Ադրբեջանում ոստիկանները արգելել են կրոնական արարողություն անցկացնել. փակվել են մզկիթներ տանող ճանապարհները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 8, 2011 8:04

Ադրբեջանի Գյանջա քաղաքում Աշուրա օրվան նվիրված սգո արարողությանը մասնակցելու համար հոգեւորականներ են ձերբակալվել, բացի այդ ոստիկանությունը փակել է դեպի մզկիթներ տանող ճանապարհը: Այդ մասին հայտնում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` վկայակոչելով Գյանջայի բնակիչների հաղորդած տեղեկությունները: Նրանք, մասնավորապես, ասել են, որ քաղաքի ոստիկանական վարչության պետ Ռասին Մուսաեւը հոգեւորականներին հավեքել է եւ նախազգուշացրել, որ զանգվածային հավաքներ չկազմակերպեն: Այդուհանդերձ, «Իմամզադե» կոչվող ուխտատեղու մոտ հազարավոր մարդիկ են հավաքվել, ովքեր փորձել են շարժվել «Իմամզադեի» դամբարանի ուղղությամբ: Սակայն ոստիկանությունը արգելել է երթը եւ հոգեւորականներից շատերին ոստիկանական բաժանմունք տեղափոխել:

«Մզկիթներ տանող բոլոր ճանապարհները փակել են: Ոչ ոքի չեն թույլատրել ոտքով գնալ «Իմամզադե» եւ արգելել են հավաքները: Մի քանի երիտասարդների «Ալլահ-Աքբար» բացականչելու համար ոստիկանները ծեծել են»,- հայտնել է հոգեւորականներից մեկը, գրում է թերթը:

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները դեկտեմբերի 6-ին նշել են Աշուրայի օրը: Նշենք, որ նախքան այդ ոստիկանությունը սպառնացել էր հոգեւորականներին չկազմակերպել սգո արարողություններ: Կովկասի մահմեդականների առաջնորդ, շեյխ Ալահշուքյուր Փաշազադեն անցյալ շաբաթ հայտարարություն է տարածել, որի համաձայն փողոցներում հավաքվելը ու սգո միջոցառումներ կազմակերպել հակասում է կրոնին:

Այդուհանդերձ, Թասու եւ Աշուրա օրերին հոգեւորականները որոշել են սգո արարողություններ կազմակերպել: Սգո բազմամարդ միջոցառում է կազմակերպվել նաեւ Բաքվում:

Նշենք, որ Աշուրան շիա մահմեդականների կողմից մահմեդական Մուհարրամ ամսվա 10-րդ օրը նշվող կրոնական տոնակատարություն է, որ երբեմն նաեւ կոչում են Շահսեյ-վահսեյ: Աշուրան շիա մահմեդականների համար սգո օր է .այս օրը նրանք հիշում են 680 թվականին Քերբելում սպանված իմամ Հուսեյնին՝ մարգարե Մուհամմեդի թոռանը: Այս օրը փողոցներով անցնում են սգո թափորներ,  որոնց  ուղեկցող եւ սպիտակ խալաթ կրող հավատավոր մահմեդականները ծանր մետաղյա շղթաներով  ու  մտրակներով խարազանում են իրենց եւ կանչում` «Շահ Հուսեյն, վահ, Հուսեյն» (Արքա Հուսեյն, ախ, Հուսեյն):

 

NEWS.am

 

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply