Հարավային Օսիայում նախագահական ընտրություններն անվավեր են ճանաչվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | December 5, 2011 18:17

Հարավային Օսիայում անվավեր ճանաչված նախագահական ընտրությունների ժամանակ առաջատար դիրք զբաղեցնող թեկնածուի`Ալլա Ջիոեւայի կողմնակիցները գրավել են Ցխինվալի կենտրոնական հրապարակը եւ շարունակում են պահանջել ճանաչել ընտրություններում նրա հաղթանակը:

Քվեարկության նախնական արդյունքներով`Ալլա Ջիոեւան հաղթել էր ընտրությունների երկրորդ փուլում`առաջ անցնելով Կրեմլի աջակցությունը վայելող մյուս նախագահական թեկնածուից`Անատոլի Բիբիլովից:

Հարավային Օսիայում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներն անհանգստացրին Մոսկվային, որը 2008-ի ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո ճանաչել էր երկրամասի անկախությունը եւ սկսել լուրջ ֆինանսական աջակցություն տրամադրել նրան:

Նոյեմբերի 27-ին տեղի ունեցած ընտրությունների հաջորդ օրը Հարավային Օսիայի գերագույն դատարանն անվավեր ճանաչեց քվեարկության արդյունքները, իսկ 2 ժամ անց Խորհրդարանը հաստատեց նոր ընտրությունների օրը`հաջորդ տարվա մարտի 25-ը: Ջիոեւայի կողմնակիցները Ցխինվալում եւ ողջ Հարավային Օսիայի բնակչության մեծ մասը դեմ են նոր ընտրությունների անցկացմանը:

«Ի՞նչ ընտրություններ: Ոչ ոք քվեարկության չի գնա», – վանկարկում էին ցուցարարները, որոնցից ոմանք հետեւյալ բովանդակությամբ պաստառներ էին պահել.  «հարգեք ժողովրդի ընտրությունը» կամ «մենք մարդ ենք, հիմար չենք»: Մյուս պաստառներին պարզապես քվեարկության արդյունքներն էին զետեղված`մոտավորապես 16 500 ձայն Ջիոեւայի օգտին եւ 11 300 ձայն`Բիբիլովի:

Բիբիլովը վայելում էր Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի «Միացյալ Ռուսաստան» կուսակցության, ինչպես նաեւ արդեն նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտիի եւ նրա «Միասնություն» կուսակցության աջակցությունը:

Ընտրատեղամասերում ներկա գտնվող դիտորդները եւ Հարավային Օսիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ մի խախտում չեն արձանագրել թե´ նոյեմբերի 13-ին անցկացված ընտրությունների առաջին փուլի, թե´երկրորդ փուլի ժամանակ: Բիբիլովի նախընտրական շտաբը հայտարարեց, որ ընտրախախտումներ են տեղի ունեցել միայն այն ժամանակ, երբ պարզվեց, որ քվեարկության արդյունքներով նա հետ է մնում Ջիոեւայից:

Այնուհետեւ Կոկոյտիի «Միասնություն» կուսակցությունը Գերագույն դատարան հայց ներկայացրեց նոյեմբերի 28-ին`պնդելով, որ ընտրախախտումների համար պատասխանատվություն են կրում ե´ւ Ջիոեւայի ընտրական շտաբի ներկայացուցիչները, ե´ւ ընտրական հանձնաժողովը:

Մինչդեռ այդ պահին Հարավային Օսիայի կրթության նախկին նախարար Ալլա Ջիոեւայի կողմնակիցներն արդեն իսկ տոնում էին ընտրություններում նրա հաղթանակը: Ցխինվալում 2 000 մարդկանց մասնակցությամբ երթ կազմակերպվեց, որն իր մասշտաբներով հիշեցնում էր 1991-92թթ. անջատողական պատերազմի ժամանակ կազմակերպված երթերը:

«Ir» լրատվական կենտրոնի տնօրեն Իրինա Գագլոեւան ասաց IWPR-ին, որ իրադրությունը Ցխինվալի Թատերական հրապարակում, որտեղ անցկացվում է Ջիոեւայի կողմնակիցների բողոքի ցույցը, մոտենում է կրիտիկական կետին:

«Ես տեսնում եմ մարդկանց, ովքեր իրենց ձայնը տվել էին Բիբիլովին. նրանք այժմ այստեղ են: Նրանք կարծում են, որ եթե մեծամասնությունը կատարել է իր ընտրությունը, ապա այն պետք է հարգել: Բոլոր ցուցանիշներով մեր ընտրությունները ամենաբարձր մակարդակով են անցկացվել: Նրանք, ովքեր դժգոհ են արդյունքներից [Ջիոեւայի հաղթանակից], ամեն ինչ անում են, որպեսզի վարկաբեկեն ժողովրդին եւ նրա կատարած ընտրությունը», – ասում է նա:

Անգամ Բիբիլովի հայտնի աջակիցներից ոմանք հրապարակայնորեն հայտարարեցին, որ Գերագույն դատարանի որոշումն անօրինական են համարում: Մերաբ Չիգոեւը, որը նախագահական ընտրությունների առաջին փուլում իր թեկնածությունն էր առաջադրել, սակայն հետո հանել այն`որոշելով աջակցել Բիբիլովին, հայտարարել էր, որ տեղի ունեցած ընտրախախտումների մակարդակը բավարար չէր քվեարկության արդյունքները փոխելու համար:

«[Ընտրությունների] արդյունքները կործանարար են Բիբիլովի թիմի համար, որի մեջ ես էլ ներգրավվեցի: Չեմ հասկանում`ինչի հիման վրա է դատարանը նման որոշում կայացրել, սակայն իմ ունեցած տեղեկությունների համաձայն`այն նման խիստ որոշման համար հիմքեր չուներ: Նրանք պետք է երկաթբետոնի նման ամուր եւ հաստատուն ապացույցներ ունենային դրա համար: Արդյո՞ք դատարանն ուներ նման ապացույցներ: Խիստ կասկածում եմ», – ասում է նախագահի նախկին թեկնածուն:

Չիգոեւը Հարավային Օսիայի խորհրդարանի պատգամավոր է եւ նշում է, որ օրենսդրական մարմնի`նոր ընտրություններ նշանակելու վերաբերյալ որոշումը «հապճեպ» բնույթ էր կրում:

Չնայած հնչեցված քննադատությանը`Կոկոյտին եւ իշխանության այլ ներկայացուցիչները չեն պատրաստվում հետ կանգնել իրենց որոշումից: Նոյեմբերի 30-ին Կոկոյտին կոչ արեց ցուցարարներին դադարեցնել բողոքի ակցիան`խոստանալով, որ նրանք չեն ձերբակալվի եւ Ջիոեւայի կողմնակիցներից ոչ ոք չի տուժի: Սակայն ցուցարարներն անտեսեցին նրա հայտարարությունը:

Կոկոյտիի խորհրդական Կոստա Ձուգաեւի խոսքերով` ընտրությունները չեղյալ են հայտարարվել հենց Ջիոեւայի կողմից թույլ տրված խախտումների պատճառով, ուստի նա զրկվում է նախագահական ընտրություններում երկրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրելու իրավունքից։

Հարավային Օսիայի գերագույն դատարանի նախագահ Ացամազ Բիչենովը խոստացավ վերանայել դատարանի որոշումը դեկտեմբերի 5-ին, սակայն Ջիոեւան հրաժարվեց այդքան երկար սպասել:

Ստեղծված վիճահարույց իրադրությունը ստիպեց Կրեմլին ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Վինոկուրովին Ցխինվալ ուղարկել, որպեսզի վերջինս միջնորդի դեր ստանձնի, սակայն այդ քայլն առ այսօր որեւէ արդյունք չի տվել:

Մինչ այդ, Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու վերաբերյալ որոշման դեմ հանդես եկան նաեւ հասարակական գործիչներից շատերը:

Հարավային Օսիայի խորհրդարանի փոխխոսնակ Յուրի Ձիցոյտին հայտարարեց, որ ոչ ոք իրավունք չունի անվավեր ճանաչել ժողովրդի ընտրությունը: Ստեղծված իրադրությունից միակ ելքը, նրա կարծիքով, այն է, որ Գերագույն դատարանը բեկանի սեփական որոշումը:

«Կարծում եմ`դատարանում ողջ տեղի ունեցածն անօրինական էր. այն մտացածին էր: Նախքան ընտրությունների ավարտը գործող նախագահը ստիպեց ենթադրել, որ նա էր այս ամենը կազմակերպել, քանի որ հայտարարեց, որ մենք կին նախագահ չենք ունենալու: Ինչո՞ւ նա այդպես ասաց», – տարակուսում է Ձիցոյտին:

Անգամ Ալլա Ջիոեւայի մրցակիցներից ոմանք ափսոսում են, որ վերջինիս հաղթանակը նախագահական ընտրություններում անվավեր է ճանաչվել:

Զարինա Սանակոեւա, Կովկաս

Կովկասյան լրատու

 

 

Դիտվել է 999 անգամ:
Print Friendly

Leave a Reply