Վաղը տեղի կունենա «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի մենահամերգը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 7, 2011 16:53

Վաղը` դեկտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի բեմում տեղի կունենա «Նարեկացի»   ժողովրդական նվագարանների համույթի այս տարվա ամենամեծ մենահամերգը: Համույթը կներկայանա բեմական նոր հանդերձանքով, նոր ու ուշագրավ` յուրօրինակ մեկնաբանություններով, մշակումներով և պրեմիերաներով հագեցած համերգային ծրագրով: Կհնչեն աշուղական, ժողովրդական, ազգագրական երգեր, կտորներ հայ հոգևոր երաժշտությունից, ինչպես նաև հայ դասական ստեղծագործությունների մի շարք փոխադրումներ:  Համերգի ընթացքում ներկայացվող բոլոր ստեղծագործությունները կմեկնաբանի ազգագրագետ Արուսյակ Սահակյանը:

Հրատարակվել է նաև Համույթի կազմում ընդգրկված նվագարանները ներկայացնող պատկերազարդ գրքույկ, որտեղ հանրամատչելի բացատրություններով նկարագրված են ավանդական նվագարանների կառուցվածքային ու ձայնավերարտադրողական առանձնահատկությունները, հետաքրքրական փաստեր նվագարաների պատմության, զարգացման ուղու, դրանց հետ կապված առասպելների մասին: Գրքույկում նաև վկայակոչվում են ներկայացվող նվագարանների` հնէաբանական աղբյուրներից պեղված նախատիպային գտածոնրը, հատվածներ հայ պատմիչների վկայություններից: Զետեղված են նաև ներկայացվող փողային, լարային և հարկանային նվագարանների` միջնադարյան մանրանկարչության մեջ հանդիպող պատկերագրումները: Ճանաչողական այս գրքույկը, որ տրամադրվելու է բոլոր ներկաներին, հրատարակվել է ազգային երաժշտությունն ու նվագարանները հանրայնացնելու և դրանց մասին հանրության լան շրջանակների իրազեկությունը բարձրացնելու նպատակով:

Համույթի բեմական նոր զգեստների ձևավորումն իրականացրել է հագուստի մոդելավորող Լալա Սարգսյանը: Կարմիր և սև գույների գեղեցիկ հակադրության վրա հիմնված բեմական այս նոր հանդերձը յուրօրինակ հեղինակային աշխատանք է, որում ավանդական մեզարները ստացել են ժամանակակից բեմի գեղագիտական պահանջներին համապատասխանող վայելուչ ձևածք և առանձնանում են Լալա Սարգսյանի հեղինակային զարդանախշերով ստեղծված ոճավորումներով:

Հիմնադրման օրվանից, «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի գեղարվեստական ղեկավարն է անվանի թառահար և խմբավար Հովիկ Սահակյանը, ով թառահարի և նվագախմբի դիրիժորի բարձրագույն որակավորում է ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի առաջին թառահարը և ունի մանկավարժական հարուստ կենսագրություն «Նարեկացի»  ժողովրդական նվագարանների համույթում, Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի և Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցներում:

«Նարեկացի»  ժողովրդական նվագարանների համույթը կազմավորվել է ազգային երաժշտության ու նվագարանների հանդեպ երիտասարդների սերն ու հետաքրքրությունը վերականգնելու տեսլականով, և ժողովրդական երաժշտություն կատարողների շարքերը երիտասարդներով համալրելու մտայնությամբ: Համույթը կազմավորվել է դեռ 2005 թվականին «Նարեկացի»  արվեստի միությունում կազմակերպված  թառի ու քամանչայի անվճար դասընթացների հենքի վրա: Այդ տարիներին հանրապետության երաժշտական  դպրոցներում ժողովրդական նվագարանների դասարանները դեռևս վճարովի էին և «Նարեկացի»-ն սահմանել էր հատուկ կրթաթոշակ պատանի կատարողների մասնակցությունն ու հետաքրքրությունը խրախուսելու համար: Այսօր արդեն «Նարեկացի»   ժողովրդական նվագարանների համույթը կայացած ու համերգային գործունեության հարուստ կենսագրությամբ անսամբլ է:  2008թ-ի օգոստոսի 27-ի իր անդրանիկ ելույթից  ի վեր համույթը համերգային  ու հյուրախաղային երկար ուղի է անցել`  Երևանի տարբեր բեմերով, Հայաստանի մարզերով և Արցախով, Ֆրանսիայի Լիոն, Թուլուզ, Փարիզ, Սարլա, Քահոր, Ռոման, Սեն Շամասի  քաղաքներով, Շվեյցարիայի Ժնևով, Ցյուրիխով, Լուգանոյով…

Համույթի թողարկած ձայնասկավառակը ճանաչվել է «Տարվա լավագույն ալբոմ»` 2010 թվականի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը:

 

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply