Վարչապետը` կառավարության հրաժարականի պահանջի, Նիկոյանի լոբբինգի և ՀԱԿ_ԲՀԿ համագործակցության մասին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2011 20:23

Վարչապետն Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ՀՅԴ-ի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելուն և հրաժարականի պահանջին` նշելով, որ նման տեսակետն ու պահանջը  ընդդիմադիր քաղաքական ուժի իրավունքն է, միաժամանակ նա նշեց. «Քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա, որպեսզի կառավարությունը հրաժարական տա,-հայտարարեց Տիգրան Սարգսյանը,-մենք Ազգային ժողովում ունենք բացարձակ մեծամասնություն, կառավարելիության մակարդակը բավականին բարձր է, մշտապես ուսումնասիրում ենք նաև մեր բնակչության կարծիքը կառավարության իրականացրած միջոցառումների վերաբերյալ, հստակ պատկերացնում ենք, թե ովքեր են գոհ, ովքեր են դժգոհ»:

Լրագրողներից մեկի հնչեցրած հարցին, թե ճ՞իշտ են այն լուրերը, որ Սամվել Նիկոյանի լոբբինգով իշխանության շրջանակներում ինքն է զբաղվել, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Ձեր երևակայությունը սահմաններ չունի: Այդպիսի բան չկա,-ասաց նա,-Սամվել Նիկոյանը շատ արդյունավետ աշխատել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում ու շատ տրամաբանական էր, որ, եթե ԱԺ նախագահը հրաժարական է տալիս, իրեն փոխարիներ Սամվել Նիկոյանը: Այդ տրամաբանությամբ էլ պայամանվորված էր մեր կուսակցության որոշումը»:

ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հավանականության վերաբերյալ հարցը վարչապետը չմեկնաբանեց: Միաժամանակ նշեց, որ կոնգրեսի առաջնորդը ներկայացրել է իր վերլուծությունը` ասելով, որ դա ընդամենը վերլուծություն է, իսկ սուբյեկտներն, ովքեր պետք է մեկնաբանեն այդ վերլուծությունը, ազատ են իրենց մեկնաբանությունների մեջ:

 

 

Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply