Յոթ երգ գիտեն, յոթն էլ «բանկային գաղտնիքի մասին»…Կամ ի՞նչ է թաքցնում «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ն

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | December 9, 2011 7:00

Պետական միջոցներից ֆինանսավորվող և փոքր ու միջին ձեռնարկատիրությանը աջակցելու նպատակով ստեղծված ընկերությունն այդպես էլ չի ցանկանում տրամադրել այն տեղեկատվությունը, թե ում վրա և ինչ չափով է ծախսել այդ միջոցները:

Մենք նախորդ համարներում տեղեկացրել ենք, որ դիմել ենք «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ին, որի կանոնադրական կապիտալը գոյանում է պետական բյուջեի միջոցներից, մեզ տեղեկություններ  էր հայտնել, թե 1. «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ստեղծման օրվանից մինչև վերջին ամփոփման օրն ընկած ժամանակահատվածում քանի՞ իրավաբանական և ֆիզիկական անձի է ֆինանսավորել «ՓՄՁ Ներդրումներ» ՈւՎԿ-ին տրամադրված պետական միջոցներից, 2. Որո՞նք են այդ իրավաբանական և ֆիզիկական անձինք (խնդրել էինք նշել ամբողջական անունները) և 3. «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ին տրամադրված պետական միջոցներից որքա՞ն միջոցներ են հատկացվել յուրաքանչյուր իրավաբանական և ֆիզիկական անձին:

Հարցման պատճառը շատ հասկանալի ու տրամաբանական է` պարզել, թե պետական բյուջեի միջոցները, որոնք պատկանում են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ինչպես են ծախսվում: Կազմակերպությունը մեկ անգամ հեռախոսով և երկու անգամ էլեկտրոնային փոստով հրաժարվեց տրամադրել այդ տեղեկությունները` մերժումը հիմնավորելով «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով: Դրանից հետո դիմեցինք «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությանը` մեզ այդ տեղեկատվությունը ստանալու հարցում օգնելու համար: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն նոյեմբերի 22-ին նույն հարցերն ուղղել է «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ին իր անունից` հղում անելով մեր դիմումին:

Նոյեմբերի 29-ին ստացվել է պատասխանը, որով կազմակերպությունը հայտնում է, որ «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ստեղծման օրվանից մինչև 28.11. 2011 թ. ընկած ժամանակահատվածում ներգրավված պետական միջոցներով ֆինանսավորել է 39 (երեսունինը) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի: Մինչ օրս «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից տրամադրվել է 46 (քառասունվեց) վարկ` ընդհանուր 3,135,800,000 (երեք միլիարդ հարյուր երեսունհինգ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով: «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ի վարկային ներդրումների ծավալը 28.11. 2011 թ. դրությամբ կազմում է 2,566,975,000 (երկու միլիարդ հինգ հարյուր վաթսունվեց միլիոն ինը հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ»: Իսկ հարցման 2-րդ և 3-րդ կետերին կազմակերպությունը պատասխանել է. «Հայտնում ենք, որ ակնկալվող տեղեկություններն իրենցից ներկայացնում են առևտրային գաղտնիք (բանկային գաղտնիք), հետևաբար նշված տեղեկությունների հրապարակումը հնարավոր կլինի միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում: Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ն գործում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա, վերջինիս վերահսկողության դաշտում և առաջնորդվում է ֆինանսական համակարգի գործունեությունը կանոնակարգող ՀՀ օրենքներով և իրավական ակտերով»:

Նախ` մեզ համար անհասկանալի է այն տրամաբանությունը, որով մեր հարցման 1-ին կետի մասով «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ն մեզ չի պատասխանում, բայց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին պատասխանում է: Ինչո՞ւ նույն հարցով մի դիմողի կարելի է պատասխանել, իսկ մյուսին` ոչ: Սա ի՞նչ ընտրողական մոտեցում է, ի՞նչ սկզբունքով և ի՞նչ իրավական հիմքով:

Ինչ վերաբերում է հարցման 2-րդ և 3-րդ կետերի մերժմանը, պարզաբանման համար դիմեցինք իրավաբանի: «Մասնակի պատասխան են տվել, կոնկրետ չեն պատասխանել, թե տրամադրված միջոցներն անվանական որ կազմակերպություններին կամ անհատներին են տվել: Հետո` պատասխանի մեջ նշում են, որ «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ն գործում է Կենտրոնական բանկի տված լիցենզիայի հիման վրա` վերջինիս վերահսկողական դաշտում և առաջնորդվում է ֆինանսական համակարգի գործունեությունը կարգավորող օրենքներով և իրավական ակտերով», այնինչ պետք է հստակ նշեին, թե որ օրենքով է կարգավորվում և այդ օրենքն իրենց վրա ինչքանով է տարածվում: Եթե վարկային կազմակերպությունը գտնում է, որ իր վրա տարածվում է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը, ապա կազմակերպությունը չի հանդիսանում բանկային գործունեություն իրականացնող կազմակերպություն: Որովհետև «Վարկային կազմակերպության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ պրիմ կետում հստակ նշվում է, որ եթե վարկային կազմակերպությունը լիցենզիա է ստացել բանկային գործունեություն իրականացնելու համար,  նոր միայն  նրա վրա տարածվում է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը: Այս ամենը համադրելով` գտնում եմ, որ յուրաքանչյուր ինֆորմացիա փնտրող իրավունք ունի ստանալու տվյալ տեղեկությունները, և վարկային կազմակերպությունը պարտավոր է տրամադրել նման տեղեկատվություն, մանավանդ երբ խոսքը վերաբերում է պետբյուջեից  ֆինանսավորվող գումարներին»,- «Անկախին» ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Աշոտ Վարելջյանը:

Խնդրո առարկա կազմակերպության ինտերնետային կայքում միակ լիցենզիան` տրված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2009 թ. օգոստոսի 7-ին, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՀՀ դրամով և արտարժույթով վարկային կազմակերպության գործունեություն և ֆինանսական գործառնություններ իրականացնելու» համար է: Փաստորեն, խնդրահարույց կազմակերպության կայքում չկա  որևէ նշում, որ տվյալ կազմակերպությունը Կենտրոնական բանկի կողմից բանկային գործունեություն ծավալելու լիցենզիա է ստացել:

Իրավաբանը հայտնեց նաև, որ «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ն պարտավոր էր տրամադրել տեղեկությունը, եթե նույնիսկ նրանց վրա տարածվեր «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը, քանի որ այս դեպքում փնտրվող տեղեկությունը և կազմված հարցերը չեն հակասում օրենսդրությանը, օրենքով սահմանված պահանջները պահպանված են և ոչ մի գաղտնի ինֆորմացիայի պահանջ նշված չէ:

Այսպիսով` դեռևս անհայտ է մնում, թե ինչպես է այդ դեպքում «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը տարածվում «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ի վրա: Բայց դա արդեն համապատասխան մարմինների լուծելու հարցն է:

 

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply