Ռուբեն Գևորգյանց. հայկական ֆիլմերը զիջում են արտասահմանյաններին տեխնիկայի որակով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 17, 2009 17:30

es-emՍեպտեմբերի 26-30-ը Երևանում անցկացվելիք «Ես եմ» միջազգային երիտասարդական 5-րդ կինոառատոնին ներկայացված 224 ֆիլմերից ընտրվել է 136-ը:

Այսօր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում լրագրողների հետ էին հանդիպել միության նախագահ Ռուբեն Գևորգյանցն ու մի շարք կինոգործիչներ:

«Մենք այս տարի խիստ էինք,-ասաց Գևորգյանցը,-քանի որ խաղարկային կինոն կաղում է:  Ճիշտ է, հայկական ֆիլմերը զիջում են արտասահմանյաններին` առաջին հերթին տեխնիկայի որակով, սակայն այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, շատ քիչ էին հետաքրքիր և խիզախ ֆիլմերը, չկար ոչ մի սոցիալական ֆիլմ»:

Ֆիլմերի մեծ մասը հայկական են, սակայն ֆիլմեր են ներկայացվել նաև ԱՄՆ-ից (շուրջ 20 ֆիլմ), Ռուսաստանից, Պարսկաստանից, Իսրայելից, Չեխիայից, Իտալիայից:

Տնտեսական ճգնաժամը չի ազդել փառատոնի կազմակերպման վրա: Ավելին, ինչպես նշեց Գևորգյանցը, «այս տարի ֆինանսապես շատ ավելի ապահովված են, քան նախորդ տարիներին, քանի որ բազմաթիվ հովանավորներ ունեն»:

Փառատոնի համար սահմանված է մեկ «Գրան պրի» և հինգ մրցանակ՝  «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում:

Վերջերս նկարահանված «Սպանված աղավնի» ֆիլմի վերաբերյալ լրագրողները կարծիք  խնդրեցին կինոռեժիսորներից. ըստ Գևորգյանցի՝ «թեման արդիական չէ, ուստի իմաստ չուներ դրա հիման վրա ֆիլմ նկարահանել»: Բեմադրիչ-ռեժիսոր  Միքայել Դովլաթյանն էլ հավելեց, որ «Սպանված աղավնի» վեպը գեղարվեստական այնպիսի արժեք չի ներկայացնում, որի հիման վրա կարելի էր ֆիլմ նկարահանել:

Դիտվել է 2118 անգամ:
Print Friendly

Leave a Reply