Ռուսական նախագծում արևմտյան տեխնոլոգիաների ինտեգրման մեր հայեցակարգը հեռանկարային է.Սերժ Սարգսյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | December 6, 2011 17:38

Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 12-րդ նիստի ժամանակ

 

Հարգելի՛ նախագահ, Խորհրդի հարգելի՛ անդամներ, նիստի մասնակիցնե՛ր,

Բացելով Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 12-րդ նիստը՝ ողջունում եմ Խորհրդի անդամներին և նիստի բոլոր մասնակիցներին:

Նախ կցանկանայի ձեզ ներկայացնել ԱԷԱԽ-ի երկու նոր անդամներին՝ Դոկտոր Քրիստոֆեր Վաթսոնին Մեծ Բրիտանիայից՝ Փակ միջուկային օբյեկտների կառավարման ծրագրերի գլխավոր խորհրդական և դոկտոր Ժերալդ Օզունյանին Ֆրանսիայից՝ Ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային                         գործակալության փոխտնoրեն:

Ցանկանանք նրանց հաջող և արգասաբեր աշխատանք: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում, որ համաձայնվեցիք մասնակցել մեր խորհրդի աշխատանքներին:

Խորհուրդը 15 տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարել: Շնորհակալ եմ բոլորիդ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) անվտանգության բարձրացման հարցում անգնահատելի օգնության համար: Այս ձևաչափով համագործակցության կարևորությունը դժվար է գերագնահատել՝ հաշվի առնելով կայանի առանձնահատուկ դերը մեր երկրի էներգետիկ անվտանգության հարցում:

Թույլ տվեք նաև շնորհակալական խոսքեր հղել ՄԱԳԱՏԷ-ին և բոլոր այն երկրների կառավարություններին, որոնք մասնակցում են այս գործընթացին:

ՀԱԷԿ-ի գործող բլոկի անվտանգության մակարդակի անընդհատ բարձրացումը մնում է Հայաստանի կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկը:

Ես ծանոթացել եմ ՀԱԷԿ-ի կարգավորող մարմնի և  ղեկավարության կողմից ներկայացված նյութերին, ինչպես նաև ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման վերաբերյալ Վիեննայում ս.թ. հոկտեմբերին կայացած ՄԱԳԱՏԷ-ի համակարգող խորհրդի նյութերին:

Մենք հասկանում ենք դոնոր երկրների դիրքորոշումը՝ ատոմակայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ աշխատանքների համաֆինանսավորման մեջ հայկական կողմի մասնակցության բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ: Իհարկե, այս հարցում կան օբյեկտիվ դժվարություններ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և Հայաստանի տնտեսության վրա դրա բացասական ազդեցությունը լուրջ ճշգրտումներ են մտցրել մեր ծրագրերում:

2010թ. ապրիլին բարձրացվեց բնական գազի սակագինը: Չցանկանալով խորացնել բնակչության սոցիալական վիճակը՝ մենք պահպանեցինք էլեկտրաէներգիայի վերջնական սակագինը և միայն բարձրացրեցինք ՀԱԷԿ-ի էլեկտրաէներգիայի մշակման սակագինը: Բայց այս ընթացքում թանկացել են ինչպես միջուկային վառելիքը, այնպես էլ վերանորոգման աշխատանքների արժեքը: Արդյունքում, ՀԱԷԿ-ի սակագնային տարբերությունը (մարժան) անբավարար եղավ անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգալու համար: Այդ կապակցությամբ, մենք փորձում ենք ստեղծված դրությունից դուրս գալու համար լրացուցիչ ռեսուրսներ փնտրել:

Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստան-ՄԱԳԱՏԷ համագործակցության որոշ ասպեկտների վրա: Ամեն տարի մեր երկիրն ընդունում է մինչև 10 առաքելություն ՀԱԷԿ-ի անվտանգության և պաշտպանվածության, ինչպես նաև սեյսմիկ և շահագործման անվտանգության ստուգման համար: 2011թ. մայիսին մենք ընդունեցինք ՕՍԱՐՏ առաքելությանը, որն իրականացրեց ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության խորացված ստուգում: Փորձարկվեցին կայանի գործունեության 8 ուղղություններ, և ՕՍԱՐՏ-ի խումբն այլ երկրներում տարածման դրական փորձի 7 օրինակ հայտնաբերեց:

Խումբն ըստ ոլորտների ներկայացրեց 14 երաշխավորագիր և 12 առաջարկություն, որոնց հետ կապված ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը կարող է բարձրացվել: Հայաստանի կառավարությունը նոյեմբերին պաշտոնապես ստացավ առաքելության վերջնական հաշվետվությունը: Հաշվետվությունը համակողմանիորեն կդիտարկվի և կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցներն այն ոլորտների կատարելագործման համար, որոնց հետ կապված առաքելությունը ներկայացրել է երաշխավորագրեր և առաջարկություններ:

Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի 2012թ. վերջին, 2013թ. սկզբին կայանալիք կրկնակի ստուգումը հավաստի կայանի շահագործման անվտանգության բարձրացման էական առաջընթացի մասին:

ՀԱԷԿ-ի ղեկավարությունը պետք է շտապ որոշակի գործողություններ ձեռնարկի Հայաստանի ատոմային էներգետիկայի ենթակառուցվածքի և կայանի համար մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ՝ հաշվի առնելով այն, որ տարածաշրջանում նոր ատոմային կայան է հայտնվել, որտեղ աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան մեր ատոմակայանում:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայկական կողմը որոշում է կայացրել հնարավորին կարճ ժամանակահատվածում ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի սթրես-թեստ անցկացնել:

Եվրոպական միությունը պատրաստակամություն է հայտնել օգնել սթրես-թեստերը ժամանակին անցկացնելու հարցում: Ներկայում ՀԱԷԿ-ն արդեն սկսել է այդ միջոցառման իրականացման աշխատանքների նախապատրաստումը: Սթրես-թեստերի արդյունքները պատրաստ կլինեն 2012թ. երկրորդ եռամսյակում:

Չնայած ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունն այսօրվա դրությամբ համարվում է առաջնակարգ կարևորության խնդիր, մենք պակաս արդիական չենք համարում ապագա էներգաբլոկի հետ կապված հարցերը: Հայաստանի և Եվրոպական միության համատեղ գործողությունների ծրագրում ներառված է «ՀԱԷԿ-ի միջուկային էներգաբլոկները շահագործումից հանելու ծրագրի» մշակումը: ԵՄ-ի հետ մեկնարկել է «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ռազմավարության» մշակման աշխատանքը: Արևելյան գործընկերության շրջանակում էներգետիկ անվտանգության մասով ԵՄ գործողությունների ծրագիրը նվիրված է նաև տարածաշրջանում ենթակառուցվածքային համակարգերի զարգացման և էներգակիրների մատակարարման բազմազանեցման հարցերին:

Մի քանի խոսքով անդրադառնամ երկրում միջուկային էներգետիկայի զարգացման ոլորտում տարվող աշխատանքներին. Հայաստանն ունի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիր և դրանում առանցքային տեղ ունի միջուկային էներգետիկայի զարգացման ծրագիրը: Միայն ԱԷԿ-ի առկայությունը բազային էլեկտրաէներգիայի արտադրման կառուցվածքում մեզ թույլ կտա պահպանել երկրի էներգետիկ անվտանգության պահանջված մակարդակը: Այդ իսկ պատճառով ապագա երկրորդ էներգաբլոկի շուրջ ցանկացած քննարկում սերտորեն կապված է նոր միջուկային էներգաբլոկի գործարկման ժամկետների հետ: Ակնհայտ է նաև, որ նոր էներգաբլոկի ներդրման ժամկետների ուշացման դեպքում, մենք ստիպված կլինենք լուծել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ժամկետների երկարացման խնդիրը:

2011թ. ապրիլին պլանավորած «Հայաստանի նոր միջուկային էներգաբլոկը. ներդրումային հնարավորություններ» միջազգային համաժողովը տեղափոխվեց Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և ցունամիի պատճառով: Ֆուկուսիմա ԱԷԿ-ում վթարի հետևանքները հաստատում են ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ պլանավորված ԱԷԿ-երի անվտանգության վերլուծության ուժեղացման և խորացման անհրաժեշտությունը: Համաժողովի տեղափոխումը հնարավորություն տվեց միջուկային միջազգային ընկերակցությունների հետ ուշադիր ուսումնասիրել Ֆուկուսիմա ԱԷԿ-ի վթարի հետևանքները և հաշվի առնել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցում անվտանգության պահանջների հնարավոր փոփոխությունները:

Հարգելի՛ գործընկերներ,

Նախորդ նիստում ես արդեն տեղեկացրել եմ ձեզ, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ռուսական ԱԷԿ-92 նախագծին՝ որպես միջուկային նոր էներգաբլոկի նախագիծ:

2010թ. օգոստոսին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համաձայնագիր է ստորագրվել «ՀՀ տարածքում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ»: Համաձայնագրով Ռուսաստանը նախագծում մասնակցում է որպես ներդրող, և նրա ներդրումները կհամապատասխանեն «միջուկային կղզյակ»-ի համար մատակարարվող սարքավորումների արժեքին: Համաձայնագիրը նաև նախատեսում է փոխառական միջոցների հնարավորություն, եթե նման անհրաժեշտություն ծագի: Մենք շարունակում ենք այլ ներդրողների ներգրավման շուրջ բանակցությունները: Նախագահ Սարկոզիի հետ հանդիպմանը քննարկվեց միջուկային նոր էներգաբլոկի կառուցման նախագծում ֆրանսիացի ներդրողների հնարավոր մասնակցության հարցը: Քննարկվեց նաև մեր նախագծում ֆրանսիական ընկերությունների մասնակցության հարցը՝ որպես սարքավորումների մատակարար:

Մեզ հայտնի է ռուսական «միջուկային կղզյակ»-ի սարքավորումներն արևմտյան սարքավորումների հետ համատեղելու դրական փորձի մասին: «Ռոսատոմ»-ն արդեն մշակել է ռուսական ԱԷԿ-92 նախագծում Արևա-Սիմենս ընկերության համակարգի ինտեգրման նախագիծը Բուլղարիայի «Բելենա»-ի հիման վրա: Այս ամենը խոսում է այն մասին, որ ռուսական նախագծում արևմտյան տեխնոլոգիաների ինտեգրման մեր հայեցակարգը հեռանկարային է:

Մենք արդեն ավարտել ենք Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկների կառուցման տեխնիկական-տնտեսական հիմնավորման մշակման աշխատանքները: Կցանկանայի հատուկ ուշադրություն դարձնել ՄԱԳԱՏԷ-ի օգնությանը՝ ՀԱԷԿ-ի հարթակի սեյսմիկ վերագնահատման հաշվետվությունների փորձագիտության կազմակերպման հարցում: Այդ աշխատանքը կարևոր է ինչպես գործող միջուկային բլոկի սեյսմիկ անվտանգության, այնպես էլ մեր Հանրապետությունում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման նախագծի իրագործման համար:

2008-2010թթ. անցկացվել է ԱԷԿ-ի հարթակի կրկնակի ուսումնասիրություն սեյսմակայունության, հրաբխագիտության և երկրաֆիզիկայի տեսանկյունից: ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների կողմից վերը նշված հաշվետվության գնահատման արդյունքները հաստատում են Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման վայրի ճիշտ ընտրությունը: ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը բարձր է գնահատել կատարված աշխատանքների մակարդակը:

Ավարտվել է «Շրջակա միջավայրի վրա միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ազդեցության գնահատման վերաբերյալ» հաշվետվության կազմման աշխատանքը: Տվյալ հաշվետվությունը բաց է և տեղադրված է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջերում, որտեղ այն փորձաքննության է ենթարկվում: Վստահ եմ, որ այսօր, ինչպես նախորդ նիստերում, մենք կանցկացնենք օրակարգի բոլոր հարցերի բացարձակապես բաց և շահագրգիռ քննարկում:

Ավարտելով ելույթս՝ նիստը վարելու համար խոսքը փոխանցում եմ ԱԷԱԽ-ի նախագահ Ադոլֆ Բերգհոֆերին:

Շնորհակալություն:

 

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply