Նախագահի դրոշից մինչև մշակութային կրթություն

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | December 8, 2011 17:55

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստ, որի օրակարգում  քննարկվեց երեք  առաջարկություն` պետական խորհրդանշանների շարքում ունենալ նաև ՀՀ նախագահի դրոշ, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ստեղծել «Հայաստանի պատմության և մշակույթի գիտահետազոտական կենտրոն» և հիմնադրել «Մշակույթի միջնակարգ դպրոց»:

Ի՞նչ զինանշանով և ի՞նչ գույներով պետք է լինի նախագահի դրոշը

Առաջին` ՀՀ նախագահի դրոշ ունենալու առաջարկը  Հանրային խորհրդի անդամ, մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանինն էր:

Թե՛ նրա, թե՛ հիմնական զեկուցողի փաստարկները որևէ առարկության  չհանդիպեցին: Պարզվեց, որ նախագահական դրոշ ունեն Հունաստանը, Իսլանդիան, Իռլանդիան, ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Ռուսաստանը, մերձբալթյան երկրները, Ուկրաինան, Ֆրանսիան, Թուրքիան, Վրաստանը և շատ այլ երկրներ: Դրոշի այս տեսակն օգտագործվում է քաղաքացիական, ռազմական արարողությունների ժամանակ և տեղադրվում է այն ավտոմեքենաների, նավերի, ինքնաթիռների վրա, որոնցով ուղևորվում է նախագահը: Դրոշը նաև բարձրացվում է մարզերի, քաղաքների այն վարչական շենքի վրա, որտեղ երկրի ղեկավարը մասնակցում է պաշտոնական միջոցառումների կամ ունենում է աշխատանքային շրջայց:

Երբ տվյալ երկրի նախագահն իր նստավայրում է, ապա շենքի վրա ծածանվում է երկու դրոշ` պետական և նախագահական, իսկ երբ ղեկավարը տեղափոխվում է մեկ այլ աթոռանիստ (կամ մեկնում է այլ երկիր), նախագահի նստավայրում մնում է միայն պետական դրոշը:

«Չմոռանանք, որ արտերկրում երկու անգամ ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում, և մեր երկրի նախագահը պետք է լինի ոչ միայն Հայաստանի, այլև համայն հայության նախագահը: Այս պարագայում եթե նախագահը ոչ պետական պաշտոնական այց է կատարում այլ երկրներ, ինչը տեղի ունեցավ, օրինակ, Հայաստան-Թուրքիա սահմանի բացման քննարկման ընթացքում, անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը ունենա նախագահական դրոշ` իրեն արժանի հարգ ու պատիվ ապահովելու համար»,- մասնավորապես նշեց առաջարկի հեղինակը:

Այն, որ նախագահը կաարող է դրոշ ունենալ, որևէ մեկի մեջ կասկած չառաջացրեց: Սակայն ի՞նչ զինանշան պետք է լինի այդ դրոշին, և ի՞նչ գույներ պետք է ունենա. այս հարցն էր, որ լուրջ մտորումների առիթ  դարձավ:

Բանն այն է, որ նախագահական դրոշը կամ շտանդարտը նույն պետական դրոշն է` ավելի փոքր չափսի, և տարբերությունն այն է, որ վրան պատկերվում է երկրի զինանշանը: Սակայն պարզվում է, որ մինչ օրս կանոնակարգված չեն պետական դրոշի գույները, հատկապես նարնջագույնը կամ ծիրանագույնը: Ով  որտեղ և ինչպես  ուզում է կամ պատկերացնում է, պատրաստում է դրոշը, և ստացվում է, որ այսօր ունենք պետական դրոշի բազմաթիվ տարատեսակներ: Բայց դեռ սա չէ, որ սարսափելի է: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ճանաչողական ելույթից հետո հայտնի դարձավ (նա երկար ժամանակ զբաղվել է այս հարցի խոր ուսումնասիրությամբ), որ մեր զինանշանը շատ քիչ աղերսներ ունի Թամանյանի ու Կոջոյանի հեղինակած էսքիզի հետ: Այն բոլոր աղավաղումները, որ մատնանշեց նա ու մեկնաբանեց, հանգեցրին այն տխուր եզրակացության, որ դրանք պատահական չեն և տանում են լուրջ մտորումների` կապված ազգային անվտանգության նուրբ խնդիրների հետ: Առաջարկություն եղավ շտապ առանձին հանձնաժողով ստեղծել, մանրամասն քննարկել այս հարցը և հանրությանը ներկայացնել իրավիճակը:

Իսկ ինչի՞ համար են հանրապետության բազմաթիվ գիտահետազոտական հաստատությունները

Երկրորդ առաջարկը, որի հեղինակներին էին Պավել Ավետիսյանը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն), Արա Գևորգյանը և Հրանուշ Խառատյանը (նույն հաստատության գիտաշխատողներ), նույնպես հավանության արժանացավ, քանի որ առավել քան համոզիչ էր ժամանակակից տեխնիկական միջոցներով ու ծրագրերով զինված տեղեկատվական կենտրոնի անհրաժեշտության հիմնավորումը: «Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների անցկացումը քաղաքական բաղադրիչից զատ պահանջում է նաև հիմնավոր պատմա- և մշակութաբանական ապահովում: Այստեղ անհրաժեշտ է ցուցաբերել բարձր գիտական մակարդակ, այնքան բարձր, որ ցանկացած կեղծարարություն մերժվի արդեն գիտության չափանիշներին չհամապատասխանելու հիմունքով: Այսպիսի ոճը պահանջում է լուրջ մասնագիտական որակավորում և խիստ հիմնավոր, անսխալական փաստագրական բազա: Փաստագրական նյութից բացի անհրաժեշտ է ստեղծել տեսությունների, վարկածների և գաղափարների շտեմարան: Այսօր մեր հետազոտողներից յուրաքանչյուրն ինքնուրույն է փնտրում այդ շտեմարանները, ինչը թե՛ խիստ ժամանակատար է, թե՛ «փոշիացնում» է ջանքերը` նվազ արդյունավետ դարձնելով աշխատանքը»,- նշված էր առաջարկի հիմնավորման մեջ:

Ներկաներին, սակայն, մեղմ ասած, զարմացրեց այն հանգամանքը, որ տվյալ պետական ու քաղաքական կարևոր նշանակության խնդրի լուծման բանալին առաջարկի հեղինակները համարում են ոչ թե պետական, բարձր կարգավիճակ ունեցող, այլ մասնավոր հասատությունը: Սա էր, որ բուռն բանավեճի շարժառիթ դարձավ: Եվ հեղինակների փաստարկներից մեկն այն էր, որ «պետական հիմնարկը չի կարող բարձր աշխատավարձ ապահովել ՏՏ բարձր մակարդակի պրոֆեսիոնալների համար (ինչը նշանակում է, որ առաջնակարգ մասնագետների փոխարեն կկարողանա ներգրավել միայն սկսնակներին)», բացի այդ, «մասնավոր հիմնարկները պետականներից ավելի դինամիկ են»:

Ահա կամա թե ակամա նախագծի հեղինակները ստիպված էին բարձրաձայնել այն, ինչի մասին 20 տարի շարունակ շշուկով խոսվում է տարբեր անկյուններում. ամսական 50 հազար դրամ ստացող գիտաշխատողը երբեք չի կարող բեղմնավոր լինել, լիակատար ինքնաիրացվել և արդի գիտությանը նպաստ բերել: Եվ ստացվում է, որ տասնյակ գիտական հաստատությունները պահում ենք ձևի համար, որ մարդիկ աշխատեն ձևականորեն ու օրվա ապրուստը հայթայթեն այլ հաստատությունների ծրագրերում ընդգրկվելով ու մեծ հաշվով գիտության մասին մոռանալով: Ու եթե ուզում ենք լուրջ պետական կարևորության հարց լուծել, ապա պիտի մասնավոր հաստատություն ստեղծենք:

Նիստի ավարտին ակնհայտ դարձավ, որ թե՛ այս, թե երրորդ` մշակութային միջնակարգ կրթության հարցը առավել քան ցավոտ խնդիրներ են, ուստի կշարունակեն քննարկվել նաև հետագա նիստերում:

 

Դիտվել է 1290 անգամ:
Print Friendly

Leave a Reply