Ոստիկանը վարորդական իրավունք է վաճառել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 6, 2011 17:05

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության «Վանաձոր»-ի ՀՔ բաժանմունքի տեսուչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության «Վանաձոր»-ի ՀՔ բաժանմունքի տեսուչ Հ. Պողոսյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Մասնավորապես ըստ նախաքննության նյութերի` 2008թ. հունվարի 28-ին Հ. Պողոսյանն օգնել է, որպեսզի «ԲՑ» կարգի վարորդական իրավունքի վկայականը «ԲՑԴ» կարգով փոխանակելու կապակցությամբ ճանապարհային ոստիկանության «Վանաձոր»-ի ՀՔ բաժանմունք դիմած Վանաձոր քաղաքի բնակիչ  Ա. Հովհաննիսյանը տեսական եւ գործնական քննություններ հանձնի, այսինքն` ճիշտ լրացնի տեսական քննության պատասխանները, իսկ գործնական քննությունն ընդհանրապես չընդունելով` քննական քարտում քննությունը դրական հանձնելու վերաբերյալ նշում է կատարել, որոնց հիման վրա Վանաձորի ՀՔ բաժանմունքի կողմից քաղաքացի Ա. Հովհաննիսյանին հատկացվել է «ԲՑԴ» կարգի վարորդական իրավունքի վկայական:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ  ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply