Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի Թագավորին

Պաշտոնական, Օրվա լուր | | December 6, 2011 19:36


Դեկտեմբերի 4-ին Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արշակ Փոլադյանը (նստավայրը` Դամասկոս) իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդին:

Հավատարմագրի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո կայացած կարճատեւ առանձնազրույցի ընթացքում Աբդալլահ Երկրորդը շնորհավորեց ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթեց հաջողություն իր առաքելության մեջ: Իր խոսքում Հորդանանի Թագավորն ընդգծեց նաեւ, որ Հորդանանում ջերմ զգացմունքներ են տածում հայ ժողովրդի նկատմամբ, ինչպես նաեւ բարձր գնահատեց հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում:

Դեսպան Արշակ Փոլադյանն իր հերթին Աբդալլահ Երկրորդին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները Թագավորին ու Հորդանանի ժողովրդին, ինչպես նաեւ հատուկ ընդգծեց երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված եւ ժամանակի փորձությունը բռնած բարեկամությունը էլ ավելի ամրապնդելու եւ խորացնելու անհրաժեշտությունը:

Պաշտոնական արարողության շրջանակներում դեսպան Արշակ Փոլադյանը ծաղկեպսակներ զետեղեց Հորդանանի նախորդ երեք Թագավորների շիրիմներին:

Հորդանան կատարած այցի շրջանակներում դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպումներ ունեցավ նաեւ ՀՀԹ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Մոհամմեդ Ալի Դահերի, Եվրոպայի երկրների վարչության պետ դեսպան Հուսամ ալ-Հուսեյնիի, Բարձրագույն կրթության եւ գիտության նախարար Ռովայդա ալ-Մաայտահի, ինչպես նաեւ հորդանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-հորդանանյան հարաբերությունների հետագա զարգացման հնարավոր ուղղություններն ու հեռանկարները:

 

 

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply