53-ամյա ուսուցիչը` ուսանող

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | December 8, 2011 18:18

Մայր ու աղջիկ մոտենում են Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտին, միասին մտնում ներս, բարձրանում գլխավոր մասնաշենքի երրորդ հարկ, և ամեն մեկը մտնում է իր լսարանը: Կկարծեք` մայրը դասախոս է: Բայց ընտանիքի երկու անդամներն էլ ուսանող են, միայն մեկ տարբերությամբ` աղջիկն ընդունվելէ այստեղ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, իսկ մայրը` դպրոցն ավարտելուց քսան տարի անց:

ՎՊՄԻ-ի բանասիրական ֆակուլտետի հեռակա ուսուցման  բաժնի գործավար Սոնա Ալավերդյանը նման դեպքեր շատ գիտի: “Անցյալ տարի նույնիսկ ընտանիքով են ինստիտուտը ավարտել”,- հիշում է նա, թե ինչպես հայր, մայր ու որդի միաժամանակ ստացան իրենց դիպլոմները:

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հեռակա   ուսուցման բաժիններում քիչ չեն քսանհինգ տարեկանի  շեմն  անցած ուսանողները: Սոնա Ալավերդյանը, սակայն, ափսոսում է, որ տարեցտարի նրանց  թիվը նվազում է: Նա   ցավում  է   այն   բանի   համար, որ զրկվում է, իր  խոսքով,«իր հասակակից, պարտաճանաչ և ուսման մեջ հետևողական ուսանողներից»: «Նրանց հետ աշխատելն ավելի հեշտ է, արդյունավետ ու հաճելի»,-ասում  է  մեր  զրուցակիցը, ում   կարծիքով   ուսման մեջ տարիքը ոչ մի դեր չի խաղում: «Շատ նորմալ եմ վերաբերվում մեծահասակների կրթված լինելու ձգտմանը: Век живи, век учись»,-ժպտալով ավելացնում է նա:

Ինչպես  ցույց   է   տալիս    վիճակագրությունը, ՎՊՄԻ    մեծ տարիքում կրկին սովորելու են գալիս երկրորդ մասնագիտություն ստանալու համար, կամ էլ տեխնիկում ավարտած, տարբեր գյուղերի բնակիչներ, ովքեր աշխատանք ունեն, սակայն ցանկանում են լիարժեք գիտելիքներ ձեռք բերել: Ուսանողներ կան, ովքեր արդեն իսկ ուսուցչի կոչում  և մանկավարժական փորձ ունենալով` իրենց երիտասարդ համալսարանակիցներից ավելի լավ են սովորում, ավելի լուրջ են վերաբերվում դասերի հաճախելիությանը և իրենց տարիքը չեն շահագործում: “Սովորողը սովորում է, անկախ տարիքից,- կարծում է Սոնա Ալավերդյանը,-Նրանք բնավ չեն ամաչում այդ տարիքում դասերի հաճախել, հանձնարարություններ կատարել”:

Ըստ մեր կատարած ուսումնասիրությունների`այս տարվա կտրվածքով բանասիրական ֆակուլտետի հեռակա բաժնի ուսանողների մեջ քսանհինգից բարձր տարիք ունեցողները կազմում են տասներեք տոկոս: Եվ այդ ուսանողները հիմնականում   սովորում են անգլիական, հայկական և լրագրության բաժիններում: Այլ պատկեր է տիրում պատմաաշխարհագրական ֆակուլտետում` ի տարբերություն բանասիրականի այստեղ մեծահասակ ուսանողները փոքրամասնություն չեն և կազմում են ավելի քան երեսուն տոկոս: Նրանք էլ սովորում են պատմության, աշխարհագրության և իրավագիտության բաժիններում:

Այս տարի հեռակա բաժնի ուսանողների թիվը համալրվել   է 53-ամյա Կարինե Նիկողոսյանով: Կարինեն Վայոց ձորի Հերհեր գյուղից է: Նա  մեզ  հետ  զրույցում   պնդեց, որ   անհամբերությամբ   է   սպասում    2012թ.հունվար   ամսին, երբ   կսկսվեն    դասերը:

Փոքր-ինչ զարմանալի է, իհարկե, որ նա հանրապետության հարավային հատվածից գալու է հյուսիս` կրթություն ստանալու նպատակով: Սակայն առաջին կուրսի ուսանողուհին   դրան    հանգիստ   է   նայում: “Վանաձորն ինձ համար շատ հարազատ քաղաք է, հուշեր կան կապված նրա հետ, բացի այդ էլ, տղաս այդտեղ է ծառայել”: Սրա հետ միասին ՎՊՄԻ-ի գործունեության մասին դրական կարծիքներ շատ է լսել:Իր համագյուղացիներից շատերն են այստեղ սովորել և տարածել ինստիտուտի բարի համբավը: Կարինեն մինչ այս ավարտել էր միայն միջնակարգ դպրոց, սակայն դա նրան չէր խանգարում աշխատելու իր գյուղի դպրոցում, որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի:

Զրուցակիցս   հայտնում    է, որ   իր   այս քայլից ամենից շատ ոգևորվել էր ամուսինը: Չնայած որդին ու հարսը նույնպես,պակաս ուրախ չէին մոր նոր կարգավիճակից: Ուսանող ուսուցչուհու ինստիտուտ դիմելը մեծ գովասանքի է արժանացել նաև նրա կոլեգաների և աշակերտների կողմից: “Ես կանոնավոր հաճախելու եմ դասերիս, հեռավորությունը ոչինչ չի փոխում”,- նշում է Կարինեն:

 

Քրիստինե Տեր-Մաթևոսյան

 

 

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply