«Զգուշացիր» ավտոմեքենայից

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 10, 2011 7:00

Ավտոմեքենաները ներկայումս մեր կենցաղի անբաժան մասն են: Դրանց տարբեր նպատակներով գրեթե բոլորն են առնչվում: Ավելի համարձակները նախընտրում են ավտոմոբիլային սպորտի տարբեր մրցաձևերը: Ավտոմեքենայի ընտրության, նախասիրությունների հետ կապված` առաջանում են նաև բազմաթիվ հիմնախնդիրներ: Դրանք հնարավորինս փորձում է կարգավորել Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, որի նախագահն է սպորտի վարպետ Մկրտիչ Փիլթոյանը: Նրան խնդրեցինք, նախ պարզաբանել, թե ինչու է կազմակերպությունը փոխել իր անունը:

– Սկզբում կոչվում էր Հայաստանի ավտոմոբիլային սպորտի, ապա ավտոմոբիլային սպորտի և տուրիզմի ֆեդերացիա, իսկ այժմ` պարզապես ավտոմոբիլային ֆեդերացիա: Այսինքն` ներառնվում է ոչ միայն մարզական, այլ ավելի ընդգրկուն ոլորտ:

Սպորտը երկրորդ պլա՞ն է մղվել:

– Ամենևին, միայն 2011-ին  մարզական 11 միջացառում է կազմակերպվել: Ընդ որում, նկատի ունենք ներհայաստանյան առաջնությունները: Իսկ  մրցումների ընդհանուր թիվն ավելի մեծ է, քանի որ ավտոսպորտի տարբեր ակումբներն իրենց հերթին մեկնարկներ են կազմակերպել: Ի դեպ, ֆեդերացիան տարբեր կարգի մրցումներ է անցկացրել: Մի քանի տարի շարունակ, հիմնականում ավտոպարկի հնացած լինելու պատճառով, լեռնային տեղանքում ավտոմրցավազքի Հայաստանի  առաջնություն չէր կազմակերպվել, և 2011-ին վերջապես կազմակերպվեց:  Մասնակիցներն ուժերը չափեցին  երեք մրցափուլերում: Առաջին և երրորդ փուլերը կայացան Բյուրականում, իսկ   երկրորդ փուլը` Զառ գյուղում: Հաղթող ճանաչվեց մեր փորձառու ավտոարշավորդ Վարո Հակոբյանը` «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով: Հինգ մրցափուլով կայացավ դրագ ռեսինգի` փողոցային ավտոմրցավազքի Հայաստանի անդրանիկ առաջնությունը:

Իսկ ինչո՞ւ այն նախկինում ոչ մի անգամ չի կազմակերպվել:

– Իրականում ավտոարշավորդների  փողոցային մրցումներ աշխարհում պարբերաբար կազմակերպվում են 1930-ական թվականներից: Իսկ ավելի վաղ` 1920-ական թվականներից արդեն  մեկնարկներ անցկացվել են: Դրանք մեծ տարածում են ունեցել հատկապես ԱՄՆ-ում: Այսպիսի մրցումներում ուժերը չափելու վարակը հետագայում տարածում է գտել նաև եվրոպական երկրների մեծ մասում: Եվ ահա  2010-ին Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի համաժողովում այդ հարցը քննարկվել է, և որոշում է կայացվել այս մրցաձևը դարձնել պաշտոնական, կազմակերպել միջազգային խոշորամասշտաբ մրցումներ: Մրցակարգն այսպիսին է. երկու ավտոարշավորդ կողքի կողքի հաղթահարում են 402 մ: Մրցակիցները մեկնարկում են միաժամանակ, և ով առաջինն է հասնում վերջնագիծ, նա էլ հաղթող է ճանաչվում: Ընդ որում, պարտադիր չէ, որ ավտոմեքենաներն ունենան թափքի և տարբեր մասերի ամրացումներ: Մեր երկրի ֆեդերացիան էլ ընդառաջ քայլ արեց, և Հայաստանի առաջնության մասնակիցներն ուժերը չափեցին ավտոմեքենաների չորս դասերում: Ստուգատեսը կայացավ Երևան-Մասիս ճանապարհին:

Բայց գուցե առարկողներ գտնվեն, թե Հայաստանում էլ այդ մրցաձևն այնքան էլ նոր չէ:

– Ճիշտ է, վերջին 4-5 տարին այս մրցաձևը մեր եկրում  տարածում էր ստացել, սակայն մրցում էին ինքնաբերաբար: Փողոցներում «գոնկաներ» սարքում էին ժամանակակից ավտոմեքենաներ ձեռք բերած երիտասարդները: Հատկապես փորձում էին իրենց ցույց տալ «պապայի բալաները»: Հետևանքը լինում էր այն, որ փողոցներւմ, մեղմ ասած, անախորժ իրավիճակներ էին առաջանում, իրականում այլանդակություններ էին կատարվում: Եվ ահա ավտոմոբիլային ֆեդերացիայի ներկայացուցիչներին հաջողվեց այդ ամենը կանոնակարգել: Արզնիի նախկին օդանավակայանի չօգտագործվող տարածքում, բետոնի ծածկի վրա մրցումներ են անցկացվում, որոնց մասնակցում են այդ մրցաձևի սիրահարները:

Արտասահմանյան երկրներում ընդունված է, որ այդպիսի մեկնարկների մասնակիցները որոշակի պայմաններով են մրցում, նաև ներկաները գրավադրույքներ են կատարում: Հայաստանում այդ առումով ի՞նչ է կատարվում:

– Եթե արտասահմայան երկրներում գրավադրույքներ կատարվում են, ապա  Հայաստանում այդպիսի բան չկա: Ինչ վերաբերում է գրազին, ապա մեր երկրում դեռևս այդպիսի մակարդակ չկա: Եթե այդ անելու անհրաժեշտություն զգացվի, ապա պետք է ամեն բան գրանցել և օրինական հիմունքներով անել: Առայժմ մեր առջև այդպիսի խնդիրներ չենք դրել: Ինչ վերաբերում է այդ մրցումների սիրահարներին, ապա բոլորին գրանցել ենք: Ի դեպ, նախորդ շաբաթվա վերջին կայացավ դրագ ռեսինգի Հայաստանի առաջին առաջնության հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, և աչքի ընկած մարզիկներին  ոչ միայն  հանձնվեցին գավաթներ, մեդալներ, այլև նրանց շնորհվեցին մարզական տարբեր կարգեր` սպորտի վարպետի, վարպետության թեկնածուի, առաջին կարգայինի:

Իսկ փողոցներում այլևս մարզիկները սեփական նախաձեռնությամբ կազմակերպված մրցումների չե՞ն մասնակցում:

– Ոչ: Պայման է դրվել, որ եթե ոմանք ցանկանան նման բան անել, ապա  նրանց չի թույլատրվի ուժերը չափել ֆեդերացիայի հովանու ներքո կազմակերպվող մեկնարկներում: Ի դեպ, մեծ հոսք է սկսվել: Հատկապես բարձրակարգ արտասահմանյան ավտոմեքենաներ ունեցողները ցանկանում են ուժերը փորձել սպորտում: Եվ արդեն ունենք պրոֆեսիոնալ սպորտի մասնակիցներ, ինչը նախկինում չի եղել:

Իսկ մրցաշրջանի ընթացքում կազմակերպված մեկնարկների ժամանակ անցանկալի պատահարներ գրանցվե՞լ են:

– Ոչ մի: Լեռնային տեղանքում մրցումների ժամանակ մասնակիցներից մեկը` Էլիաս Մարդոն,  որ ծագումով հույն է, սակայն բնակվում է Հայաստանում, նաև խոսում է հայերեն, իր վարած ավտոմեքենայով դուրս էր թռել ճանապարհից: Հայ մարզիկներից մեկի վարած ավտոմեքենան էլ շրջվել էր: Սակայն քանի որ անվտանգություն ապահովող համապատասխան սարքերը տեղադրված էին, առանձնապես ոչ մի անցանկալի բան տեղի չի ունեցել:

Ի՞նչ կասեք մերոնց միջազգային ստուգատեսների մասնակցության մասին:

– Վերջին տարիներին մերոնք հազվադեպ են հանդես եկել միջազգային ստուգատեսներում: Ուրախալի է, որ այս տարի մերոնք դրագ ռեսինգի Վրաստանի բաց առաջնությունում տիրացել են  ոսկե և բրոնզե մեդալի: 2012-ին նախատեսում ենք, որ Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Յալթայում կայանալիք խոշորամասշտաբ ստուգատեսին, և հուսով ենք, որ կվերադառնան մեդալներով:

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան ինչպիսի՞ բյուջեով է իր կարիքները հոգում: Ամեն ինչ կազմակերպությունում հավաքվող անդամավճարների հաշվի՞ն է կատարվում:

– Շատ բան արվում է խանդավառության հաշվին: Մասնավորապես, դրագ ռեսինգի մրցումների ժամանակ այս մարզաձևով զբաղվողների մի մասը նաև մրցավարությամբ է զբաղվում: Մրցումների մասնակիցների համար  մատչելի մուտքավճարներ են սահմանված, և դրանց միջոցով կարգավորվում են  կազմակերպչական ծախսերը: Ընդ որում, այդ միջոցները բավարարում են նաև ավտոմոբիլային սպորտի մրցումներ կազմակերպելու համար: Այս մրցաձևի ներկայացուցիչները համեմատաբար սուղ վիճակում են, հանդես են գալիս նաև ռուսական ավտոմեքենաներով: Ինչ խոսք, ֆինանսական առումով դժվար է: Զարմանալի է, որ ֆեդերացիայի հետ չեն համագործակցում Հայաստանում արտասահմանյան ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ֆիրմաների ներկայացուցիչները: Թերևս մենաշնորհային լինելու, մրցակցության պակասի պատճառով է, որ դրանք չեն ցանկանում օգտվել գովազդի այդպիսի հնարավորությունից:

Իսկ մրցումների ժամանակ թույլատրվո՞ւմ է փոփոխություն կատարել ավտոմեքենաների կառուցվածքում:

– Սահմանված է երկու խումբ: Առաջինում թույլատրվում են ամեն կարգի փոփոխությունները, իսկ երկրորդում` ավտոարշավորդները պետք է հանդես գան միայն գործարանային արտադրության ավտոմեքենաներով:

ժամանակին հայկական ավտոմոբիլային սպորտի ներկայացուցիչները միջազգային մրցասպարեզներում մեծ նվաճումներ են ունեցել: Ներկայումս այդ առումով ի՞նչ վիճակ է:

– Հենրիկ Զարգարյանը դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն: Ունեցել ենք ԽՍՀՄ առաջնության կրկնակի չեմպիոններ, բազմակի մրցանակակիրներ, թիմային առաջնությունների կրկնակի չեմպիոններ: Դեկտեմբերի 17-ին կայանալու է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի համաժողովը, և կասվի, որ տևական ընդմիջումից հետո  վերջին շրջանում զգալի առաջընթաց է արձանագրվել: Նոր ավտոմեքենաներ են ներկրվել Հայաստան, կան երիտասարդ մարզիկներ, մրցավարներ, այնպես որ առաջիկայում պետք է ակնկալել, որ կլինեն ծանրակշիռ նվաճումներ պրոֆեսիոնալ ավտոարշավորդների, նաև դրագ ռեսինգի միջազգային մրցումներում: Ընդ որում, սերնդափոխություն է կատարվում, փոփոխություններ կլինեն նաև ֆեդերացիայի նախագահության կազմում:

Հետաքրքիր է` բարձրակարգ ավտոմեքենաները Հայաստան որտեղի՞ց են բերվում:

– Ներկայումս Հայաստան ավտոմեքենաներ բերվում են հիմնականում Վրաստանից: Սակայն դրանք նման են գեղեցիկ տիկնիկների: Այդ ավտոմեքենաների մեծ մասը վթարի ենթարկված է: Թուրքիայում, Վրաստանի սահմանի մոտ լավ վերանորոգվում են 1-2 օրում և որպես նոր ավտոմեքենաներ` վաճառվում  Հայաստանում: Սակայն քանի որ մաքսային դաշտն ավելի մեղմ է այդպիսի ավտոմեքենաներ ներկրելու համար, դրանք գրեթե առանց մրցակցության են հայտնվում մեր երկրում: Ավելի լուրջ ավտոմեքենաներ են բերվում Ճապոնիայից և Գերմանիայից: Պարզապես պետք է զգուշանալ անորակ ավտոմեքենաներ գնելուց: Իմիջիայլոց, մենք այդ ծառայությունն էլ ունենք: Ովքեր ավտոմեքենա են ցանկանում ձեռք բերել, կարող ենք նրանց խորհուրդ տալ` գնե՞լ, թե՞ չգնել: Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան իր շտաբ-բնակարանն ունի, որը գտնվում է  Աբովյան 16 հասցեում` նկարիչների տան շենքում:

 

 

Դիտվել է 1405 անգամ:
Print Friendly

Leave a Reply