ՀՅԴ-ն կառավարությանն անվստահություն հայտնելու հարց է բարձրացնում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2011 15:40

Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության պատասխանատվության մասին» ՀՅԴ հարցապնդումը: Ըստ Ռուստամյանի, Կառավարությունը չի իրականացրել Ազգային ժողովում վավերացված 2008-2011 թթ. ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը, ինչը Սահմանադրության խախտում է:

Խոսելով կառավարության տված ծրագրային խոստումների, ձեռնարկած գործողություների և ստացված արդյունքների անհամապատասխանության մասին` Ռուստամյանը նշեց. «Ընդունելով հանդերձ առկա անհամապատասխանությունները, կառավարությունն այն բացատրում է ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամով և <<….նախկինից ժառանգված արտաքին ցնցումների նկատմամբ խիստ զգայուն տնտեսական համակարգով, ինչպես նաև ոչ արդյունավետ սոցիալական ենթակառուցվածքներով, որոնց շտկմանը ձեռնամուխ է եղել կառավարությունը,-ասաց նա,-կառավարության գրավոր պատասխանում նաև նշված է, թե ճգնաժամը հաղթահարված է, տնտեսությունը թևակոխել է վերելքի փուլ` ի դեմս գրանցված տնտեսական աճի, սակայն ճգնաժամի հետևանքները և պատճառները ամբողջությամբ շտկված չեն, ինչը պահանջում է շատ ավելի երկար ժամանակահատված»:

Ռուստամյանն անդրադարձավ նաև Հայաստանի արտաքին պարտքի ավելացմանը, վարկային միջոցների տեղաբաշխմանը, ծառայությունների ոլորտին, աղքատության բարձր մակարդակին, գործազրկությանը և այլն:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՅԴ պատգամավորի հարցին, թե արդյո՞ք կառավարությունը գնացել է իր նախանշած ուղղություններով, պատասխանեց, որ իրենք մշտապես հետամուտ են եղել կոալիցիոն հուշագրում տեղ գտած նպատակներին: «Ճիշտ է, ֆինանսատնտեսական ճգնաժամը որոշակի շեղումեր մտցրել է այն ցուցանիշների մեջ, որոնք մենք նպատակադրվել էինք ունենալ 2008-ին, բայց չի շեղել դրանց հասնելու ուղղությունը,-հայտարարեց նա,-այո, կառավարությունը պարտքն ավելացրել է, սակայն աշխարհում չկա մի երկիր, որը համաշխարհային ճգնաժամի պայմաններում պարտքն ավելացրած չլինի` այդ թվում նաև զարգացած տնտեսություն ունեցող ԱՄՆ-ն, Եվրոպական մի շարք երկրներ»:

Ըստ նախարարի, ճգնաժամի դեմ պայքարելու լավագույն ճանապարհը նոր պարտքի նեգրավումով հնարավոր ցնցումներից խուսափելն էր, ինչին ի պատասխան Ռուստամյանն ասաց. «ճգնաժամը շատերին է ծանր վիճակի մեջ դրել, բայց մի շարք նորմալ երկրներում մեր աչքի առաջ կառավարությունները հրաժարական են տվել»:

Եզրափակիչ ելույթում Արմեն Ռուստամյանը բարձրացրեց ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Հարցապնդումը քվեարկության կդրվի վաղը:

Դիտվել է 700 անգամ:
Print Friendly

Leave a Reply