Նորից հայ-թուրքական սահմանների բացման մասին

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | December 12, 2011 7:00

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 22-23-ը Երևանում կայացավ հայ և թուրք գործարարների խորհրդաժողով, որին մասնակցեցին 50 թուրք և 80 հայ գործարարներ: Ծրագրի նպատակն է ստեղծել գործակցություն հայ և թուրք գործարարների միջև, որպեսզի ավելի սերտանան գործարար կապերն ու տնտեսությունները: Կազմակերպիչները փորձում են ստեղծել հայ և թուրք գործարարների մի համայնք, որն արդեն  սահմանների բացման լոբբիստական գործունեություն կիրականացնի: Այս հարցի կապակցությամբ ներկայացնում ենք ծրագրի անմիջական կազմակերպչի և կողմնակի փորձագետի տեսակետները:

«Աջակցություն ՀայաստանԹուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի տնօրեն Արթուր Ղազարյան

Սահմանների բացման առումով կարելի է շատ բան նշել, բայց ես կառանձնացնեմ միայն այն, որ ապրանքաշրջանառության ճանապարհն ու տևողությունը կկարճանան, և տրանսպորտային ծախսերը կնվազեն: Դա հայ արտադրողներին ոչ մի կերպ չի խանգարի, այլ կարող է նաև օգնել, որովհետև մենք ունենք ապրանքներ, որոնք թուրքական շուկա արտահանվելու պոտենցիալ ունեն, սակայն ներկայիս ճանապարհը տնտեսապես արդարացված չէ:

Ինտեգրումը կմեծանա նաև տուրիզմի ոլորտում աշխուժության առումով: Կարող ենք շեշտադրում անել բժշկական տուրիզմի վրա, քանի որ Երևանը թուրքական շատ գավառների համար ավելի մոտիկ է դառնում, քան թուրքական զարգացած բժշկական կենտրոնները: Ինչպես նաև կզարգանա ռեգիոնալ տուրիզմը: Իսկ եթե հաշվի առնենք, որ տուրիստի ծախսած մեկ դոլարը ստեղծում է 4 հավելյալ դոլար, սա արդեն բավական մեծ տնտեսական շահ է:

Թուրքիայից ներմուծվող ապրանքների էժանության հարցը կա: Եթե ներմուծումը պետք է ավելանա` ապահովելու Հայաստանի կարիքները, մենք չենք ցանկանում արհեստականորեն կանգնեցնել այդ պրոցեսը: Եթե Հայաստանին պետք է ներմուծել որևէ ապրանք, և ավելի շահավետ պայման է առաջարկում թուրք գործարարը, ապա մենք չենք ասելու, թե պետք չէ Թուրքիայից բերել, քանի որ այն կարող է ավելի շատացնել դիսբալանսը: Այսօրվա դրությամբ մենք միայն առևտրի մասին չենք խոսում:  Խոսում ենք նաև համատեղ ձեռնարկատիրության մասին: Եթե թուրք գործարարը արտադրում է, օրինակ, բաճկոն և վաճառում է ԱՊՀ երկրների շուկայում որոշակի գնով, և եթե նույնը արտադրի Հայաստանում, ավելի քան 60 տոկոսով կնվազեցնի իր ծախսերը: Սա նշանակում է, որ  նա շատ ավելի մրցունակ կարող է ներկայանալ ԱՊՀ շուկաներում: Թուրքերը կարող են և մեր տնտեսության մեջ ներդրումներ անելու և արտադրություն հիմնելու համար դաշտ կա: Իսկ վախենալ մեր տնտեսության մեջ թուրքական ներդրումներից չարժե: Այսօրվա դրությամբ մենք արդեն Հայաստանում գրանցված և գործող 40-ից ավելի թուրքական կապիտալով ընկերություններ ունենք: Ավելին ասեմ` պետք է այդ միտումը խթանել: Խոսքը նոր ներդրումների մասին է, հետևաբար` նաև նոր աշխատատեղերի: Այս դեպքում չի կարող լինել այնպես, որ հայկական տնտեսությունը կախման մեջ լինի թուրքական կապիտալից:

Մենք տարեկան մոտ 210 միլիոն դոլարի ապրանք ենք ներմուծում Թուրքիայից և մոտ 1 միլիոն 200 հազար դոլարի արտահանում ենք: Թուրքական ներմուծվող ապրանքները այնպիսին են, որ ավելի մրցունակ են ներմուծման համար: Ավելին` այսօրվա դրությամբ հայկական պետհամարանիշներով բեռնատարները մուտք չեն գործում Թուրքիա: Բայց եթե այսօր նույնիսկ ստանանք հնարավորություն, որ մուտք գործեն, արդեն մրցունակության հարցն է ծագում: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ միևնույն է, թուրքական մեքենաներն են մուտք գործելու Հայաստան: Որովհետև նրանք ավելի լավ գներ ու պայմաններ են առաջարկում: Բայց մեր որոշ ապրանքատեսակներ ավելի մրցունակ կլինեն, եթե մեր սահմանները բաց լինեն:

