Համագործակցության հուշագիր են ստորագրել

Պաշտոնական, Օրվա լուր | | December 7, 2011 10:52

Դեկտեմբերի 6-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ստեղծելով աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը` ԱՌՆԱՊ-ը, աղետների ռիսկի նվազեցման գործընթացի մեջ է ներգրավում ոչ միայն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, այլև մասնավոր, նաև` ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններին և ընկերություններին։ Դրանցից առաջինը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն է։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն կհամագործակցեն հետևյալ ոլորտներում.

Տեխնածին վթարների, տարերային աղետների կանխարգելում, դրանց հնարավոր հետևանքների նվազեցում և վերացում.

Տեխնածին վթարների և տարերային աղետների կանխատեսում, մոնիտորինգ և վաղ ազդարարում.

Բնակչության իրազեկում և պատրաստվածության բարձրացում.

Քաղաքացիական պաշտպանության ոլորտում համատեղ գործունեություն.

Արագ արձագանքման, վթարավերականգնողական, որոնողափրկարարական, տարհանման և այլ աշխատանքների համատեղ կազմակերպում.

Կադրերի պատրաստում և վերապատրաստում, ուսումնական բազաների ձևավորում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի գլխավորությամբ։

Արտակարգ իրավիճակների նախարարը, հիշատակելով Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի հետևանքների վերացման ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցների դրսևորած աջակցությունն ու պրոֆեսիոնալիզմը, նշեց, որ ԱԻ նախարարությունն ու «Հարավկովկասյան երկաթուղին»  համատեղ բազմաթիվ քայլեր ունեն անելու և ծրագրեր իրականացնելու երկրում արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման և երկաթուղու անվտանգ շահագործման բնակավառում։

Հյուրերը շրջեցին նախարարության տարածքում, հետևեցին ԱԻՆ բարձրահարկ սեյսմակայուն նորակառույցի շինարարության ընթացքին։ Հյուրերն առանձնապես տպավորված էին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնով` աղետների կառավարման, խոցման գոտիների ավտոմատ տեղորոշման, կոնկրետ երկաթուղային գծերի և դրանց սպառնացող բոլոր տեսակի վտանգների ու ռիսկերի ծրագրերով, 911 ծառայությամբ։

 

 

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply