Վարդան Օսկանյանը 1991թ.-ից ի վեր չի տեսել արդար ընտրություններ
ՔԱՂԱՔԱԿԱՆ | Հայկուհի Բարսեղյան | հունիսի 9, 2009 19:28
«Արդար ընտրություններ Հայաստանում չեն եղել 1991 թ-ից ի վեր, բացառություն չէին նաև Երևանի ավագանու ընտրությունները. Հայաստանյան ընտրություններում հիմնական դերակատարում ունեն փողը և ադմինիստրատիվ ռեսուրսները». այսօր ասաց «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ընտրական իրավունքը» թեմայով քննարկման ժամանակ:
Արդար ընտրությունները, ըստ Օսկանյանի, կարևոր նախապայման են ժողովրդավարական պետության կայացման և բարգավաճման համար: Սակայն ժողովրդավարությունը շինծու կլինի, եթե արդար ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում կատարվեն ոչ ժողովրդավարական գործընթացներ. սրանից խորը հիասթափություն կառաջանա հանրության մեջ:
Օսկանյանը նաև նշում է, որ ընդդիմությունը ոչ թե նպատակ պետք է դարձնի ամեն գնով իշխանափոխության հասնելը, այլ «իր մասնակցությունը ընտրություններին պիտի դիտարկի որպես հասարակությունում ճիշտ հակակշիռ ստեղծելու հնարավորություն»:
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ասում է, որ ընդդիմադիր կողմնորոշում ունեցող մի ստվար զանգված չմասնակցեց ընտրություններին, քանի որ ընդդիմության շարքերում չտեսավ իր քվեին արժանի թեկնածուի. ընդդիմությունը ձայներ կորցրեց սխալ ռազմավարության պատճառով:
Հարությունյանը նշում է, որ հասարակությունը պետք է որոշի, թե ինչպիսին պետք է լինի պետությունը: Մինչդեռ այսօր հասարակությունում առաջնային են նյութական արժեքները և ավելի ու ավելի երկրորդական են դառնում հոգևոր արժեքները• «քաղաքական ուժերին ավելի ձեռնտու է ունենալ նյութականացված ընտրազանգված, քանի որ այն ավելի հեշտ է կառավարել»:
Հարությունյանի խոսքերով` այսօր քաղաքական ուժերը պայքարում են ավելի շատ իշխանության, քան թե ժողովրդավարության համար:
Անարդար ընտրությունների համար, ըստ Հարությունյանի, իրենց մեղքի բաժինն ունեն թե’ պետությունը, թե’ ընդդիմությունը և թե’ շարքային քաղաքացիները:





Facebook
Tweet This