Երբ ադամանդագործն ինքն է գնահատում իր աշխատանքը: Մեկնարկել է արտաքին գնահատումը դպրոցներում
ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | December 13, 2011 12:00
Դպրոցներում մեկնարկել է արտաքին ընթացիկ գնահատման գործընթացը: Տարվա ընթացքում երկու անգամ տարբեր դասարաններում և տարբեր առարկաներից իրականացվող գնահատման նպատակը աշակերտների գիտելիքները և կրթության որակը պարզելն է: Իրականացնողն էլ Գնահատման և թեստավորման կենտրոնն է, որը, ԿԳՆ-ից անկախ, կառավարությանն առընթեր կառույց է:
Արդեն ավարտվել է գնահատման գործընթացը ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա առարկաներից: 10-րդ դասարանում, սակայն, արտաքին գնահատումն իրականացրել են ուսուցիչները: Հարց է առաջանում, թե ուսուցիչներն ինչքանով կարող են օբյեկտիվ գնահատել իրենց աշխատանքը: Մանավանդ որ ուսուցիչների օբյեկտիվությունը մեկ անգամ փորձվել է: Երբ 2008-ին սկիզբ դրվեց արտաքին գնահատմանը, ԳԹԿ-ն առաջադրանքները կախում էր համացանցում, իսկ դպրոցներն էլ իրականացնում էին թեստավորումը: Ժամանակը ցույց տվեց, սակայն, որ ուսուցիչները սուբյեկտիվ մոտեցում էին ցուցաբերում, և կրթության իրական վիճակն այդպիսով պարզել հնարավոր չէր: 2010-ից սկսած` արտաքին գնահատումը իրականացնում են ԳԹԿ ներկայացուցիչները` ավելի ընդլայնված ձևաչափով:
Անցած տարի ԳԹԿ իրականացրած արտաքին գնահատման արդյունքում աշակերտները հազիվ բավարար ու նույնիսկ անբավարար ստացան. արդյունքը խիստ տարբերվում էր մատյաններում առկա գնահատականներից:
ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը «Անկախի» հետ զրույցում նշեց, որ 10-րդ դասարաններում գործը վստահել են դպրոցներին, քանի որ ԳԹԿ-ն փոքր աշխատակազմ ունի և հազիվ հասցրել է արտաքին գնահատումը վերահսկել 11-րդ դասարաններում և իրականացնել ազգային ստուգատեսը բնագիտական առարկաներից (աշակերտների գիտելիքների կիրառելիության մակարդակը):
Մանուկյանը վստահեցնում է, որ դպրոցներում էլ օբյեկտիվ գնահատած կլինեն իրենց աշակերտների գիտելիքները, քանի որ հաջորդ տարի 11-րդ դասարանի արտաքին գնահատումը կիրականացնի ԳԹԿ-ն: «Ավելի վատ դպրոցի համար, եթե աշակերտն այս տարի ավելի բարձր ստանա, քան հաջորդ տարի: Կնշանակի դպրոցը չի կայացել, և աշակերտները պրոգրեսի փոխարեն ռեգրես են ցուցաբերել»:
ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը կարծում է, որ ուսուցիչների իրականացրած արտաքին գնահատումը օբյեկտիվ լինել չի կարող, դա են ապացուցում նաև նախորդ տարվա տվյալները, երբ ուսուցիչների դրած գնահատականներն առնվազն 30 տոկոսով բարձր էին ընթացիկ քննության ժամանակ ստացածից: «Օբյեկտիվ չէ ուսուցչի գնահատականը և չի էլ կարող օբյեկտիվ լինել, մարդը չպետք է ինքը սովորեցնի և ինքն էլ վերջնական գնահատականը տա: Դրա համար էլ ԿԳՆ-ից անկախ ԳԹԿ-ն է ստեղծվել»:
Անդրադառնալով հարցի մյուս կողմին, թե ԳԹԿ-ի ռեսուրսները չեն բավարարում, Բախշյանը նշում է. «ԳԹԿ-ի համար մշակված կանոնադրությունը իրագործելու համար առնվազն երկու անգամ կենտրոնի հզորությունը պետք է մեծանա, թե՛ ֆիզիկական անձանց առումով, թե՛ բյուջեով: Տվել ենք մի փոքրիկ անձնակազմ և ուզում ենք, որ ՀՀ բոլոր 1400 դպրոցներում արտաքին գնահատում անցկացնեն բոլոր առարկաներից: Անհնար է, բայց մինչև դա պետությունը չանի, վստահորեն ասել, թե ինչ որակ ունի կրթությունը, չի կարող»:
Պատգամավորի կարծիքով` որքան հզորանա թեստավորման կենտրոնը որպես գիտելիք գնահատող անկախ մարմին, այնքան կրթության որակը կբարձրանա. «Ինչպե՞ս է, որ ադամանդե մատանի պատվիրելիս նույն վարպետին չեն տալիս` քարը գնահատելու, այլ մասնագետի մոտ են տանում: Նույնն էլ այս պարագայում, գնահատողը անկախ մեկը պետք է լինի: Որքան շուտ կառավարությունը ԳԹԿ-ին հզորացնի, այնքան այս գործընթացը ճիշտ ճանապարհով կգնա»:
ԳԹԿ հզորացման ուղղությամբ, սակայն, ըստ պատգամավորի, դեռևս քայլեր չեն ձեռնարկվում. ԳԹԿ բյուջեն 2012-ին ավելացել է ընդամենը 77 մլն-ով, և ավելացումը պատճառաբանվել է նրանով, որ 37 հազար շրջանավարտ է լինելու: Բայց հաշվի չեն առնվել ոչ պետական դպրոցների և Արցախի դպրոցների շրջանավարտները: Այսինքն` այդ գումարը ԳԹԿ-ն խնայողություններով պետք է օգտագործի, որ կարողանա այդ ողջ բանակի ավարտական և միասնական քննություններն ապահովի:
«Եթե որդեգրել ենք գիտելիքահեն տնտեսություն և կրթության որակի աճ ապահովելու պարտավորությունը, ուրեմն պետք է թեստավորման կենտրոնի հզորությունը մեծացվի, որ կարողանանք պահանջել` կանոնադրությամբ սահմանված բոլոր պարտավորությունները կատարի»:
Բախշյանը նշում է, որ խախտված է նաև կրթական գործընթացն իրականացնող կառույցների կապը. «Սերտ կապը, շղթան, որի մի օղակը պիտի լինի դպրոցը, կրթության վարչությունը և ԳԹԿ-ն, չկա: Պետք է օղակը շատ սահուն կերպով տանի ինֆորմացիան, վերլուծությունը բերի, և արդյունքում վերանայվեն կրթության կազմակերպման հարցերը, որակը, պահանջը հստակեցվի, թե պետության պատվերը տեղերում որքանով է կատարվում, հստակեցվի, թե որ ուսուցիչն է պահանջված որակը տալիս, որը` ոչ: Այն, որ ուսուցիչը պետք է պատասխանատվություն զգա իր աշակերտների կրթության որակի համար և այդ պատասխանատվության ապացույցը պետք է լինի իրականացված գնահատումը, միանշանակ է»:
Անդրադառնալով անցած տարվա արտաքին գնահատման բավարար և հազիվ բավարարին ձգտող գնահատականներին` Բախշյանը նշում է, որ դա պետք է հիմք դառնա, որ ԳԹԿ-ն ահազանգի`գուցե ուսումնական ծրագիրը կամ դասագրքերը չեն համապատասխանում, մանկավարժական համալսարանը համապատասխան որակի կադրեր չի պատրաստում. «Մինչդեռ այս օղակը չի գործում, ամեն մեկն իր համար աշխատում է, և ամեն օղակ իրենից շատ գոհ է, արդյունքում երեխայի կրթության իրավունքը կոպտորեն ոտնահարվում է, չի իրացվում»:
Մանուկյանը նշում է, որ ԳԹԿ-ն ընդամենը հիվանդության մասին կարող է բարձրաձայնել, բայց ոչ դեղատոմս առաջարկել: Անցած տարի լրացուցիչ աշխատանքի արդյունքում բարձրաձայնել են միջառարկայական կապի բացակայության և ծրագրերի բեռնաթափման անհրաժեշտության մասին, բայց դա իրենց գործառույթը չէ: Վերլուծում են արտաքին գնահատման արդյունքները և աշխատանքը ուղարկում համապատասխան կառույցներին` նախարարություն, կրթության վարչություններ, ԱԺ համապատասխան հանձնաժողով և այլն, հետագա քայլերը թողնելով վերջիններիս: Մանուկյանը վստահեցրեց, որ 2010-ի տվյալներն ամփոփող հրատարակությունն արդեն իսկ առաքվել է բոլոր համապատասխան կառույցներին:
«Անկախը» փորձեց տարբեր մարզերի կրթության վարչություններից ճշտել, թե ինչպես են օգտագործում արտաքին գնահատման արդյունքների վերլուծությունը` կրթության որակը բարելավելու և կրթական գործընթացը կազմակերպելու համար:
Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Գարիկ Բադալյանը նշեց, որ այս տարվա վերլուծությունը դեռ չեն ստացել, իսկ ավելի վաղ կատարվածը դեռ համակարգված չէր ամբողջական լինելու համար. «Աշակերտի առաջադիմությունը մեկ անգամով հնարավոր չէ պարզել և դրանից հետևություններ անել»: Բադալյանի խոսքով, երբ ունենան ԳԹԿ վերլուծությունը, խորհրդակցություն կհրավիրեն. «Եթե բովանդակությունը բացասական լինի, դրա վրա պիտի կենտրոնացնենք ուշադրությունը, եթե դրական, տարածենք»:
Շիրակի մարզպետարանի մշակույթի և կրթության վարչության գլխավոր մասնագետ Ջեմմա Ավետիսյանը նշեց, որ անցած տարվա արդյունքները դեռ իրենք չունեն. «ԳԹԿ-ն կրթության վարչություններին չի տրամադրում, անմիջապես դպրոցների հետ են աշխատում»: Նկատառմանը, թե ԳԹԿ հաղորդմամբ վերլուծությունը ուղարկվել է մարզպետարաններին, Ավետիսյանը պատասխանում է. «Էս պահին չունենք, հատկապես որ հիմա վերանորոգման մեջ ենք»:
Նրա խոսքով` սովորաբար արդյունքները քննարկվում են խորհրդակցության ժամանակ, «վատին հանձնարարական ենք տալիս, լավը` խրախուսում»:
Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունից էլ հաղորդեցին, որ Երևանի քաղաքապետարանի դպրոցներում ԳԹԿ-ի կողմից ամեն տարի համապատասխան դասարաններում տրվող թեստային աշխատանքների արդյունքները քաղաքապետարանի հանրակրթության վարչությունում ուսումնասիրվելուց հետո դպրոցներում կազմակերպվում են համապատասխան աշխատանքներ. «2011 թվականի աշխատանքային ծրագրում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը նախատեսել և իրականացրել է «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների դրվածքի ուսումնասիրություն, կատարել վերլուծություն և տվել համապատասխան հանձնարարականներ»:
Իսկ թե ինչ ազդեցություն են ունեցել տրված հանձնարարականները, խորհրդակցությունները, մասամբ կերևա այս տարվա արտաքին գնահատման արդյունքների ամփոփումից հետո:






Facebook
Tweet This
Email This Post
