Զբոսաշրջության ոլորտի գործատուների մեծ մասն աշխատանքի է ընդունում ծանոթի միջնորդությամբ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 18, 2009 12:18

sw2Հայաստանում զբոսաշրջության ոլորտում գործատուների 78 տոկոսն օգտագործում են «բերանացի» երաշխավորությունները` անձնակազմի նոր անդամներին աշխատանքի վերցնելու համար: Մեծ թվով գործատուներ էլ դիմում են լրագրերում տեղադրվող հայտարարությունների և աշխատանքի տեղավորման գործակալությունների օգնությանը: Ինտերնետի միջոցով դեռ շատ քիչ գործատուներ են աշխատանքի վերցնում դիմորդների:

2009թ. մարտ-մայիս ամիսներին Բրիտանական խորհուրդը  զբոսաշրջության բնագավառում իրականացրել է ուսումնասիրություն՝ բացահայտելու  հյուրանոցային հատվածում աշխատաշուկայի պահանջները:  Ուսումնասիրությունն անցկացվել է «Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակում՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի զբոսաշրջության հատվածի  գործատուների և միջին մասնագիտական հաստատությունների ուսանողների շրջանում:

Յուրաքանչյուր երկրից ներգրավվել են 50 գործատու և 100 ուսանող:

Պաշտոնական տվյալների համաձայն` վերջին տարիներին զբոսաշրջության հատվածը Հայաստանում աճել է 25 տոկոսով:

«Կառավարության կողմից տուրիզմն այսուհետ համարվել է գերակա ճյուղ, և շատ կարևոր է այս հետազոտությունն ունենալը»,- այսօր ասաց ՀՀ ԿԳ նախարարության միջին և նախնական մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը:

Ուսումնասիրության շուրջ քննարկումն իր ողջույնի խոսքով երեկ բացեց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը, իսկ «Սոցիալ-տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնի» խորհրդի անդամ Նարեկ Մելքոնյանը ներկայացրեց կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ, ըստ գործատուների, աշխատանքի համար դիմողների զգալի մասը գալիս են իրենց մոտ անհրաժեշտ հմտություններով:

Գործատուների 70%-ը հաճախորդների սպասարկումը նշել է որպես հյուրանոցային ոլորտում աշխատելու համար ամենակարևոր հմտություն: Աշխատանք աառաջարկողների  34%-ը կարծում է, որ աշխատողները պետք է կարողանան օգտվել  համակարգչից, իսկ 16%-ն ասել է, որ համակարգչային հմտություններն ամենակարևորն են:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատանքի ընդունելիս  հարցված 50 գործատուներից 40-ը պատրաստ  են աշխատանքի ընդունել միջին մասնագիտական կրթությամբ աշխատակիցների (քոլեջի շրջանավարտների), և միայն 7-ն են պահանջում բարձրագույն կրթության պարտադիր առկայություն:

Քննարկմանը ներկա մասնագետները նշեցին նաև աշխատանքի տեղավորման «կլանային» տարբերակի առանձնահատկությունները, արտաքին և անձնական հատկանիշներին տրվող կարևորությունը և աշխատատուների կողմից մասնագիտական հմտություններին հատկացվող ուշադրության պակասը:

Ըստ ուսումնասիրության արդյունքների`  անգլերեն լեզվի իմացության ամենամեծ պահանջարկն Ադրբեջանում է: Հայաստանում գործատուները նախապատվությունը տալիս են ռուսերեն լեզվին: Երեք երկրների շարքում անգլերենի իմացության ամենացածր պահանջարկը Հայաստանում է. հարցված գործատուների միայն 65 տոկոսն է պարտադիր համարում անգլերենի իմացությունը, իսկ Ադրբեջանում` հարցվածների  95, Վրաստանում` 90  տոկոսը:

«Հմտություններն աշխատանքում» ծրագիրը Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագիր է, որը կոչված է՝ խթանելու միջին մասնագիտական կրթության զարգացումը Հայաստանում և Հարավարևելյան Եվրոպայի 19 երկրներում:

Դիտվել է 1328 անգամ:
Print Friendly

Leave a Reply