Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին և Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 6, 2011 14:07

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին և ՌԴ կառավարության նախագահ, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժա՛ն Դմիտրի Անատոլիի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ՌԴ պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Ընտրությունները երկրի հասարակական-քաղաքական կյանքում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության առաջատար դերի վառ վկայությունը դարձան: Ընտրություններում հաղթանակը ևս մեկ անգամ ցույց տվեց բարեկամ Ռուսաստանի ժողովրդի աջակցությունը Ձեր վարած քաղաքականությանը, որն ուղղված է պետականության և իրավակարգի ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը, երկրի քաղաքացիների կյանքի նոր որակի հաստատմանը և համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի դիրքի ու հեղինակության ամրապնդմանը:

Վստահ եմ, որ ընտրությունների արդյունքները կօգնեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային, ռազմավարական գործընկերության մակարդակի հետագա բարձրացմանը, բարեկամական և բարիդրացիական բազմադարյա հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր երկրների և մեր ժողովուրդների, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման:

Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ՝ նախանշված նպատակների իրականացման հարցում»:

ՌԴ կառավարության նախագահ, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում ևս Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ընտրությունները դարձան ՌԴ-ի հասարակական-քաղաքական կյանքում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության որոշիչ դերի վառ ապացույցը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ցույց են տվել պետական գործունեության Վլադիմիր Պուտինի հարուստ փորձի պահանջված լինելը երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման, պետության քաղաքական և տնտեսական արդիականացման, Ռուսաստանի Դաշնության միջազգային հեղինակության հետագա բարձրացման գործում:

«Համոզված եմ, որ «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը կարող է ապահովել Ռուսաստանի Դաշնության հետագա դինամիկ առաջխաղացումը՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումների նախանշված ճանապարհին:

Հայաստանում բարձր են գնահատում Ձեր վերաբերմունքը Հայաստանի և հայ-ռուսական բարեկամության նկատմամբ: Ես համոզված եմ, որ մենք հետագայում ևս կամրապնդենք հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական գործընկերությունը՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության:

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ՝ ի նպաստ Ռուսաստանի բարեկեցության, խաղաղության և բարգավաճման»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

 

 

Դիտվել է 1608 անգամ:
Print Friendly

Leave a Reply