Սամվել Ալեքսանյանը ճգնաժամը չի զգացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 8, 2011 8:37

Բլից հարցազրույց ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ։

-ՌԴ-ում հրաժարվեցին մեծամասնական ընտրակարգով ընտրություններից, եւ վերջին ընտրություններն անցկացվեցին բացառապես համամասնական ընտրակարգով։ Հայաստանում կարծում եք այդ մոդելը հնարավո՞ր է կիրառել, հատկապես, որ որոշ կուսակցություններ պահանջում են դա։

-Ոնց կա, նորմալ ա։

-Այսինքն, այսօր առկա համամասնությունը՝ 86/45, ձեզ բավարարո՞ւմ է։

-Այո։

-Դուք առաջիկա ընտրություններում մեծամասնական ընտրակարգո՞վ կառաջադրվեք, համամասնակա՞ն, թե՞ չեք առաջադրվի։

-Եթե մեր համայնքի ժողովուրդը ուզենա՝ կդնեմ, չեն ուզենա՝ չեմ դնի։

-Եվ ինչպե՞ս եք պարզելու ուզում են, թե ոչ։

-Ես ամեն օր շփվում եմ նրանց հետ, եթե կուզենան՝ կդնեմ, եթե չեն ուզենա, չեմ դնի։

-Այսօր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, օրինակ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին համագործակցության առաջարկ է արել, իրական համարո՞ւմ եք  համագործակցելու հնարավորությունը։

-Ինձ տենց հարցեր մի տվեք, էլի։

-Իշխանություն-ընդդիմություն պայքարի ձեր պատկերացումն ինչպիսի՞ն է։

 

-Էդ էլ մի հարցրեք, էլի։

-Լավ, տնտեսական վիճակը մեր երկրում ինչպե՞ս եք գնահատում։

-Շատ լավ։ Բայց ես բիզնեսով չեմ զբաղվում։

-Իսկ «Երեւան Սիթի» խանութների ցանցը Ձեզ հետ կապ չունի՞։

-Ես կապ չունեմ, կինս է զբաղվում։

-Դուք օգտվո՞ւմ եք ձեր խանութներում վաճառվող ապրանքից։

-Այսինքն, ո՞նց օգտվում եմ։

-Ուտո՞ւմ եք ձեր խանութներում վաճառվող ապրանքները, որոնք երբեմն ժամկետանց են լինում, թե նախընտրում եք ուրիշ խանութներից օգտվել։

-Չէ, տենց բան չկա, էդ մեր կոնկուրենտներն են ասում, որ մեր հաջողության վրա իրենք տխրում են։

-Ճգնաժամի առաջին փուլն կարծես դժվարությամբ հաղթահարվում է, բայց հիմա սպասվում է ճգնաժամի նոր փուլ…

-Չկա տենց բան։

-Դուք չե՞ք զգացել այդ ճգնաժամը։

-Չէ, չեմ զգացել։

-Իսկ անցած ճգնաժամը ձեր կնոջ բիզնեսի վրա ազդեցություն չունեցա՞վ։

-Մի թեթեւ ունեցավ, բայց հիմա անցավ։

-Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ օլիգարխները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, անկախ ամեն ինչից, դուք օլիգարխի համբավ ունեք, ինչքան էլ հիմա պնդեք, որ «Երեւան Սիթին» ձերը չէ։

-Մեր նախագահը ինչ ասում է, ճիշտ է ասում։

-Այսինքն, դուք չե՞ք զբաղվելու քաղաքականությամբ։

-Չէ, ես բիզնեսով չեմ զբաղվում, ես պոլիտիկայով եմ զբաղվում։

-Բայց «պոլիտիկայից» հարցեր եմ տալիս, չեք պատասխանում։

-Լավ ես գնամ, էլի։

 

Զրուցեց Դիանա Մարկոսյանը

a1plus.am

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply