն:

«Հետո մեր տուն եկավ Դավիթի նախկին կինը՝ Մոնիկան, ու ասաց, որ ինչ-որ պատմեցի, նույն կերպ իր հետ են վարվել: Նրան, ի տարբերություն ինձ, չեն վառել, բայց հղիության ընթացքում ստիպել են երեխայից ազատվել: Հետո ասաց, որ աչքը կուրացել է նրանց խփելու պատճառով»,- շարունակում է Մարիամը:

Մոնիկան 2005 թ. ամուսնացել է Դավիթի հետ եւ վերջինիս ընտանիքի հետ Սանկտ-Պետերբուրգում ապրել շուրջ 3 տարի: «Հետքի» հետ հեռախոսազրույցում նա հրաժարվեց պատմել իր հետ կատարվածը՝ նշելով, թե միանշանակ չի կարող ասել աչքի կուրացման պատճառը, քանի որ այդ ընթացքում եւ տարբեր դեղեր է ստացել եւ սկեսրոջ ու ամուսնու կողմից զանազան առարկաներով հարվածներ՝ ուղղված հենց աչքին:

«Ես չեմ ուզում էդ մասին նորից հիշել, նորից պատմել, առանց այն էլ ամիսներով տարան-բերեցին ոստիկանություն, բայց ոչ մեկին էլ ոչ մի բան ոչ անում են, ոչ էլ կանեն,- ասաց Մոնիկան:- Որովհետեւ փողը մութ տեղն էլ ա լույս տալիս: Բայց ոչինչ, մեկ ա Աստծու մոտ ոչ մի բան չի անցնում. իրենք իրենց պատիժն Աստծուց կստանան»:

Հոկտեմբերի 25-ին Մարիամ Գեւորգյանն ու Մոնիկան ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում են տվել: Շուտով Դավիթին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր.-ի «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով, իսկ նրա մայրը հետապնդվել է նույն հանցանքը, սակայն «առանձին դաժանությամբ» կատարելու համար:

«Մի օր քննիչ Արթուր Ավետյանն ինձ ասաց, որ ընկերության շնորհիվ, այսինքն՝ իրենց ռուս գործընկերների միջոցով Դավիթին բերել են: Բայց թղթերում գրած ա, թե իբր մեղայականով ներկայացել է,- պատմում է Համազասպը:- Եղբորս հետ գնացի դատախազ Արսեն Արսենյանի մոտ: Մեկ ժամի չափ սպասեցինք, մեկ էլ մոտից մի հատ չաղ-չաղ տղա դուրս եկավ: Հետո իմացա, որ Դավիթի փաստաբանն է: Դատախազն էլ արդեն լրիվ փոխվել էր, արդեն ոնց որ իրանց պաշտպաներ»:

Առերես հարցաքննության ժամանակ, Մարիամի խոսքերով, իր նախկին ամուսինը հրաժարվել է մեղադրանքներից եւ ասել, թե ինքն ընդամենը մի քանի անգամ է կնոջը հարվածել: Նա պնդել է, որ վնասվածքների մի մասը Մարիամը մինչ ամուսնանալն է ունեցել, մյուսներն էլ ինքնավնասման հետեւանքով են առաջացել:

Քանի որ Դավիթ Զիրոյանին առաջադրված մեղադրանքը սահմանում է ոչ ավել, քան 3 տարվա ազատազրկում, քննիչի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է համաներում, եւ քրեական հետապնդումը դադարեցվել է, ինչին Դավիթը չի առարկել: Նա նույնիսկ մեկ օր անազատության մեջ չի անցկացրել:

Իսկ նրա մայրը՝ Հայկանուշ Միքայելյանը, ինչպես հայտնում է գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, «արդեն մի քանի ամիս է՝ հայտնաբերված է, հանձնման միջնորդությունը ՌԴ իրավապահների կողմից բավարարվել է, եւ գործը ներկայումս էտապավորման փուլում է»:

Ոստիկանության լրատվության վարչությունից էլ «Հետքին» հայտնեցին, որ Հայկանուշ Միքայելյանի մասով ընթանում է նախաքննություն, եւ միայն դրա ավարտից հետո կարելի է հստակ ասել, թե վերջինիս արարքները ՀՀ Քրեական օրենսգրքի որ հոդվածներին են համապատասխանում: Ինչ վերաբերում է Դավիթ Զիրոյանին թրաֆիկինգի հոդվածով չմեղադրելուն, ըստ ոստիկանության, առաջադրվել է այն մեղադրանքը, որը նախաքննության ընթացքում հիմնավորվել է:

Համազասպ Գեւորգյանն ասում է, որ այլեւս ոչ մի բանի չի հավատում: Նա հետաքրքրվում է, թե արդարությունը վերականգնելու խնդրանքով ինչպես կարող է դիմել ՌԴ ղեկավարներին:

Հ. Գ. Մոնիկայի անունը փոխված է: Իսկ Մարիամ Գեւորգյանը պնդում է, որ իր բոլոր տվյալները հրապարակվեն, «քանի որ վախենալու կամ քաշվելու պատճառ չունի» եւ պայքարելու է մինչեւ վերջ:

Առաջին լուսանկարում Մարիամն է մինչեւ ամուսնանալը

Արարատ Դավթյան

Հետք

Դիտվել է 2820 անգամ:
Print Friendly

Leave a Reply