Քանակ` որակի հաշվին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 12, 2011 15:38

Երեկ լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 23-րդ տարին, որի առիթով կրկին վիճակագրական  թվեր հրապարակվեցին, թե այդ ողբերգության հետևանքով դեռ քանի անօթևան մարդ կա մեր երկում: Դասեր չքաղեցինք այդ ահավոր ողբերգությունից, ու եթե առաջիկայում կտրուկ միջոցներ չձեռնարկվեն, նույն կոտրած տաշտակի առջև այս անգամ կհայտնվեն  Շահումյանից ու Բաքվից մազապուրծ հարյուրավոր մարդիկ, ովքեր մինչ 2003 թ. ապրում էին Սիլիկյան թաղամասի վագոն-տնակներում:

2003 թ., Նորվեգիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, մեր շինարարների ուժերով նույն  թաղամասում 66 առանձնատուն (քոթեջ) կառուցվեց: Երկու տարի անց` ևս 66-ը :  Այդպիսով` Սիլիկյան թաղամասում ծնունդ առավ 115 քոթեջանոց նորվեգական նոր թաղամասը, որի 300 ընտանիքներից շատերը կարճ ժամանակ անց կրկին մի նոր խնդրի բախվեցին: Մեկ քոթեջը երկու ընտանիքի համար էր նախատեսված: Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց այդ ուրախությունն ու ոգևորությունը, բնակիչների հավաստմամբ, շատ կարճ տևեցին, որովհետև կամաց-կամաց ի հայտ եկավ ավանը կառուցող շինարարի «ուրույն ձեռագիրը»:

Գանձակեցի (կիրովաբադցի) Մարինա Բայանդուրյանը Հայաստան է եկել 1988 թ., իսկ շահումյանցի ամուսինը` 1992-ին: 5 անձից բաղկացած նրա ընտանիքն արդեն 6 տարի է, ինչ ապրում է այդ թաղամասի թիվ 24 երկհարկանի քոթեջ-տնակում: Բնակությունից վեց ամիս անց արդեն նրանց 61 քմ կացարանը հայտնվեց վթարային վիճակում: Սկզբում պատերը  ճաքեցին ու քանդվեցին, որից հետո հատակը թեքվեց:«Տան հատակը փախչում էր, խոհանոցի բետոնը ջարդվել էր և մեկ մետրի չափով փոս էր բացվել: Թեև խոհանոցում ստեղծված իրավիճակը շտկեցինք, վերանորոգեցինք, բայց հյուրասենյակի և լոգարանի միջնապատը, կարելի է ասել, չկա, քանդված է: Հույս չկա, որ հիմնական պատերը տեղում կմնան, քանի որ տունն աստիճանաբար թեքվում է, որի հետևանքով հոսանքալարեր են կտրվել»,- պատմում է Մարինան, որի երեքսենյականոց բնակարանի երկու սենյակում հոսանք չկա: Առաջին թաղամասի 66 քոթեջներից 30-ում, եթե ոչ ավելի, այդ խնդիրը կա: «Միայն մեկհարկանի քոթեջներն են, որ այդպիսի խնդիր չունեն»,- վստահեցրեց Մարինան:

Այդպիսի խնդիր ասելով` Մարինան հավանաբար  նկատի ունի տան թեքվելը, քանի որ եղա մեկհարկանի քոթեջում ապրող Վեհանուշ Սիմոնյանի տանը, պատկերը գրեթե նույն էր` ճաքճքած պատեր ու առաստաղ: Այնուհանդերձ խնդիրն առավել լուրջ ու վտանգավոր է հատկապես երկհարկանի քոթեջների բնակիչների համար, որոնց միջնապատերը քանդվում են, որովհետև տունը թեքվում է: «Մի օր երևի ամբողջությամբ կքանդվի, ու մենք կա՛մ տակը կմնանք, կա՛մ էլ բախտներս կբերի` կփրկվենք»,- ասում է Մարինան ու  հարևան Գայանե Սարգսյանի տան նույն կարգավիճակը հիշեցնում, որի 15 սմ փլված միջնապատում սեպի նման փայտ են դրել, որպեսզի պատը օդում գոնե պահեն: Իսկ զոհվածի այրի Ժաննայի հյուրասենյակի և լոգարանի միջնապատն այն աստիճան է քանդվել, որ լոգարանում հայտնված մարդուն չտեսնելու համար պոլիէթիլենային թաղանթ են կախել: Նույն պատկերն է նաև թիվ 23 քոթեջում, միջնապատը ճաքած, տունը թեքված` տան հիմնական պատը` օդի մեջ  մնացած:

Թաղամասի բնակիչներն այն փախստականներն են, որոնք, իրենց իսկ բնորոշմամբ, մահվան ճիրաններից փախել են միայն խալաթներով, տնային հագուստներով: Նույնիսկ մեկ գդալ իրենց հետ չեն բերել: Ուրախացել են, որ տարիներ անց գոնե տանիք ունեցան, բայց վերջնարդյունքում կրկին կոտրած տաշտակի առջև հայտնվեցին: Հիմա չգիտեն` լա՞ն, թե՞ ուրախանան, որովհետև հիմա էլ մի նոր աղետ է պատուհասել: «Տեսնո՞ւմ եք, միջնապատը երկաթյա խողովակով ամրացրել ենք հիմնական պատին, որը նույնպես ճաքեր ունի, որպեսզի չքանդվի, ու երեք երեխաներս փլատակների տակ չմնան: Թե որքան այն կդիմանա, չգիտեմ»,- տարակուսում է Մարինան ու հավելում, որ թեև ապրելու տուն չէ, բայց ի վիճակի չեն ո՛չ նորը գնելու, ո՛չ էլ այլ տեղ տեղափոխվելու:

