«Je t’aime»-ն Ալենի ու Ժաքլինի սիրո բարեխոսը դարձավ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 14, 2011 7:00

Մեկը` հայ, մյուսը` թուրքՄեկն իսլամին հավատարիմ, մյուսը` Հայ առաքելական եկեղեցուն: Այսպես են մեծացել, սակայն հետագայում իրենց սկզբունքներին հավատարիմ չեն մնացել: Տարբեր որոշումներ են ընդունել ու մի այլ կյանք կառուցել: Պաշտոնապես եկեղեցի չեն մտել, բայց երկուսին միահյուսող ոսկե մատանին տոննաներով սեր է կշռում: Ալենն ու Ժաքլինը պարզապես սիրել են

Հետաքրքիր է իմանալ երկու մոտ, բայց և հեռու հարևան երկրներին կապող այս ընտանիքի պատմությունը: Նրանք կրթել ու դաստիարակել են «անհայրենիք» զավակներ

Ալենը ցեղասպանությունից մազապուրծ ընտանիքի ժառանգ է: XX դարի իրադարձությունների դառնությունը փոխանցվել է սերնդեսերունդ: Ասում է` իր նախնիներն ապրել են բոլոր գաղթած հայերի պես. սով, անհարմարություն, լքվածություն ու կարոտ… Ընտանիքը հանգրվանում է Ֆրանսիայում: Ալենի հայրը լավ ֆրանսերեն է իմացել: Բայց երեխաներին դաստիարակել է հայկական ոգով, միշտ հիշեցրել գաղթած ընտանիքի իրական արմատների մասին: Ընտանիքը Ֆրանսիայում բնակվում է 12 տարի, այնուհետև` վերադառնում Հայաստան:

Ալենն ասում է, որ մեծ պապի խոսքերը մինչև հիմա էլ լավ հիշում է. «Տղաս, երբ կյանքում կանգնես երկընտրանքի առջև, միշտ փնտրիր արդարությունը, երբեք չգնաս հարմարավետության հետևից»:

Իսկ Ժաքլինը թրքուհի է, մահմեդական: Կրթությունը ստացել է Թուրքիայում, ապա` Ֆրանսիայում: Այսօր նա դժվարությամբ է խոսում իր արմատների մասին: Երբ նրա աչքերից կաթ-կաթ գլորվում էին արցունքի կաթիլները, Ալենն ասաց, որ Ժաքլինը վիճել է ծնողների հետ:

«ԱԼԵՆ, ԻՄ ԿՅԱՆՔԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԸ ԴՈՒ ԵՍ»

Ժաքլինն ու Ալենը 30 տարի է, ինչ միասին են, որից 27-ը` ամուսնացած: Հիմա բնակվում են Ֆրանսիայում: Ժաքլինը ձեռագործների իսկական վարպետ է, իսկ Ալենը, հային հատուկ հոգեբանությամբ ու խառնվածքով, ասում է. «Ընտանիքի հայրը պետք է քարից էլ հաց սարքի»:

Ալենն ու Ժաքլինը ծանոթացել են 1980-ականներին: Ալենը գործուղվել է Թուրքիա: «Պատկերացնում եք, չէ՞, որքա՜ն երջանիկ եմ, որ հանդիպել եմ կյանքիս երկրորդ կեսին: Ես երբեք չէի մտածել, որ կկարողանամ կոտրել կարծրատիպերն ու կյանքս կնվիրեմ մի թուրք աղջկա: Բայց սա կյանք է,  ամեն ինչ էլ կարող է պատահել»,- ժպտում է Ալենը:

Նրանք հանդիպել են մի կազմակերպությունում, որի անունը երկուսն էլ չցանկացան նշել: Սիրո կամ ընտանիք կազմելու մասին երբեք չեն մտածել, ընդունել ու հարգել են իրար: Ալենը շուրջ մեկ տարի ապրել է Թուրքիայում, ու ամեն օր տեսել գեղեցկադեմ Ժաքլինին: «Ես թուրքերի հանդեպ հատուկ վերաբերմունք ունեմ, այնպիսի վերաբերմունք, որ ունի յուրաքանչյուր շարքային հայ: Բայց սիրտս այլ բան էր թելադրում: Ջահել էի, արդեն ընտանիք կազմելու ժամանակն էր, իսկ Ժաքլինի հանդեպ անտարբեր չէի»,- ասում է Ալենը:

Պարզվում է` հենց նույն ժամանակահատվածում, հենց նույն զգացողությունն է ունեցել նաև գեղեցկուհի Ժաքլինը. «Նա ինձ գերեց իր ուշադրությամբ ու հոգատարությամբ: Ամեն անգամ ինձ տուն էր ուղեկցում: Մի անգամ էլ ասաց. «Ժաքլին, իսկ կլինի՞ մենք ընկերություն անենք»: Դեռ չասաց, որ սիրում է ինձ: Մենք տևական ժամանակ ընկերություն էինք անում, հետո հասկացանք, որ միմյանց համար ենք ստեղծված»:

Սակայն սիրող զույգի` երկու մոտ ու հեռու հարևան երկրներում բնակվող ծնողները միանգամից չհաշտվեցին այն մտքի հետ, որ զույգն այլևս միասին է լինելու: «Ինձ տանն ասացին` եթե ամուսնանաս, ապա ոչ այս երկրում ու առավել ևս` ոչ այս եկեղեցում»,-հիշում է Ժաքլինը: «Ինձ էլ ասացին, որ պետք է միայն հայուհու հետ ամուսնանամ, իզուր չամուսնացա»,- ժպիտով ասում է Ալենն ու հետևում կնոջ արտահայտությանը:

Ժաքլինն ասում է, որ վերջնական որոշումն ինքն է կայացրել: «Ես Ալենին ասացի. «Եթե մեր ընտանիքներն անգամ դեմ լինեն, մենք պետք է միասին ապրենք և ունենանք շատ գեղեցիկ ու խելացի երեխաներ»: Նայեցի նրա աչքերին ու ասացի. «Ալեն, իմ կյանքի երկրորդ կեսը դու ես»: Պատկերացրեք` ասածս հաստատեց, ու մեր ամրությունն այնքան ուժեղ էր, որ ոչ ոք չհամարձակվեց խոչընդոտել մեր հարաբերությունները»,-հիշում է Ժաքլինը:

«ԿԱՐՃ ՏԱԲԱՏ ՄԻ՛ ՀԱԳԻՐ»

Թուրքիայում 70-80-ականներին քաղաքական կյանքն ալեկոծ էր: Նրանց կազմակերպությունը քաղաքական որոշումներ չէր կայացնում, բայց հետևում էր ահագնացող զարգացումներին:

Թրքուհի Ժաքլինը պահպանողական ընտանիքի երեխա էր: Սակայն, «կարճ տաբատ մի հագիր», «եղունգներիդ լաք մի քսիր» ու նման արգելքները նրան մի տեսակ անհավատ դարձրին: «Անկեղծ ասած, կյանքումս միշտ չբավարարված հետաքրքրություն եմ ունեցել, որոնցից մեկն էր, օրինակ, դեպի Ալենը և հետևաբար դեպի հայերը ձգող ճանապարհը»,- նշում է Ժաքլինը:

Երբ 17 տարեկան էր, մորը հետաքրքրված հարցնում է, թե` ինչպիսի՞ն են հայերը: Մայրը ոչինչ չի պատասխանում: Հետո, երբ Ժաքլինը հանդիպում է Ալենին, հասկանում է, որ սովորական մարդ է, բոլոր մարդկանց նման նա էլ երկու ականջ ու աչք ունի:

Երբ զույգը որոշում է վերջնականապես միավորվել, արդեն Ալենն է նախազգուշացնում Ժաքլինին: «Չասես` դու հայ ես, ընտանիքս չի թողնում, ներիր ինձ»,- այս արտահայտությունը մինչև հիմա Ժաքլինի ականջներում է:

Ալենն ասում է, որ Ժաքլինը ոչ թե խոստացավ, այլ երդվեց չդրժել խոստումը: «Այդ օրվանից սկսած` նա երբեք իր խոստումից հետ չի կանգնել»,- հավաստիացնում է Ալենը:

Այն հարցին էլ, թե փոշմանել է արդյոք, Ժաքլինն ասում է. «Մենք այն բացառիկ զույգերից ենք երևի, որ շատ քիչ են կռիվ արել: Հիմնականում հաշտ ու խաղաղ ենք ապրել: Եթե խնդիրներ են առաջացել` համաձայնեցրել ենք»:

«Je t’aime»Ն ՈՒ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԸ

Ժաքլինն ու Ալենը բարդ խնդրի առաջ կանգնեցին: Սկզբնական շրջանում չէին կողմնորոշվում, թե ո՞ր եկեղեցին պետք է իրենց սիրո բարեխոսը դառնա: Երկար-բարակ չմտածեցին, որոշեցին ամուսնանալ Ֆրանսիայում: «Երկուսս էլ մինչ մեր ամուսնությունը Ֆրանսիայում եղել ենք, եղել ենք միասին: Որոշեցինք ոչ թե ամուսնանալ, այլ մեղրամիս անցկացնել Ֆրանսիայում: Այն հյուրանոցում, որտեղ տեղավորվեցինք, հատուկ սիրահար զույգերի համար էր` «Je t’aime» անվամբ, որ նշանակում է` ես քեզ սիրում եմ: «Je t’aime»-ը, փաստորեն, դարձավ մեզ պսակող «եկեղեցին»,- ասում է Ալենը:

Զույգը մոռացել է ծնողների թթու խոսքերը: «Հայրս ու մայրս չեկան Ֆրանսիա, չնայած այդ հնարավորությունը ունեին, իսկ Ժաքլինին ասացին` դու մեր աղջիկը չես: Բայց մենք մինչև հիմա երջանիկ ենք»,- նշում է Ալենը:

Հիմա Ժաքլինը ծնողների հետ հաշտվել է: Տարին երկու-երեք անգամ գնում է Թուրքիա: Իսկ Ալենը հիշում է, որ  իր ծնողները գոնե համակերպվել էին իրենց հարսին տուն ընդունելու մտքի հետ: «Հասկացա, որ մերոնց հետ յոլա չենք գնում: Պետք էր շատ բարդությունների դեմ պայքարել: Շրջապատ, ընկերներ և այլն:  Ես սիրում եմ Ֆրանսիան, մի տեսակ ինձ հարազատ երկիր է, որոշեցինք այնտեղ ապրել»,-ասում է Ալենը:

Ալենին ու Ժաքլինին ընկերները հաճախ են հարցնում, թե ձեր երեխաների  ապագան ի՞նչ է լինելու, լավ, իսկ ձեր շիրիմնե՞րը:

ԾՆՎԵՑԻՆ ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ԵՐԵԽԱՆԵՐ

Ալենն ու Ժաքլինը երեխաների անուններն ընտրելիս կրկին երկընտրանքի առջև են կանգնել. «Ի՞նչ անուն դնենք, որ թուրք ու հայ չասեն»: Որոշել են երեխաներին ֆրանսիական անուններ դնել, դրանք ո՛չ հայկական են, ո՛չ էլ թուրքական: Իսկ երեխաները մինչև հիմա եկեղեցում չեն կնքվել, քանի որ մայրը պաշտոնապես քրիստոնյա չէ:

Ամուսիններն ասում են, որ երեխաների կրթությունն ամենաբարդ խնդիրն էր: Մեր այն հարցին էլ, թե երեխաներն իրենց ո՞ր կրոնի, ո՞ր ազգի ներկայացուցիչ են համարում, Ժաքլինը պատասխանում է. «Նրանք ազգություն չունեն: Նրանք անհայրենիք են, այնպես, ինչպես «Մայրիկ» ֆիլմի հերոսները: Մեր երեխաները աշխարհի քաղաքացիներ են»:

 

Զրուցեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

 

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply