Մարմնամարզության Հայաստանի երիտասարդական առաջնությունը չորրորդ տարին անընդմեջ կանցկացվի Գյումրիում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 17, 2009 16:55
Սեպտեմբերի 20-25-ը Գյումրիում կանցկացվի մարմնամարզության Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որն ընտրական բնույթ է կրելու: Ընդ որում, 4-րդ տարին անընդմեջ է, որ այս մարզաձևի ՀՀ երիտասադական առաջնությունը կազմակերպվում է Գյումրիում:
Այդ ստուգատեսի արդյունքով համալրվելու է մեր երկրի երիտասարդական հավաքականը, որը նախապատրաստվելու է հաջորդ տարի ապրիլին Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Այս մարզաձևում երիտասարդ են համարվում մինչև 18 տարեկան մարզիկները: Հայաստանի երիտասարդական հավաքականում տեղ զբաղեցնելու են հավակնում երևանցիներ Վահան Վարդանյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, գյումրեցիներ Արամ Մուրադյանը, Մարգար Մովսիսյանը:
Մարմնամարզության ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն «Անկախ»-ին հայտնեց, որ մեր երկրին իրավունք է վերապահվում Եվրոպայի երիտասարդական առաջնության գործուղել բոլոր այս մարմնամարզիկներին, սակայն ֆինանսների պակասի պատճառով Հայաստանից հանդես կգա միայն երկու ներկայացուցիչ: Ընդ որում, Եվրոպայի երիտասարդական առաջնությունն էլ իր հերթին վարկանշային է: Մարզիկները պայքարելու են Սինգապուրում 2010-ի օգոստոսին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ լրացնելու համար: Այդ ստուգատեսի մարմնամարզության մրցաշարում բազմամարտում 1-14-րդ տեղերը գրավողներն իրավունք կստանան՝ մասնակցելու օլիմպիական այդ խաղերին:






Facebook
Tweet This
Email This Post
