Թունիսի հրամայականը. մարդու իրավունքներն ու հետագա զարգացումները արաբական գարնանից հետո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2011 19:34

Պատմության ընթացքում լինում են պահեր, երբ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է բարձրաձայնել, թե ուր ենք հասել: Կարծում եմ` սա այդ պահերից մեկն է:

Անցնող տարում Թունիսում, Կահիրեում, Մադրիդում, Նյու Յորքում և աշխարհի բազմաթիվ այլ քաղաքներում, լսվեց հասարակ ժողովրդի ձայնը, և հստակ ձևակերպում ստացան նրանց պահանջները: Նրանք ցանկանում են հասարակ ժողովրդի շահերը տեսնել տնտեսական և քաղաքական համակարգերի կենտրոնում, ցանկանում են հասարակական կյանքում ունենալ նշանակալի մասնակցության հնարավորություն, արժանապատիվ կյանք և զերծ լինել վախից ու կարիքից:

Հիշատակման արժանի է, որ կայծը, որից բոցավառվեց արաբական գարնան կրակը և ի վերջո տարածում գտավ աշխարհի շատ քաղաքներում, ծնվեց մի անհատի հուսահատ արարքի շնորհիվ, ով մշտապես զրկված լինելով արժանապատիվ կյանքի հիմնարար իրավունքից, հրկիզեց ինքն իրեն և այս կերպ հայտարարեց, որ կյանքն առանց մարդու իրավունքների չի կարող կյանք համարվել: Սակայն, ճնշման, կարիքի, դուրս մղման և բռնության խարույկի փայտերը արդեն վաղուց էին կուտակվել Թունիսում, տարածաշրջանով մեկ և շատ ավելի հեռուներում:

Անշուշտ, այս ամենի հիմքում ընկած էին տարածաշրջանի կառավարությունների գործողությունները, ծայրահեղություններն ու մերժումը` կատարելու սեփական պարտականությունները: Ինչպես նաև տարածաշրջանից դուրս գտնվող ազդեցիկ երկրների գործողությունները, որոնք յուղ էին լցնում ավտորիտար վարչակարգերի արարքներին և խթանում սեփական շահերը առաջ տանելու կործանիչ քաղաքականությունը, որն էլ ավելի տարածեց ճնշումները, անպատժելիությունը, հակամարտություններն ու տնտեսական շահագործումը:

Սակայն, միջազգային մակարդակով, բավական հետաքրքրական են ֆինանսական հաստատությունների և զարգացման գործակալությունների կողմից տրամադրված գնահատականները, որոնք նախորդում էին արաբական գարնան զարգացումներին: Այնտեղ նշվում էր, որ Թունիսը դրսևորել է «նշանակալի առաջընթաց հավասարության, աղքատության դեմ պայքարի և բարեկեցիկ կյանքի ցուցանիշներին հասնելու համար»: Երկիրը Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու «ճանապարհին էր»: Այն բավական առաջավոր դիրքերում էր գտնվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` «ժողովրդավարական կառավարումը, արդյունավետության ապահովումը, օրենքի գերակայությունը, կոռուպցիոն ռիսկերի վերահսկումն ու կանոնակարգման որակը»: Այն հանդես էր գալիս իբրև «ամենից իրավահավասար հասարակություններից մեկը» և իբրև «բարեփոխումների ջատագով»: Ընդհանուր առմամբ նշվում էր, որ «վերջին երկու տասնամյակների ընթացում Թունիսում գործի դրված զարգացման մոդելը տանում է երկիրը դեպի բարեկեցություն»:

Այնուհանդերձ, այս ամենի հետ մեկտեղ, ՄԱԿ-ն ու մարդու իրավունքների պահպանման հասարակական դիտորդները բոլորովին այլ պատկեր էին ուրվագծում. հասարակական կյանքից դուրս մղված ու լուսանցքում հայտնված համայնքներ, հարկադրվող ստորացումներ և տնտեսական ու սոցիալական իրավունքների մերժում: Մեզ տեղեկացրել են այնպիսի երևույթների մասին, ինչպիսիք են` անհավասարությունը, խտրականությունը, հասարակական կյանքին անմասն վիճակը, արժանապատիվ աշխատանքի և աշխատանքային իրավունքների բացակայությունը, քաղաքական ճնշումները, ինչպես նաև` հավաքների, միավորումներ կազմելու և խոսքի ազատության իսպառ բացակայությունը: Բացահայտել ենք գրաքննության, կտտանքի, բռնի կալանքի և ազնիվ արդարատության մարմինների բացակայության դեպքեր: Ամփոփելով, այն ինչ լսել ենք, եղել է վախի ու կարիքի մասին: Ընդհանուր առմամբ` իրավիճակի գնահատման այս տեսանկյունը չնչին ազդեցություն է ունեցել վերոնշյալ զարգացման վերլուծության համար:

Որևէ մտադրություն չկա պնդելու, որ զարգացման վերլուծությունն ամբողջովին սխալ էր, կամ որ փաստերը ճշգրիտ չէին: Խնդիրն այն էր, որ վերլուծության տեսանկյունը երբեմն շատ նեղ էր, իսկ երբեմն էլ այն պարզապես սխալ ուղղություն էր մատնացույց անում: Վստահաբար, ոչ մեկը չէր  փորձել ազնվորեն չափել վախի կամ կարիքի աստիճանը, գոնե բնակչության մեծամասնության համար:

Փոխարենը վերլուծությունը կենտրոնացել էր աճի, շուկայի և մասնավոր ներդրումների վրա` համեմատաբար քիչ ուշադրություն դարձնելով հավասարությանը և, ըստ էության, ոչ մի ուշադրության չարժանացնելով քաղաքացիական, քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավունքները: Անգամ վերլուծության այն հատվածներում, որտեղ ուշադրությունն ուղղված էր Հազարամյակի զարգացման նպատակներին, միայն ներկայացվում էր տնտեսական և սոցիալական ցուցանիշների համեստ հավաքածու: Դրանցից ոչ մեկը հիմնված չէր իրավունքի սկզբունքի վրա, բոլորն ունեին բնակչության քանակական ընդգրկման ցածր ցուցանիշ, դրանցից ոչ մեկը չէր երաշխավորում անհրաժեշտ մասնակցային գործընթաց, և չէր զուգակցվում իրավական պատասխանատվությամբ:

Ըստ էության, վերլուծաբանները ոչ թե սխալ պատասխաններ են ստացել, այլ պարզապես նրանք երբեք չեն տվել ամենակարևոր հարցերը:

Եվ այս քաղաքական կարճատեսությունը շարունակվում էր թե’ հարավի, թե’ հյուսիսի բազմաթիվ երկրների նկատմամբ, որտեղ քաղաքական առաջնորդները կարծես մոռացել էին, որ առողջապահությունը, կրթությունը, բնակարանային ապահովությունը և արդարադատության ազնիվ իրագործումը քչերի համար նախատեսված սպառման ապրանքներ չեն, այլ իրավունքներ, որոնք առանց խտրականության վերաբերում են յուրաքանչյուրին: Տնտեսական քաղաքականության կամ զարգացման խթանման անվան տակ կատարվող ցանկացած քայլ պետք է ուղղված լինի այս իրավունքների ամրապնդմանը, իսկ նվազագույնը` ոչ մի քայլ չպետք է խոչընդոտի դրանց իրագործմանը:

Երբ 1948թ. դեկտեմբերի 10-ին ընդունվեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, այն կազմողները նախազգուշացնում էին, որ «օրենքի ուժով մարդու իրավունքների պաշտպանությունը առանցքային է, որպեսզի մարդը, իբրև փրկության վերջին հույս, հարկադրված չլինի ապստամբության դիմելու ընդդեմ բռնության և ճնշումների»: Հռչակագիրը սահմանում էր այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են արժանապատիվ և վախից ու կարիքից զերծ կյանքի համար` առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության իրավունքից սկսած մինչև մասնակցություն քաղաքական կյանքին և արդարադատության ազնիվ իրագործում: Հռչակագիրը նշում էր, որ այս իրավունքները պատկանում են ամեն անհատի, ամեն տեղ և առանց որևէ խտրականության:

Այսօր մեր քաղաքների փողոցներում մարդիկ պահանջում են, որ կառավարություններն ու միջազգային կառույցները չմոռանան իրենց խոստումները` հայտնելով իրենց պահանջները համացանցի և սոցիալական ցանցերի ուղիղ էլեկտրոնային եթերում: Այլևս անհնար է արհամարհել այս պահանջները:

Ընդհակառակը, կառավարություններն ու միջազգային կառույցները պետք է արձագանքեն այս ամենին` կտրուկ քաղաքական փոփոխություն իրականացնելով, այդ կերպ հիմնավորապես ընդգրկելով մարդու իրավունքները տնտեսական հարաբերություններում և զարգացմանն ուղղված համագործակցության ոլորտում, դնելով մարդու իրավունքները երկրի ներքին կառավարման հիմքում ու միջազգային հարթակներում այն դարձնելով քաղաքական փոխգործակցության աղբյուր: Ահա դեպի նոր հազարամայկ տանող մեր անցաթուղթը: Ահա Թունիսի հրամայականի էությունը:

 

Նավի Փիլայ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Դիտվել է 1418 անգամ:
Print Friendly

Leave a Reply