Միջադեպ կառավարության առջև. որդեկորույս մոր նյարդերը տեղի տվեցին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 8, 2011 16:35

Կառավարութան գլխավոր մասնաշենքի դիմաց այսօր հերթական միջադեպն է արձանագրվել: Շենքից դուրս եկող պաշտպանության նախարարին իր երախտագիտությունն է հայտնել առաջնագծում ադրբեջանական դիպուկահարի արձակած գնդակից իր ոտքը կորցրած զինվորի ծնողը: Վիրավոր զինվորի բուժման և պրոթեզավորման հետ կապված բոլոր ծախսերը հոգացել է Պաշտպանության նախարարությունը: Վիրավոր զինվորի ծնողի երախտագիտությունը, սակայն, այսօր առաջացրեց բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների ծնողների զայրույթը:

Գոհար Սարգսյանի որդին՝ 23 ամյա Տիգրանը, մոր համոզմամբ, սպանվել է Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում: Նախնական վարկածի համաձայն՝ Տիգրանն էլեկտրահարվել էր զորամասի ռադիոհանգույցում՝ էլեկտրականության հետ անփույթ վարվելու հետևանքով: Մայրն այդ վարկածին չի հավատում, վերջին դատական փորձաքննությամբ ապացուցվել է, որ ռադիոհանգույցում 220 վոլտի լարման հոսանք չկա: Գոհար Սարգսյանը կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց պայքարում էր արդարությունը վերականգնելու համար:

5 տարի շարունակ կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց իր բողոքն արտահայտող մոր նյարդերն այսօր տեղի տվեցին: Տիկին Գոհարը չէր կարողանում ոտքի վրա մնալ առանց կողմնակի օգնության: Նրան օգնում էին կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց հավաքված ցուցարարները: Իսկ առաջին բուժօգնությունը նրան ցուցաբերեցին դեպքի վայր ժամանած շտապ օգնության աշխատակիցները: Գոհար Սարգսյանը տեղափոխվեց հիվանդանոց։

Tert.am

 

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply