Գագիկ Ծառուկյանն ու Ռուստամ Գասպարյանը հանդիպել են եւ եկել ընդհանուր հայտարարի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 7, 2011 15:03

Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում, դեկտեմբերի 1-ին, ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան մոտակայքում կրակոցներից հետո Ռուստամ Գասպարյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը Ռուստամ Գասպարյանի հետ:

Պարոն Գասպարյան, Հայաստանից ձեր բացակայության օրերին կրակոցներ հնչեցին Ջանֆիդա համայնքում գտնվող Ձեր տան ուղղությամբ: Վերադառնալուց հետո արդյոք ճշտե՞լ ենք, թե ովքեր են եղել կրակողները:

Այո ճշտել ենք: Խմած լակոտներ են եղել: Բայց տան վրա չեն կրակել: Փողոցում են կրակել, իսկ իմ տունը գտնվում է կենտրոնական ճանապարհի վրա:

Ամեն դեպքում այդ կրակոցները, որեւէ կապ ունեցե՞լ են Ձեր կուսակցական պատկանելիության հետ: Դեպքից հետո մամուլում շրջանառվող վարկածներից մեկի համաձայն, կրակոցները պայմանավորված են ԲՀԿ-ՀՀԿ լարվածությամբ:

Չէ, կուսակցությունն այդտեղ ի՞նչ կապ ունի: Լակոտները հարբած մտել են գյուղ ու կրակել: Այս միջադեպը մի կապեք կուսակցությունների հետ նման բան չկա:

Լավ, իսկ կրակողները Ձեր, Ձեր ընտանիքի անդամների հետ երբեւէ  որեւէ առնչություն ունեցե՞լ են:

Չէ հարբած լակոտներ են եղել. դրանց հետ ես ի՞նչ առնչություն պետք է ունեցած լինեի:

Ասում են նաեւ, որ այդ երիտասարդները, հնարավոր է, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի մարդիկ եղած լինեն:

(Լռում է) Այ դա չեմ կարող ասել, թե ում մարդիկ են եղել: Ճշտվել է, որ հարբած լակոտներ են եղել, բայց ում մարդիկ են, ես չգիտեմ:

Իսկ նրանց դեմ բողոք ներկայացնելո՞ւ եք, պատժիչ միջոցներ կիրառելո՞ւ եք, թե` ոչ:

Դե օրգանը տեղյակ է արդեն: Ես ինքս հանրապետությունում չեմ եղել: Բայց գյուղապետը, հարեւանները եւ էլի մարդիկ ցուցմունքներ են տվել ըստ դրա, երեւի օրգանը կզբաղվի:

Լավ Դուք չե՞ք ցանկանում իմանալ, թե ով է նրանց այդ պատվերը տվել:

Ըտեղ պատվերի բան չկա: Ի՞նչ պատվեր տաս: Հարբել են, եկել իրենց գլխու խելքները տվել է, կրակել են էլի:

Ամեն դեպքում դեպքից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպե՞լ եք: Եվ, եթե այո ի՞նչ հայտարարի եք եկել:

Իհարկե, հանդիպել եմ: Եվ եկել ենք համոզման, որ սա քաղաքական որեւէ ենթատեքստ չունի: Քաղաքական ենթատեքստ այստեղ չկա: Այսինքն` ես այդ ձեւ ներկայացրել եմ նրան նա էլ այդ ձեւ ընդունել է:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում դեկտեմբերի 1-ին, առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան մոտ կրակոցներ են հնչել: Բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ Ռուստամ Գասպարյանը բացակայում է Հայաստանից: Ջանֆիդայի  գյուղի գյուղապետ Էդիկ Մանուկյանը NEWS.am-ին հայտնել էր, որ տուժողներ  չեն եղել, քանի որ կոնկրետ տան վրա չեն կրակել, այլ` օդ: «Լսողներ են եղել: Կոնկրետ տեսնողներ չեն եղել: Տուժողներ չկան: Բայց 2-3 տեղ կրակոց ա եղել: Ժողովուրդը մտածել է, թե հրացանի կրակոցներ են, բայց պարզվել է, որ ավտոմատի կրակոցներ են եղել»,- նշել է գյուղապետը:

Գյուղացիներն էլ պատմել են, որ երկու մեքենա են գյուղով արագ անցել եւ կրակոցներ արձակել Ռուստամ Գասպարյանի տան ուղղությամբ:

Հ.Գ. Թեեւ Ռուստամ Գասպարյանը հայտարարում է, որ ճշտել են, թե ովքեր են եղել կրակողները, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնից NEWS.am-ի թղթակցին փոխանցեցին, որ սույն գործով դեռեւս ձերբակալվածներ չկան եւ այս պահին ավելին ասել չեն կարող:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

 

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply