ՀՅԴ-ի փաստմամբ՝ նախագահ Սարգսյանը չի կատարել խոստումը. սփյուռքում չի քննարկվել հայ-թուրքական արձանագրությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 17, 2009 15:44

kiro-manoyan«Նախաստորագրված արձանագրություններն ԱԺ-ի  վավերացմանը թողնելով՝ իշխանությունն ուզում է պատասխանատվությունն իր վրայից գցել,- այսօր ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ու ավելացրեց ,-Արձանագրությունները պայմանագրեր չեն, որ ներկայացվեն խորհրդարանների հաստատմանը, և ոչ Հայաստանի, ոչ Թուրքիայի օրենսդրությամբ նման բան չի նախատեսվում»:

Անդրադառնալով Հանրապետության հրապարակում շարունակվող ՀՅԴ-ի բողոքի ակցիաներին` Մանոյանը դժգոհեց լրատվամիջոցների արձագանքից, քանի որ «լրագրողներն ակցիայի բովանդակությունը լուսաբանելու փոխարեն անդրադառնում են, թե որ ժամին քանի հացադուլավոր կար և մի շարք այլ անկարևոր հարցերի»:

Իսկ ակցիայի մասնակիցների փոքր թվի համար Մանոյանն ասաց, որ շատ դաշնակցականներ են ուզում իրենց բողոքի ձայնը հնչեցնել, ինչն էլ արտահայտվում է ստորագրություններով, «բայց մենք  չեն ուզում, որ մասնակիցների թիվն անցնի 100-ից, որ ամեն ինչ մնա օրենքի շրջանակներում»:

Մանոյանը կարծում է, որ երեկ  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` ԱԺ-ում կատարած հայտարարությամբ (http://ankakh.com/?p=16336) հաստատվեց, որ իշխանությունները պարզապես իրազեկում են և փոփոխություններ անելու տրամադրված չեն:

Խոսելով ՀՅԴ-ի` այլ կուսակցությունների հետ համագործակցության մասին՝ Մանոյանն ասաց, որ այս խնդրում ՀԱԿ-ը և Սերժ Սարգսյանը նույն մոտեցումն ունեն, բացի պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին կետից:

ՀՅԴ-ն համաձայն չէ նաև «Ժառանգություն» կուսակցության առաջարկած հանրաքվեի անցկացման տարբերակին, քանի որ, ըստ Մանոյանի, նախորդ ընտրությունները  ցույց են տվել, որ Հայաստանում ընտրական համակարգը խոցելի է,  և հանրաքվեն ժողովրդի իրական կարծիքը չի արտահայտելու, հետևաբար պատասխանատվությունը մնալու է ժողովրդի վրա:

«Համոզված եմ, որ եթե հասարակությունն ընդվզի, նախարարը նման հայտարարություններ չի կարողանա անել, չի կարող ասել, որ փոփոխությունների պատրաստ չենք»,- ասաց Մանոյանը:

Դաշնակցական գործիչը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ հասարակական քննարկումներ կլինեն նաև սփյուռքում, սակայն մինչ այժմ որևէ դեսպանատան կողմից նման նախաձեռնություն չի եղել: Փոխարենը՝ սփյուռքում նման ակցիաներ է կազմակերպելու ՀՅԴ-ն` համագործակցելով նաև այլ քաղաքական ուժերի հետ՝ օրինակ, Ամերիկայում` Հնչակյան կուսակցության:

Անդրադառնալով հայ-թուրքական բոլոր ստորագրված փաստաթղթերի ամսաթվերում առկա զուգադիպություններին (ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության նախօրեին,  «ճանապարհային քարտեզ»-ի ընդունումը , իսկ հայ-թուրքական արձանագրության քննարկումների 6 շաբաթյա ժամկետի ավարտը` հոկտեմբերի 13-ին` Կարսի պայմանագրի կնքման օրը), Մանոյանն ասաց, որ դա չի կարող զուգադիպություն լինել: «Միայն Թուրքիայի դիվանագիտությունը չճանաչողների համար են դրանք զուգադիպություններ»,-ասաց նա:

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply