Հայաստանը համաշխարհային կրթական զարգացումների մասնակից

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2011 15:24

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի է ունեցել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների միջազգային կրթական համաժողով` նվիրված բարձրագույն կրթության  որակավորումների ճանաչման գործընթացին, որը անցնում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ: Համաժողովին մասնակցել են տարածաշրջանի 26 երկրի,  ինչպես նաև   Վատիկանի ներկայացուցիչները: Եվս 9 երկիր տարբեր տարածաշրջաններից մասնակցել են դիտորդի կարգավիճակով: Համաժողով  բացել է  Ճապոնիայի Կրթության, կուլտուրայի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարը, ով իր խոսքում կարևորել է կոնվենցիայի նշանակությունը  բարձրագույն կրթության  հետագա զարգացման համար: Համաժողովի ընթացքում ներկայացվել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման միջազգային կոնվենցիայի խմբագրված տարբերակը, որի հիմնական նպատակն է որակավորումների ճանաչման թափանցիկ  ընթացակարգերի միջոցով անդամ երկրների միջև ակադեմիական փոխհամագործակցության ամրապնդումը: Հայաստանի Հանրապետությունը ի թիվս այլ 11 երկրների ( Չինաստան, Ճապոնիա, Կորեա, Թուրքիա, Վատիկան և այլն) ստորագրել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության  որակավորումների ճանաչման միջազգային կոնվենցիան, ինչը հնարավորություն կտա ամրապնդել գոյություն ունեցող աշխարհագրական, մշակույթային, կրթական, գիտական և տնտեսական կապերը, միաժամանակ պահպանելով կրթական համակարգերի ազգային առանձնահատկությունները,  կխթանի մեր երկրների  միջև ուսանողների և  բուհերի դասախոսական կազմի  ներգնա և արտագնա   շարժունությունը,  մարդկային ներուժի արդյունավետ օգտագործումը գիտելիքների առաջընթացի   համար և բարձրագույն կրթության որակի ապահովումը: Այսօր մեծ արագությամբ աճող  հանրային, մասնավոր, տրանսազգային  բուհերի թիվը,   ինչպես նաև  տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը կրթության ոլորտում, առաջ են քաշել նոր տիպի որակավորումների ճանաչման և որակի ապահովման  հիմնախնդիրներ: Կարիք է առաջացել  ազգային մակարդակներում   ներդնել  ուսման արդյունքների վրա  հիմնված ճանաչման թափանցիկ   գործիքներ: Կոնվենցիան սահմանում է որակավորումների ճանաչման ընդհանուր սկզբունքներ և չափանիշներ, որոնք կարևոր նախապայման են և հնարավորություն են տալիս ստեղծելու արդյունավետ ու թափանցիկ գործիքներ Հայաստանի կրթական ծառայությունները օտարերկրյա քաղաքացիների համար գրավիչ և մրցունակ դարձնելու առումով: Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման տարածաշրջանային կոնվենցիան Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է ՀՀ Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) տնօրեն Գայանե Հարությունյանը: Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման  տարածաշրջանային  կոնվենցիան ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 1993 թվականին, որին դեռ այն ժամանակ ի թիվս 21 այլ երկրների միացել է նաև Հայաստանը: Կոնվենցիայի նոր տարբերակում սահմանվել են  համագործակցության  ավելի արդյունավետ ու գործուն մեխանիզմներ  բարձրագույն կրթության համակարգի ակադեմիական որակավորումների փոխճանաչման ասպարեզում:

Դիտվել է 751 անգամ:
Print Friendly

Leave a Reply