Աշնան բերան` 6 ամսում արագ-արագ 66 տուն կառուցեցին: Ճիշտ է, սկզբում բնակիչները շատ էին ուրախացել, որ վերջապես հուսալի տանիք ունեցան, որ  շահումյանցի բոլոր ծանոթ-բարեկամները, ի վերջո, մի վայրում հավաքվեցին, ասես իրենց Շահումյանը լինի, այդ իսկ պատճառով ոչ միայն չմտաբերեցին, որ «շտապողի մերը տղա չի բերում», ու ժամանակին  չբռնեցին շինարարի կոկորդը, այլև լռելյայն հանդուրժեցին, կուլ տվեցին նրա`«ձեր սեփական տունն է, դուք էլ վերացրեք թերությունները»  հոխորտանքը, երբ առաջին ու վերջին անգամ նրա հետ հանդիպելու «առիթ» ունեցան: Շտապողականության արդյունքը հիմա են գիտակցում: Երևի թե այդպես պիտի լիներ: Եթե թեթև խնդիր լիներ, հայ մարդն, անշուշտ, անաղմուկ իր տան պատը կնորոգեր, ճեղքը կփակեր, բայց  երբ խոսքը տան թեքվելուն է վերաբերում, ապա ո՛չ գիտնական, ո՛չ էլ լավ շինարար պիտի լինես, որ հասկանաս` տունը հիմքից է խախուտ և առավել լուրջ մոտեցում է պահանջում: Իսկ թե ո՞րն է գլխավոր պատճառը, բնակիչները երկու մտավախություն ունեն` անորակ շինարարություն կամ սահող հող:

Երկրորդ տարբերակը ինձ հետ ունեցած հեռախոսազրույցում  բացառեց թաղային լիազոր, Սիլիկյան թաղամասի բնակիչ Վարդգես Պետրոսյանը, որովհետև ողջ Սիլիկյան թաղամասում նման գոնե մի նախադեպ չունեն: Փոխարենը հիշեցրեց, որ տուն կառուցելու մեր ավանդական մեթոդին (հիմք փորել ու ցեմենտ-բետոն լցնել),  փոխարինելու եկավ երկաթյա խողովակն ու երկաթա ամրանը, որոնցով էլ գցվեցին այդ տների հիմքերը: Դժվար չէ կռահել, որ խնդիրը ոչ այնքան մեթոդին, որքան որակին է վերաբերում: Շինարարի լեզվով ասած` տները «սպայ» մեթոդով կառուցվեցին: Հետո՞ ինչ, մի՞թե դա արդարացում է: Աղետի գոտին էլ ավանդական մեթոդով էր կառուցվել:

Ինչո՞ւ այդպես եղավ. այս հարցի պատասխանը ուզում էի  ավանը կառուցող շինարարից ստանալ, սակայն կառավարություն, քաղաքաշինության նախարարություն և քաղաքապետարան եռանկյունում գլխավոր մեղավորի հետքը գտնելու փնտրտուքս, ցավոք, ապարդյուն էր: Բայց հավատացած եմ, որ տարիների վաղեմություն ունեցող, բայց առաջին անգամ բարձրաձայնվող այս խնդիրն, այնուամենայնիվ, անարձագանք չի մնա: Կառավարության ցանկության դեպքում շինարարին գտնելն ու ստեղծված իրավիճակը շտկելը խնդիր չէ: Հակառակ դեպքում անօթևանների թիվը կրկին կավելանա: Եթե նախկինում վագոն-տնակները կային, հիմա դա էլ չկա:

Այսուհանդերձ զարմանալի էր բնակիչների լավատեսությունը: Շնորհակալ մարդիկ են, մինչ օրս երախտապարտ են նորվեգացիներին, թեև  ոռոգման ջրի բացակայության խնդիր էլ ունեն: Հարևանությամբ ջրատար կա, բայց չեն օգտվում և իրենց այգիները խմելու ջրով են ոռոգում:

Թաղամասի յուրաքանչյուր բնակիչ քայլող պատմություն է, Շահումյանի գաղթի ու ցավի պատմություն: Ուստի, օգտվելով առիթից, թերթենք այդ պատմության ևս մի դրվագ: Նելլին, որն այն օրերին 13 տարեկան էր,  այսօվա պես հիշում է  հունիսի 13-ի չարաբաստիկ առավոտը, երբ ինքնաթիռները ռումբեր նետեցին շտաբի վրա, որն իրենց տան մոտ էր: «Մինչև վերջին պահը մենք մեր տներից դուրս չենք եկել, բայց այդ օրը դպրոցի նկուղ տեղափոխվեցինք: Ժամը12-ից հետո ասացին, որ պետք է Գյուլիստան տեղափոխվենք, որտեղ էլ գիշերեցինք:Հաջորդ օրը  Ինջի գետով դեպի Նապատ շարժվեցինք: Իսկ կեսօրին արդեն Շահումյանը հանձնված էր: Նապատից ոտքով Տոնաշեն,Մաղավուզ, Մատաղիս, Ումուդլու, Հաթերք, Ստեփանակերտ հասանք: Հետո Լաչին, Տեղ գյուղ: Այստեղից արդեն ավտոբուսներով տարբեր վայրեր տեղափոխեցին: Տատիկիս քույրը` Դանիելյան Արշալույսը, որ տարիքով կին էր, չկարողացավ ճանապարհը շարունակել, այդպես էլ մնաց անտառում…»:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply