Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված համերգ Նյու Յորքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 8, 2011 12:53


Դեկտեմբերի 3-ին Նյու Յորքի Կառնեգի հանրաճանաչ դահլիճում ՄԱԿ –ում ՀՀ մշտական ներկայացուցչության հովանավորությամբ եւ ՀԲԸՄ հետ համագործակցությամբ կազմակերպվել էր տարբեր երկրներից ժամանած տաղանդավոր երիտասարդ կատարողների համերգ` նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին:

Միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր հայ երաժիշտների կատարմամբ Կառնեգի-հոլում հնչեցին Արամ Խաչատուրյանի, Էդվարդ Գրիգի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի եւ այլ կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործությունները:

Նանսենի հիշատակին նվիրված միջոցառմանն ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը: Նա իր խոսքում նշել է, որ Նյու Յորքում կազմակերպված համերգը, ի թիվս Հայաստանի մայրաքաղաքում եւ մի քանի տասնյակ այլ երկրներում տեղի ունեցած հանդիսավոր մշակութային միջոցառումների, նշանավորում է Նանսենի հանդեպ հայ ժողովրդի եւ նրա կառավարության տածած հարգանքն ու երախտագիտությունը: Դեսպան  Նազարյանն  անդրադարձել է Նանսենի հայանպաստ գործունեությանն Ազգերի Լիգայի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնում` ուղղված ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի բեկորների ներգաղթի, վերաբնակեցման ու վերապրելու համար պայմանների ապահովմանը:

«Մարդկային հիշողությունն օժտված է յուրահատուկ մի ունակությամբ. երախտագիտությամբ պահպանել այն մարդասերների պայծառ անունները, ովքեր իրենց կյանքն են նվիրում համընդհանուր արժեքների եւ իդեալների պաշտպանության ու հաստատման շնորհակալ գործին»,- նշել է ՀՀ դեսպանը:

Կառնեգի-հոլում  կայացած համերգին ներկա էին Ամերիկայի Արեւելյան ափի հայ համայնքի,  համայնքային կառույցների, ինչպես նաեւ Նյու Յորքում տեղակայված մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները:

 

 

 

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply