Հայաստանը կարող է լինել Նաբուկո գազատարի մասնակից` Իրան-Հայաստան գազատարով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 17, 2009 16:30

Ձախից` Սևակ Սարուխանյան

Աջից` Սևակ Սարուխանյան

Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանի մասնակցությունը Նաբուկո գազատարին, ըստ Նորավանք գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանի, իրատեսական է. Իրան-Հայաստան գազատարով գազ կտեղափոխվի եվրոպական երկրներ:

Սակայն նա նաև նշում է, որ հավանական չէ Ադրբեջան-Հայաստան գազատարի կառուցումը. «Անգամ Ղարաբաղյան հարցի լուծման դեպքում այս երկրների միջև փոխադարձ երկարաժամկետ վստահություն չի ձևավորվի»:

Նաբուկոն, ըստ Սարուխանյանի, վերջին 10-ամյակի ամենախոշոր գազատրանսպորտային նախագիծն է: Այն ենթադրում է գազատար ցանցի կառուցում Կենտրոնական Ասիայից մինչև Իրան ու Ադրբեջան, որի միջոցով ԵՄ երկրներին կարող է մատակարարվել տարեկան մինչև 100 մլրդ խմ բնական գազ:

Սարուխանյանի խոսքերով` Եվրոպան 2016-ին կզգա իրանական գազի կարիքը, ուստի առաջիկա 3-4 տարիներին  ԵՄ-ն և Իրանը եվրոպական երկրներ գազի ներկրման համաձայնություն կկնքեն, և Իրանը կմիանա Նաբուկո ծրագրին, այլսպես «այս նախագիծն անիմաստ կդառնա, քանի որ ադրբեջանական գազի համար տրանզիտային ճանապարհ արդեն կա, Նաբուկոն նախատեսված է իրանական և թուրքմենական գազի համար»: Ադրբեջանը և Թուրքմենստանը Կասպից ծովի հատակի սահմանագծման շուրջ վեճեր ունեն, ուստի թուրքմենական գազի` Եվրոպա հասցնելու ուղին մնում է Իրանը:

Սարուխանյանի խոսքով` դեպի Եվրոպա գազի փոխադրումը չի կատարվելու  տարածաշրջանում միայն Հայաստանով, քանի որ գործում է նաև Թավրիզ-Էրզրում գազատարը, որի հզորությունն առաջիկայում նախատեսվում է մեծացնել:

Իրանն իր բնական գազի ծավալներով աշխարհում 2-րդն է, և տարեկան արտահանման ծավալը կարող է հասնել մինչև 170 մլրդ խմ: Այս երկրում աստիճանաբար մեծանում է նաև բնակչության պահանջարկը, և գազի արտահանման միջոցով ֆինանսական միջոցներ ստանալն առաջիկայում կենսական կդառնա Իրանի համար:

«Թուրքիան այս գազատարի կառուցմամբ կդառնա կարևոր տարանցիկ երկիր և կունենա կարևոր քաղաքական խաղաքարտ: Սակայն Հայաստանը ևս կունենա իր օգուտը. կնկատվի տնտեսական զարգացում, ավելի արագ տեմպերով կինտեգրվի Եվրոպային»,- կարծում է Սարուխանյանը:

Դիտվել է 1887 անգամ:
Print Friendly

Leave a Reply