«Համակարգիչ՝ բոլորի համար». մարզերում համակարգիչներ կվաճառվեն ապառիկ՝ առանց կանխավճարի ու բանկի տոկոսադրույքի

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 17, 2009 17:49

Սեպտեմբերի 22-ին կմեկնարկի «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի առաջին` փորձնական փուլը:

Ծրագրի նպատակներն են խթանել համակարգիչների տարածումն ու ինտերնետային օգտագործումը Հայաստանում, բարձրացնել էլեկտրոնային գրագիտությունը, նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը:

«Նախատեսվում է բարձրացնել իրազեկության մակարդակը ՏՏ բնագավառում,- այսօր ծրագրի շնորհանդեսին ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը,- և լուծել հասարակությունում համակարգիչների պահանջարկի բավարարման և ինտերնետային կապի հասանելիության խնդիրը, տարածել համակարգչային հագեցվածությունն ու գրագիտությունը մարզերով»:

Ծրագրի առաջին փուլում «Hewlett Packard» ընկերությունը  Գյումրի և Վանաձոր կառաքի 500 համակարգիչ, որոնց ձեռք բերման հնարավորություն կտա «ACBA» բանկը:

«Notebook  HP 610»-ը կարելի է ձեռք բերել 12, 24 և 36 ամիսներով` համապատասխանաբար 20 400, 11 200 և 8100 դրամ ամսական մուծմամբ` առանց կանխավճարի ու բանկի տոկոսադրույքի: Ենգիբարյանն ասում է, որ ծրագրի շրջանակներում գնված համակարգիչը, բանկային հասանելիությունից բացի, մոտ 10 տոկոս էժան է շուկայականից:

«Hewlett Packard»-ի ներկայացուցիչ Վադիմ Տիխոնովիչն ասում է, որ «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը նախատեսված է 5 փուլով, և այն ամբողջությամբ իրականացնելու համար կպահանջվի 3-4 տարի: Այս տարի կիրացվի 5 000 համարգիչ: 2012թ. համար նախատեսված է իրացնել մինչև 15 000 համակարգիչ:

Էկոնոմիկայի նախարարությունը ծրագիրն իրականացնելու համար ներդրել է 5 մլն դոլար, որը կուղղվի վարկային տոկոսի նվազեցմանն ու մարդկանց ՏՏ իրազեկման ուսումնառությանը: «21-րդ դարը պատկերացնել, առանց համակարչային գիտելիքների ու ինտերնետ հասանելիության, անհնար է»,- ասաց  նախարար Ներսես Երիցյանը:

Դիտվել է 2835 անգամ:
Print Friendly

Leave a Reply