Քաջարանցիներն ընդդեմ Զանգեզուրի պղնձամոլիբեդենային կոմբինատի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 6, 2011 17:16

Սյունիքի մարզի Քաջարան գյուղի բնակիչները կտրականապես դեմ են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին զիջելու հնարավորությանը, ինչը, նրանց համոզմամբ, առնվազն էկոլոգիական առումով հավասարազոր է գյուղն իսպառ կործանելուն:

Այս տարվա գարնանը կառավարությունը որոշում է կայացրել Սյունիքի մի շարք համայնքներին, այդ թվում Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու եւ դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: Նշված տարածքներում աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Քաջարան գյուղի հանքերը, ըստ համայնքի բնակիչների, նախատեսվում է ընդլայնել սահմանամերձ գոտու բեռնաթափման հաշվին. հանքի շահագործման հաշվին քանդվելու է գյուղի գերեզմանատունը:

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վրդովմունքով փաստեց, որ իրենք այդ մասին տեղեկացել են մամուլից եւ իրենց կարծիքը բացարձակապես հաշվի չի առնվել, չի կազմակերպվել որեւէ հանրային քննարկում: Գյուղապետի խոսքով, իրենք բողոքներ են հղել թե’ կոմբինատի ղեկավարությանը, թե’ կառավարությանը, եղել են հանդիպումներ, սակայն հարցը մնացել է առկախ: Ըստ Աթայանի` իրենք փոխհատուցման հարց չեն բարձրացում եւ առհասարակ դեմ են իրենց տարածքները հանձնելուն: «Ողջ գյուղով կանգնած ենք, եթե պնդեն, արյունահեղություն է լինելու», – հավաստիացրեց գյուղապետը:

«Կոմբինատի տնօրինությանը բազմիցս հանդիպել ենք, որոշակի պայմանավորվածություն ենք ձեռք բերել, բայց հիմա մնացել ենք օդից կախված: Կոմբինատը անընդհատ տեխնիկա է մտցնում տարածքը շահագործելու համար, մենք տեխնիկան հանել ենք, իրենք հանդիպել են գյուղացիների դիմադրությանը, արյունահեղություն է կատարվելու», – ասաց Աթայանը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոսի սեփականատերը գերմանական «Քրոնիմետ» ընկերությունն է, բաժնետոմսերի 15 տոկոսը պատկանում է «Մաքուր երկաթ» գործարարին, «Զանգեզուր մայնինգ»-ը եւ «Արմենիան մոլիբդեն պրոդաքշըն»-ը ունեն 12.5-ական տոկոսի բաժնետոմսեր:

«Ինչպե՞ս կարելի է հանդուրժել այս վիճակը, մի սահմանամերձ, պատմական գյուղ զոհաբերում են հանուն օտարերկրացի գործարարի», – ասում է Քաջարանի գյուղապետը:

 

Տիգրան Ավետիսյան

azatutyun.am

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply