Ազգային ժողովում խորհրդարանի ղեկավարի ընտրություններ են
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 6, 2011 13:38Ազգային ժողովը սկսեց Խորհրդարանի նախագահի ընտրությունը:
Այս պահին պատգամավորները հերթով դուրս են գալիս նիստերի դահլիճից և մասնակցում քվեարկությանը, որի արդյունքները կհայտարարվեն նիստի ընդմիջումից հետո` 14:30-ին:
Աժ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, նախագահի թեկնածու Սամվել Նիկոյանին քվեարկությունից առաջ լրագրողները հարցրին, թե ում օգտին է քվեարկելու` միաժամանակ նշելով, որ Աժ նախագահի մյուս թեկնածու Լարիսա Ալավերդյանն այդ հարցին պատասխանել է` Նիկոյանի օգտին: Նիկոյանը ծիծաղելով պատասխանեց. «Ես էլ եմ Լարիսա Ալավերդյանի պես քվեարկելու»:
Իսկ ավելի լուրջ նա հիշեցրեց, որ քվեարկությունը գաղտնի է, և այդ մասին քվեարկողն իրավունք ունի ոչինչ չասելու:
Անդրադառնալով Նիկոյանի` երեկ հնչեցրած այն հայտարարությանը, թե դառնալով Աժ նախագահ, ինքը կսրբագրի նախորդի գործունեությունը, Նիկոյանը պատասխանեց. «Սրբագրելու ոչ մի խնդիր չունեմ: Աբրահամյանի գործունեությունը շատ դրական եմ համարում, շատ դրական ծրագրեր կան, որոնք պետք է պահպանվեն,-ասաց նա,-բայց ինձ ճիշտ հասկացեք, յուրաքանչյուր մարդ, իր լիազորությունների շրջանակներում, որոշակի շեշտադրումներ է փոխում, նոր ծրագրեր է իրականացնում և որոշակի նոր տեսակետներ է արտահայտում: Դա չպետք է դիտարկել հակասությունների դաշտում»:
«Անկախ»-ի հարցին, թե պահպանվելո՞ւ է, արդյոք, Հովիկ Աբրահամյանի` լրագրողներին խաշի հրավիրելու ավանդույթը, Նիկոյանը պատասխանեց հարցով. «Իսկ դուք խաշի սիրահարնե՞ր եք: Դրանից հետո հո չե՞ք գրելու, որ ես ձեզ տանում եմ խաշի կամ խմիչքներ եմ առաջարկում»:
Հավաստիանալով, որ «կերուխումը» չի հրապարակվում, Նիկոյանը խոստացավ «ավանդույթը» շարունակել:






Facebook
Tweet This
Email This Post
