ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվեց Էդուարդ Շարմազանովը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 6, 2011 21:40

Դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարվեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ, օրակարգում ունենալով նախաձեռնողի սահմանած` ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար առաջադրեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի թեկնածությունը:

ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված թեկնածուներ Էդուարդ Շարմազանովը եւ Արմեն Մարտիրոսյանն իրենց ելույթներում շարադրեցին իրենց գործունեության ուղղություններն ու անելիքները  ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնելով ՀՀԿ խորհրդին եւ խմբակցությանը` ցուցաբերված վստահության եւ առաջադրման համար, նշեց, որ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու դեպքում պատրաստվում է իրականացնել քայլեր, որոնք բխում են ՀՀ Սահմանադրությունից եւ ԱԺ Կանոնակարգ -օրենքից:  Պարոն Շարմազանովը նշեց, որ ընտրվելու պարագայում   նպաստելու է մեր երկրի որդեգրած ժողովրդավարական արժեքների խորացմանը, ինչը, նրա համոզմամբ`  անհնար է պատկերացնել առանց խորհրդարանական ժողովրդավարության, քաղաքական բազմակարծության, հանդուրժողականության եւ մրցակցության:

Պարոն Շարմազանովը կարեւորեց նաեւ  խորհրդարանական դիվանագիտության զարգացումը, ինչի համար էական նշանակություն կարող են ունենալ խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ մասնակցությունը խորհրդարանական վեհաժողովների աշխատանքներին, ինչպես նաեւ արդյունավետ համագործակցությունը միջազգային կառույցների  գործընկերների հետ:  Կարեւորվեց նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների սերտ եւ արդյունավետ  փոխգործակցությունը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում  մասնավորապես նշեց, որ որ   «Ժառանգությունը», հավատարիմ իր սկզբունքներին, առաջադրեց իր այլընտրանքնային թեկնածուին, ինչը մեծ պատիվ է իր համար: Պարոն Մարտիրոսյանի  խոսքով` «Ժառանգության» այս քայլը հերթական պայքարն է հանուն Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, այլընտրանքայնության եւ Ազգային ժողովում պառլամենտարիզմի զարգացման: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Ժառանգությունը»  բազմիցս հնչեցրել է ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու իր առաջարկը` այն որպես իշխանություններին հակակշիռ կայացնելու նպատակով, ինչը նաեւ կդառնար շատ խնդիրների ինստիտուցիոնալ լուծման լավագույն ուղին: Դիմելով գործընկերներին  ` նա ասաց, որ նրանք, իրենց  քվեարկությամբ կարող են  մի կարեւոր ժողովրդավարական ավանդույթի սկիզբ դնել, երբ խորհրդարանի նախագահությունում այսուհետ լինի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը:

ԱԺ պատգամավորները մտքերի փոխանակության ընթացքում անդրադարձան ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար առաջադրված թեկնածուների մասնագիտական եւ մարդկային որակներին,  անցած աշխատանքային ուղուն, մարդկային եւ քաղաքացիական նկարագրին,  որոնք, ըստ գործընկերների,  նպաստավոր կլինեն ԱԺ այդ բարձր պաշտոնում աշխատելիս:

Պատգամավորներ Մկրտիչ Մինասյանը, Վարդան Բոստանջյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Տաճատ Վարդապետյանը իրենց ելույթներում կոչ արեցին քվեարկել ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի` Էդուարդ Շարմազանովի օգտին, իսկ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանը պաշտպանեցին «Ժառանգություն» խմբակցության կողմից առաջադրված  Արմեն Մարտիրոսյանի թեկնածությունը:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ տեղի է ունեցել ԱԺ  նախագահի տեղակալի գաղտնի քվեարկություն:   Քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր: Էդուարդ    Շարմազանովի օգտին քվեարկել էր 92 պատգամավոր, դեմ` 6-ը, իսկ Արմեն Մարտիրոսյանի օգտին `6 պատգամավոր, դեմ էին քվեարկել 92-ը: Աժ նախագահի տեղակալ ընտրվեց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ նորընտիր փոխնախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ կուսակցությանը, ՀՀԿ նախագահին, ՀՀԿ խորհրդին եւ գործադիր մարմնին, ՀՀԿ խմբակցությանը  եւ կոալիցիոն ուժերին  իր թեկնածությունը պաշտպանելու համար եւ ընդդիմադիր գործընկերներին քվեարկությանը մասնակցելու համար: Նա նշեց, որ առաջիկա 5 ամիսների ընթացքում կաշխատի այնպես, ինչպես վերջին 4,5 տարվա ընթացքում`  ի նպաստ մեր երկրի եւ նրա զարգացման :

 

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply