Անկանխատեսելի իրավիճակ
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | December 11, 2011 15:35
Ամեն տարվա վերջին Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան որոշում է մեր երկրի 10 լավագույն մարզիկներին: Ընդ որում, ամեն բան կատարվում է մարզական թեմաներով գրող լրագրողների շրջանում կատարված հարցման միջոցով: Յուրաքանչյուրը ներկայացնում է իր տարբերակը: Այն մարզիկը, որի անունը ցուցակում առաջինն է, ստանում է 10 միավոր, երկրորդը` 9 միավոր, և այդպես շարունակ: Վերջում ընդհանուր հաշվարկ է կատարվում, և ամենից շատ միավորներ հավաքած մարզիկը ճանաչվում է լավագույն: Թվում է, թե ամեն բան պարզ է, սակայն, երբ հրապարակվում են արդյունքները, միշտ էլ տարաբնույթ խոսակցություններն անպակաս են: Իսկ դժգոհությունները հիմնականում այն մասին են, թե ինչու այս կամ այն մարզիկի անունը տեղ չի գտել լավագույնների ցուցակում:
Ընդ որում, հնարավոր են, որ ակնհայտ շեղումներ արձանագրվեն, այսինքն` համեմատաբար քիչ արժանիքներ ունեցող մարզիկները շրջանցեն ավելի արժանավորներին: Դրա հիմնական պատճառն այն է, որ գործնականում քվեարկել թույլատրվում է նրանց, ովքեր մարզական թեմաներ են շոշափում: Երբեմն հարցաթերթիկ են լրացնում մարդիկ, ովքեր մարզաբազաների տեղն անգամ չգիտեն: Կամ էլ կան լրագրողներ, ովքեր հիմնականում ֆուտբոլային անցուդարձին են հետևում, այն էլ` միջազգային, և «բալելշչիկական» սկզբունքներով առաջնորդվելով` առաջին հերթին ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կազմում իրենց լավ դրսևորած մարզիկներին են ընդգրկում լավագույնների իրենց տարբերակներում: Դա այն դեպքում, երբ ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է և մեկի կամ երկուսի հաջողությունը շատ բանով պայմանավորված է թիմակիցների գործողություններից: Այսինքն` կարևորվում է թիմային արդյունքը: Ի դեպ, հարցման արդյունքով որոշվում է նաև Հայաստանի լավագույն թիմը:
Ինչևէ, Հայաստանի լավագույն մարզիկին որոշելուց առաջ մարզական լրագրողների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ որոշվել է քվեարկելիս որևէ սահմանափակում չկիրառել: Այդուհանդերձ, որպես չափորոշիչ նախընտրելի է համարվել, որ նախապատվությունը տրվի օլիմպիական, մեր երկրի դրոշի ներքո հանդես եկող մարզիկների շրջանում մասսայականություն վայելող մարզաձևերի ներկայացուցիչներին: Այնպես որ հնարավոր է, որ քվեաթերթիկներում լինեն ոչ միայն անհատական մրցումներում աչքի ընկնողների, այլև ֆուտբոլիստների, նույնիսկ տարբեր մարզաձևերի պրոֆեսիոնալների անուններ:
Ի դեպ, Հայաստանի ներկայացուցիչները Եվրոպայի, աշխարհի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում 2011-ին արդեն տիրացել են 132 մեդալի: Դա զգալիորեն քիչ է նախորդ տարվա ցուցանիշից, այդուհանդերձ, ընտրելու մեծ հնարավորություն կա: Իսկ արդյունքները նախապես կանխագուշակելն անշնորհակալ գործ է:






Facebook
Tweet This
Email This Post
