Թողարկվել է փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց, գրող Գ.Ի.Գյուրջիևի երաժշտությունը ներկայացնող ձայնասկավառակը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | December 9, 2011 16:00

Հայազգի փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց, գրող Գ.Ի.Գյուրջիևի երաժշտությունը ժողովրդական գործիքներով ներկայացնող այս ձայնասկավառակը թողարկվել է 2011թվականի հուլիսին, ամբողջ աշխարհում մեծ հեղինակություն վայելող գերմանական  ECM Records-ի կողմից:

Այս ընկերությունը աշխարհին է ներկայացրել այսօրվա մեծանուն երաժիշտներից շատերին, ինչպիսիք են Արվո Պիարտը, Քեյթ Ջարեթթը,Գիդոն Կրեմերը, Չիկ Կորեան, Տիգրան Մանսուրյանը, Քիմ Քաշքաշյանը և այլոք:

Գուրջիևյան այս մեղեդիները` նրա աշակերտ Թոմաս Դե Հարթմանի դաշնամուրի համար կատարած գրառումներից ժողովրդական գործիքների համար մշակել է Լևոն Իսկենյանը։ Ինչպես ինքն է ասում՝ «հաշվի են առնվել յուրաքանչյուր գործի էթնիկ պատկանելությունը և դրան կապված ձայնային բնաշխարհը, երաժշտական լեզուն ու կատարման ավանդույթները: Արվել է հնարավորն ազգագրական առումով ճշգրիտ մշակումներ կատարելու համար»։ Արդյունքի մասին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ասում է. «Այս գործիքավորման մեջ ինձ գրավեց ծայրահեղ բծախնդիր, մաքուր վերաբերմունքը` առանց ավելորդ «խելոքությունների», «կոմպոզիտորությունների» … ներկայացնելով ճշգրիտ այն Գյուրջիևին, որը իր մեջ կրում է նաև Գյումրու միջավայրին, վարք ու բարքին, հոգեբանությանը բնորոշ տարրեր»:

Գյուրջիևյան մեղեդիները նվագում է 2008 թ. Լևոն Իսկենյանի կողմից հիմնված Գուրջիևի անվան ժող. նվագարանների համույթը, որի կազմում նվագում են Հայաստանի մի շարք լավագույն երիտասարդ երաժիշտներ։

Ձայնասկավառակն արժանացել է ջերմ ընդունելության ամբողջ աշխարհում և միջազգային մամուլի հեղինակավոր անունների (ինչպես օրինակ BBC Music Magazine,The Guardian, The Financial times, The Independent, USA National public Radio NPR Music, Mitteldeutsche Zeitung,L’Unita,LA LIBERTլ,The Wire) չափազանց բարձր գնահատականին։ Բրիտանական Songlines magazine□ն այն ընդգրկել է աշխարհի 10 լավագույն CD ալբոմների շարքում, Ավստրալիայի պետական ռադիոն սեպտեմբերին այն ճանաչել է շաբաթվա լավագույն ալբոմ։

Գ. Ի. Գյուրջիևը ծնունդով գյումրեցի է, Ավետիք Իսահակյանի, Մերկուրովի ժամանակակիցը։ Գյուրջիևը XX դարի աշխարհում ամենահայտնի փիլիսոփաներից է: Նա առաջիններից էր, որը Արևելքի մշակույթը ներկայացրեց Արևմուտքին, ինչն էլ մեծ ազդեցություն թողեց Փիթեր Բրուքի, Քեյթ Ջարրեթի, Բեռնարդ Շոուի, Քեթրին Մենսֆիլդի նման մտավորականների վրա։ Տարիների ընթացքում Գուրջիևի գաղափարները լայն ճանաչում են գտել աշխարհում շնորհիվ նրա ինստիտուտների, որոնք մինչև այսօր գոյություն ունեն աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Իսկ նրա երաժշտությունն աշխարհին հայտնի դարձավ Թոմաս դե Հարթմանի կողմից գրառված դաշնամուրային վերարտադրմամբ:

Այս ծրագիրը Գյուրջիևի ստեղծագործությունները վերադարձնում է իր ակունքներին: Իզուր չէ, որ մամուլի ներկայացուցիչներից շատերն այս նախագիծը բնորոշեցին հետևյալ կերպ. «Գուրջիևի վերադարձը հայրենիք»:

 

Դիտվել է 1835 անգամ:
Print Friendly

Leave a Reply