Հնգակողմ հայտարարությունը`հարված Ադրբեջանի հռետորիկային և քաղաքական ու ռազմական պրակտիկային

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2011 14:56

Վիլնյուսում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 18-րդ նստաշրջանին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ֆրանսիայի, ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչների, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ ընդունվեց հնգակողմ հայտարարություն, որում կողմերը ևս մեկ անգամ վերահաստատեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը ընդունած հայտարարության դրույթներում տեսնում է ինչպես դրական, այնպես էլ մտահոգիչ կետեր:

Նրա խոսքով` հայտարարության ամենակարևոր դրույթներից է այն, որ կողմերը հաստատել են իրենց դիրքորոշումը. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն  այլընտրանք չունի  և ռազմական լուծումն անընդունելի է: Ըստ քաղաքագետի` այս դրույթներով հօդս է ցնդել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների իմաստը, սպառնալիքները և պարզ է դարձել, որ այդ ամենն արվում է ներքին լսարանի համար:

Քաղաքագետը կարևորում է նաև դրույթը, ըստ որի բանակցային գործընթացը շարունակվելու է բացառապես Մինսկի խմբի շրջանակներում, որով էլի ձախողվում են Ադրբեջանի` գործընթացը այլ հարթակներ տեղափոխելու փորձերը: Մյուս կողմից, սակայն, բանակցային հին ձևաչափը պահելու հայտարարույթունը նշանակում է, որ առաջիկայում ԼՂՀ-ն  էլի չի դառնա բանակցող կողմ:

Մարկարովը կարևորում է, որ կողմերը համաձայնել են մանրակրկիտ մեխանիզմներ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ուսումնասիրության համար. նման համաձայնության էին եկել դեռևս 2011 թվականի մարտին Սոչիում նախագահներ Ալիևի, Սարգսյանի ու Մեդվեդևի հանդիպման ժամանակ, բայց գործնական քայլեր չէին ձեռնարկվել:

«Չնայած կոչը կոնկրետ հասցեատեր չունի, բայց դժվար թե կարելի լինի ենթադրել, որ կոչն ուղղված է Հայաստանին, այն ավելի շատ ուղղված է Ադրբեջանին` այն կողմին, որը պարբերաբար իրականացնում է պրովոկացիաներ շփման գծում,- ասում է Մարկարովը:- Տվյալ պարագայում ևս մեկ հարված Ադրբեջանի հռետորիկային և քաղաքական ու ռազմական պրակտիկային»:

Որպես մտահոգիչ կետ Մարկարովը նշում է այն, որ առաջին անգամ պաշտոնապես հայտարարվել է ԼՂ ստատուս քվո կարգավիճակի անընդունելի լինելու մասին:

Անդրադառնալով ապագա զարգացումներին` Մարկարովը նշում է, որ քիչ է հավանական, որ առաջիկայում ինչ-որ գործուն փաստաթուղթ  կընդունվի կամ որ կմեծանա ճնշումը Հայաստանի և Ադրբեջանի վրա` լուծման հասնելու համար: Պատճառն այն է, որ Հայաստանը թևակոխում է նախընտրական փուլ:

 

Դիտվել է 794 անգամ:
Print Friendly

Leave a Reply