«Եթե քաղաքացին այդ վիճակագրությունը ձեռքին մտնի տոնավաճառ` իրեն էժան բո՞ւդ են տալու, թե՞ կարտոֆիլ…»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2011 20:29

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց Ամանորի շեմին ավանդույթ դարձած աննախադեպ գնաճի հարցը: «Երեկ բնակիչներն արդեն իսկ բողոքում էին, որ հայկական ընտանիքներում այդքան սիրված խոզի բդի կիլոգրամը դարձել է 3000 դրամից ավելի»,-ասաց նա` ցանկանալով, որ կառավարությունը վերջապես բացատրություն տա այս «ֆենոմենին», միաժամանակ հիշեցնելով, որ  Տնտեսական մրցակցության ազգային հանձնաժողովին տրվել են լծակներ շուկայում գնաճի վրա ազդելու համար,-սակայն տակավին տեսնում ենք, որ որևէ քայլ չի կատարվում գնաճը զսպելու, նման անհեթեթ վիճակները բացառելու և նաև հասարակության խնդիրը մի փոքր թեթևացնելու առումով»:

Ստյոպա Սաֆարյանի մտահոգություններին արձագանքեց Ֆինանսների նախարար Վաչե Գաբիելյանը` նշելով, որ գնաճը կառավարելի է, և անհանգստանալու հարկ չկա: «Ցավում եմ, որ դուք ժամանակ չեք ունեցել ծանոթանալու տնտեսական վիճակագրությանը,-ասաց նա` մեջբերելով նոյեմբեր ամսվա վերջին հրապարակված ազգային վիճակագրության տվյալները, ըստ որոնց Հայաստանն արձանագրել է գնաճի այնպիսի ցուցանիշներ, որոնք համահունչ են տարեկան պլանավորված ցուցանիշներին,-անգամ հաշվի առնելով բոլոր սեզոնային զարգացումները, մենք կունենանք ամբողջովին ծրագրավորված գնաճ, ինչը էական ազդեցություն չի ունենա ժողովրդի բարեկեցության վրա, քանի որ դա պլանավորված գնաճի սահմաններում է»:

Ստյոպա Սաֆարյանի մտահոգությունները, սակայն չփարատվեցին, նա հարցրեց. «Եթե քաղաքացին այդ վիճակագրությունը ձեռքին մտնի տոնավաճառ` իրեն էժան բո՞ւդ են տալու, թե՞ կարտոֆիլ…»:

 

Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply