Քաղաքապետի հերթական քմահաճույքը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 8, 2011 10:47

Հանրապետության երկրորդ քաղաքում իր թանկարժեք դռներն է բացել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նոր օբյեկտը`«Ալեքսանդրապոլ» հյուրանոցը:

Շինությունը գտնվում է քաղաքի կենտրոնում, Ս. Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ: Բացումը, ի թիվս այլ միջոցառումների, ուղեկցվել է նաև տեսահոլովակով, որը տեղադրված է համացանցում և գովազդում է հյուրանոցի արտաքին շքեղությունն ու մանավանդ ներքին ճոխությունը: Վերջինն այնպիսի «մակարդակի» վրա է, որ այցելուն նրանում նույնիսկ կարող է «կրքի հպարտությունն» զգալ: Իսկ հյուրանոցի կիսաներքնահարկում գտնվող ռեստորանում տրված ճաշը այցելու հյուրերը կվայելեն «ժամեր և կհիշեն տարիներ»: Վերջին հանգամանքին գյումրեցիներն, ի դեպ, չեն էլ կասկածում` նկատի ունենալով սահմանված գները: Բայց այս ու մնացած զգացողությունները թողնենք «հպարտ կրքատերերին». մեզ առավելապես հետաքրքրում է հյուրանոցի անվանումն ու նրա  օտարալեզու գրությունը:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Գյումրին Վ. Ղուկասյանի տիրապետության տարիներին ապրել և ապրում է ոչ միայն ՀՀ օրենքներով, այլև քաղաքապետի քմահաճույքներով, որոնցից մեկն էլ նոր հյուրանոցի անվան լատինատառ փառավոր ներկայացումն է շինության գլխին: Խախտելով «Գովազդի մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքները` Վ. Ղուկասյանը ոչ միայն առաջինը չի ներկայացնում օբյեկտի հայատառ անվանումը, այլև ընդհանրապես չի ներկայացնում հայերեն որևէ բառ ու տառ նշված ցուցանակի վրա:

ALEXANDRAPOL Hotel Palace-ն (կարծես սահմանակից լատինագիր երկրում ենք) հպարտ մենության մեջ այցելուներին «ձերբազատում» է հայկական ու հայերեն ամեն բանից, որն, ըստ Ղուկասյանի, կարող էր զուգորդվել «գավառականի» հետ և, Աստված մի արասցե, ի չիք դարձնել մեծահարուստ այցելուների «կրքի հպարտությունը»:  Փոքրիկ հույսը, թե մեսրոպյան տառերը գուցե թառել են հյուրանոցի շքամուտքի գլխին գտնվող շրջանաձև ցուցանակի վրա, հօդս է ցնդում, երբ ուշադիր նայելով կարդում ենք նույն լատինատառ անվանումը: Եվրաինտեգրմանը խիստ նախանձախնդիր Վ. Ղուկասյանը հյուրանոցի ներքնահարկում գտնվող ռեստորանն էլ է փրկել «նվաստ» հայերենից. վերջինս ներկայանում է միմիայն Restaurant գրությամբ:

Ոչ ոք, անշուշտ, չի կասկածում, որ ազգասեր ու աստվածավախ քաղաքապետի նոր օբյեկտը շուտով կհյուրընկալի բազմաթիվ մարդկանց, այնտեղ կիջևանեն նաև մայրաքաղաքային մեծահարուստներն ու հայ պաշտոնյաները: Դրանց թվում, հուսանք, երբևէ կլինի նաև Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

 

Yerkir.am

Դիտվել է 778 անգամ:
Print Friendly

Leave a Reply