«Չպետք է օգտագործել հայ կնոջ արգանդը այլազգի երեխաներ պատրաստելու համար». ի՞նչ է փոխնակ մայրությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 8, 2011 13:10

34-ամյա Վ-ն և 33-ամյա Դ-ն յոթ տարվա ամուսիններ են: Կինը խնդիրներ ունի, երկար տարիներ երեխա չէին կարողանում ունենալ: Հղիանալու համար Դ-ն փորձել է գրեթե բոլոր ավանդական և ոչ ավանդական եղանակները, բայց ապարդյուն: Երկար քննարկումներից մոտ 2 տարի առաջ ամուսինները դիմել են փոխնակ մոր ծառայությանը, որը մոտավորապես 20 հազար դոլար  է նստել նրանց վրա: Սակայն ամուսինները չափազանց գոհ են, քանի որ արդյունքում ունեն իրենց գեներից սերված երեխա: Նրանք դեռ չեն մտածում 2-րդ երեխայի մասին, սակայն չեն բացառում, որ կրկին կդիմեն այդ միջոցին:

Ի՞նչ է փոխնակ մայրությունը: Ամուսիններից վերցվում է բեղմնավորված ձվաբջիջը և տեղադրվում այլ կնոջ (փոխնակ մոր) արգանդում: Պտուղը չի կրում  փոխնակ մոր ժառանգական ինֆորմացիան: Փոխնակ մայրն ընդամենը, համապատասխան պայմանագիր կնքելուց հետո, 9 ամիս կրում է ուրիշի երեխային իր արգանդում: Փոխնակ մայրը որևէ իրավունք չունի երեխայի նկատմամբ:

Հայաստանում գոյություն ունեն մի քանի բժշկական հաստատություններ, որոնք իրականացնում են այդ գործընթացը: Կան նաև կազմակերպություններ, որոնք զբաղվում են այդ գործընթացի խորհրդատվական և կազմակերպչական հարցերով: Նման մի կազմակերպության կայքէջում կարդում ենք, որ համագործակցության են հրավիրվում  «երիտասարդ և առողջ կանայք, որոնք դրամ վաստակելու ցանկությանը զուգահեռ ցանկանում են օգնել անզավակ ընտանիքներին ունենալու առողջ և լիարժեք երեխաներ»:

Այնուհետև ներկայացվում են պահանջները, որոնց պետք է բավարարի փոխնակ մայրը. տարիքը 18-35 տարեկան, հոգեկան և սոմատիկ առողջ վիճակ, նաև նշվում է, որ ինքնուրույն ծննդաբերած մեկ կամ ավելի երեխաների առկայությունը ցանկալի է:

Կազմակերպության տնօրեն Դավիթ Մխիթարյանի հետ զրույցում պարզեցինք, որ իրենք տրամադրում են ձվաբբջի և սեռաբջջի դոնորներ, հավաքագրում և տրամադրում փոխնակ մայրեր` իրականացնելով նաև ողջ թղթաբանությունը: Եթե սովորական  պայմանագրերը լինում են 2-3 էջ,   այս պայմանագրերը բաղկացած են 15-16 էջից: Աշխատում են այդ գործով զբաղվող բոլոր բուժհաստատությունների հետ:

Տնօրենը խուսափեց նշել երեքուկես տարվա ընթացքում կատարած գործարքների թիվը, ինչպես նաև իրենց ծառայության արժեքը` ասելով, որ չի ուզում` մյուսներն իմանան, թե ինքն ինչքան է վաստակում: Միաժամանակ հայտնեց, որ ընդհանրապես փոխնակ մայրության ծառայությունը բավականին թանկ արժե ողջ աշխարհում. եթե ասենք` Ուկրաինայում, Ռուսաստանում կամ Բելառուսում ԱՄՆ դոլարով դա 55-60 հազար է, ԱՄՆ-ում` 100 հազար, ապա Հայաստանում այդ թիվը 25-28 հազար է, որը ներառում է ընդհանուր գործարքի բոլոր ծախսերը: Փոխնակ մորն այդ ծառայության դիմաց տրվում է 8-10 հազար դոլար` չհաշված հղիության ընթացքում իրականացվող բոլոր ծախսերը: Տնօրենը նաև հայտնեց, որ իրենք մի պրակտիկա են մշակել, ըստ որի` փոխնակ մայրը հղիության 9 ամիսների ընթացքում առանձին է ապրում, որի ծախսերը ևս հոգում են ապագա երեխայի ծնողները:

Այս տարիների ընթացքում կազմակերպությանն են դիմել ոչ միայն հայաստանցիներ, այլև  բազմաթիվ հայեր` արտերկրից: Մխիթարյանն ասաց, որ հազվադեպ գործարքներ են կնքել նաև օտարազգի ներկայացուցիչների հետ, բայց ընդհանրապես աշխատում են հնարավորինս խուսափել նման դեպքերից և գործ բռնել հայերի հետ:

Չնայած փոխնակ մոր ինստիտուտն աշխարհում բավականին առաջընթաց է ապրել, շատ զարգացած երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Ամերիկայի որոշ նահանգներում և այլուր այն արգելված է օրենքով։ Ի դեպ, արտերկրում փոխնակ մայրերի ծառայությանն են դիմում ոչ միայն անպտղության պատճառով երեխա ունենալ չկարողացող ընտանիքները, այլև միասեռականները։ Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց երբևէ միասեռականներ չեն դիմել:

Հայաստանում փոխնակ մայրությունն ամրագրված է օրենքով: 2002-ից գործում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Սակայն ոլորտի զարգացման հետ մեկտեղ առաջ են եկել մի շարք խնդիրներ, որոնք օրենսդրական նոր լուծումներ են պահանջում: ՀՀ արդարադատության նախարարությունը վերջերս օրինագիծ է ներկայացրել Ազգային ժողով` գործող օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով:

ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի խոսքով` օրենքի փոփոխությունը պայմանավորված է հատկապես արտասահմանցիների կողմից Հայաստանում այդ ծառայությունից օգտվելու հանգամանքով: «Շատ օտարերկրացիներ, չլինելով հայազգի ներկայացուցիչ, փորձում են իրենց խնդիրը լուծել Հայաստանում,- ասում է նա,- փաստորեն, օգտագործվում է հայ կնոջ արգանդը` այլազգի երեխաներ պատրաստելու համար: Իսկ եթե ընդհանրապես դիտարկելու լինենք, այդ երևույթը վատ համբավ ունի»:

Ավագյանը նշեց, որ սահմանափակումներ մտցնելով օտարազգի ներկայացուցիչների մասով` չպետք է անտեսել նաև հայազգի ներկայացուցիչների չափն անցնելու հարցը: «Այսինքն` չպետք է լինի այնպես, որ հայ կանայք, չունենալով խնդիրներ, դիմեն այդ ծառայությանը,- ասում է նա,- օրենքում պետք է հստակ նշվի, որ կանայք այդ ծառայությունից կարող են օգտվել միայն այն դեպքում, երբ փորձել են բոլոր մեթոդները, սակայն հաջողութան չեն հասել: Իսկ գործող օրենքում այդ սահմանափակումները հստակ չեն»:

Ինչ վերաբերում է այն մտավախությանը, թե արտասահմանցիների նկատմամբ  սահմանափակումը կտարածվի նաև բազմաթիվ սփյուռքահայերի վրա, ովքեր Հայաստանում այդ միջոցով երեխա են ունենում, պատգամավորը նշեց, որ այդ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, և պետք է այնպես արվի, որ օրենքը չտարածվի նրանց վրա:

Աժ պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ընդհանրապես համամիտ չէ կառավարության առաջարկած փոփոխություններին: «Ես չգիտեմ, թե ինչն է պատճառը, որ կառավարությունն ուզում է լուրջ սահմանափակումներ մտցնել, որոնք վերաբերում են հատկապես օտարերկրյա քաղաքացիներին,- ասում  է նա,- մենք չպետք է մտցնենք արհեստական սահմանափակումներ, մոտեցումը պետք է լինի միասնական»:

Հարությունյանն առաջարկում է փոփոխություն մտցնել կոմերցիայի առումով` մատնանշելով մի շարք երկրների օրինակը, որտեղ երևույթը թույլատրված է օրենքով, սակայն մի պայմանով, որ այն չունենա կոմերցիոն բնույթ: «Թող այն կոմերցիոն չլինի, չդառնա առանձին գովազդվող ծառայություն: Իսկ կառավարությունը կարծես դա չի առաջարկում»,- ասում է նա,- ինչ վերաբերում է սահմանափակումներին, իմ կարծիքով, ամենևին կապ չունի ազգությունը. մի անձ օգնում է մեկ այլ զույգի, որպեսզի նրանք ունենան իրենց գենետիկ երեխան»:

Նրա գործընկեր Կարեն Ավագյանն էլ կարծում է, որ կոմերցիայից խուսափել հնարավոր չէ, քանի որ փոխնակ մայրերի մեծ մասը համաձայնում է  վարձատրությամբ այդ ծառայությունը մատուցել: «Այս խնդիրը պետք է դիտարկել բժշկասոցիալական սպասարկման տեսանկյունից, քանի որ լուծվում են ոչ միայն բժշկական, այլև որոշակի սոցիալական խնդիրներ,- ասում է նա,- փոխնակ մայրը կարծես դայակ է, սակայն երեխայի սաղմնային վիճակում: Իսկ մենք գիտենք, որ դայակները գումարի համար են աշխատում»:

Չնայած երևույթի վատ համբավին, շատ երկրներում օրենքով արգելմանը, ինչպես նաև այն հանգամանքին, որ դրան դեմ է Հայ առաքելական եկեղեցին, փոխնակ մայրության ինստիտուտը Հայաստանում զարգանում է: «Այն պետք է կիրառվի Հայաստանում, քանի որ ունենք վերարտադրողականության խնդիր, և սա մի միջոց է այդ խնդիրները լուծելու ճանապարհին»,- որպես բժիշկ հայտարարում է Կարեն Ավագյանը, ապա որպես պատգամավոր արձանագրում, որ ոլորտը կարգավորելու համար օրենքը լուրջ վերանայման կարիք ունի:

 

 

Դիտվել է 1516 անգամ:
Print Friendly

Leave a Reply