Աշոտ Եղիազարյան. ԱԺ ՀՅԴ խմբակցության փորձագետ, տնտեսագիտության թեկնածու

Տնտեսական հարաբերություններ գոյություն ունեն նաև փակ սահմանների պայմաններում: Այսինքն` այսօր Թուրքիան Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների թվում հետին տեղերում չէ, այլ առաջին դիրքերում: Կարելի է նշել, որ մենք ավելի շատ հանդես ենք գալիս որպես ներմուծող կողմ, քան արտահանող:

Եթե հիպոթետիկ ասենք, թե սահմանների բացման դեպքում հարաբերություններն ինչպիսին կլինեն, ապա ուսումնասիրելով Հայաստանի և Թուրքիայի տնտեսությունների սեկտորները` ես միշտ այն կարծիքին եմ, որ Թուրքիան որոշ ճյուղերի գծով առավելություններ ունի. տեքստիլ, կենցաղային տեխնիկա, միջին տեխնոլոգիական մակարդակի արդյունաբերություն, որոնք, ըստ էության, մեր այսօրվա առևտրաշրջանառության հատվածներից են:

Ինչ վերաբերում է սահմանի բացման բացասական կողմերին ու հավանական վտանգներին, սովորաբար բերվում է այն փաստարկը, որ Հայաստանի տնտեսությունը կընկնի թուրքականի վերահսկողության տակ: Ես ուսումնասիրել եմ թուրքական ներդրումները Հարավային Կովկասում: Կարելի է ասել, որ թուրքական ներդրումները կոնկրետ ուղղվածություն ունեն: Այնպես չէ, որ Թուրքիան բոլոր ոլորտներում ներդրումներ է կատարում: Թուրքական ներդրումները մեծ են թեթև արդյունաբերության և շինարարական կապալի ոլորտներում: Թուրքական շինարարական կազմակերպությունները միջազգային առումով բավականին մրցունակ ընկերություններ են և բավականաչափ եկամուտներ են ստանում` շինարարություն իրականացնելով արտասահմանում:

Հետխորհրդային երկրները Թուրքիայի համար պոտենցիալ մեծ շուկա են շինարարության, սննդարդյունաբերության ու, որոշ դեպքերում, հանքարդյունաբերության առումով: Այդպես է, օրինակ, հարևան Վրաստանում: Չնայած վրացիները բավականին մտահոգված են թուրք-ադրբեջանական կապիտալից կախվածության առումով, բայց դա ամենևին չի նշանակում, թե վրացական քաղաքականությունը դարձել է թուրքական քաղաքականության արբանյակը:

Հայ-թուրքական սահմանի բացման և տնտեսական հարաբերությունների առումով կարող ենք ասել, որ սա ներքին վերահսկողության, անվտանգության հարց է: Եթե մեր պետական մեխանիզմը կարողանա բավարար չափով տիրապետել մեր տնտեսական կյանքը, ուղղորդել, կարգավորել, ապա կարծում եմ` խնդիրներ չեն առաջանա: Խնդիրներ միշտ կան նաև ցանկացած այլ գործընկերոջ հետ հարաբերություններում: Պարզապես այստեղ կավելանա նաև զգոնության և պետական մեխանիզմների  կիրառման խնդիրը:

Սովորաբար բերվում է հետևյալ փաստարկը. Թուրքիան աջակցում է իր տնտեսության ճյուղերի զարգացմանը, իսկ մենք` ոչ: Բացի այն ճյուղերից, որ ես նշեցի, Թուրքիան այլ ճյուղերում չի կարող ներդրումներ անել ու տնտեսական էքսպանսիա իրականացնել: Իհարկե, չպետք է մոռանալ, որ Թուրքիան վերջին մի քանի տասնամյակում իրականացրել է տնտեսական էտատիզմի, այսինքն` պետության ակտիվ միջամտության քաղաքականություն տնտեսության զարգացման հարցերում: Թուրքական պետությունը կարևոր դեր ունի իր տնտեսության մեջ: Հայաստանում, իհարկե, այդպես չէ: Հայաստանը հիմնականում արտահանում է հումք, առաջնային մշակման արտադրանք, որոշակի քանակության սննդամթերք, գյուղմթերքներ` նույնիսկ անմշակ, գինեգործական ապրանքներ և կոնյակ:  Իսկ Թուրքիան պարենային անվտանգության խնդիր չունի, թեթև արդյունաբերությունը լավ զարգացած է. ինքնաբավ է և արտահանում է: Թուրքիան արտահանում է նաև մեքենաշինության ցածր տեխնոլոգիական մակարդակ ունեցող արտադրությունների արտադրանքը և աչքի է ընկնում հավաքման արտադրություններով:

Մտավախությունը, որ թուրքական տնտեսությունը կսպառնա մեր տնտեսությանը,  միայն մեր գյուղատնտեսության ոլորտին է, ըստ էության, վերաբերում: Իսկ եթե մենք լուրջ ուշադրություն դարձնենք մեր գյուղատնտեսության զարգացմանը, չեմ կարծում, թե լուրջ խնդիրներ առաջանան: Եթե, օրինակ, սեզոնային ապրանքների մասին է խոսքը, նույն ջերմոցային տնտեսություններով կարելի է բացը լրացնել:

Մի խոսքով, եթե մեր կառավարությունը կարողանա արդիականացնել մեր պետական մեխանիզմները, հավասարակշռել սպառնալիքները, կարծում եմ` չպետք է ոչնչից վախենալ:

 

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply