Տիգրան Սարգսյանը հանդիպել է Շտեֆան Ֆյուլեին

Պաշտոնական, Օրվա լուր | | December 5, 2011 17:24

Բրյուսել կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Քննարկումների առանցքում եղել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների և համատեղ ծրագրերի վերաբերյալ հարցերը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեր երկիրն ամբողջությամբ կատարում է ստանձնած պարտավորությունները:
«Մենք իրականացնում ենք լուրջ և հավակնոտ բարեփոխումների ծրագիր: Օրինակ` երեկ հանրության դատին ներկայացրեցինք արդյունաբերության զարգացման նոր հայեցակարգը, որն իրականացնում ենք Համաշխարհային բանկի օժանդակությամբ: Այն քննարկեցինք քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ` բաց խորհրդակցության ձևաչափով»,- ասել է վարչապետը` նշելով, որ Հայաստանի հասարակությունում կա եվրոպական ուղիով առաջ շարժվելու վերաբերյալ լայն համաձայնություն:
«Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը` Խորը և Համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացման հարցում»,- նշել է վարչապետը:
«Կարծում եմ, որ մենք շատ արդյունավետ աշխատանք ենք կատարում` Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն հարաբերությունների և համագործակցության զարգացման գործում»
,- ասել է Ֆյուլեն: Անդրադառնալով ԵՄ- Հայաստան հարաբերություններին, Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ ուրախ է տեսնել նոր ու հավակնոտ բարեփոխումներ: Դրանք մեկտեղում են Հայաստան- ԵՄ հարաբերությունների առաջնայնություններն, այդ թվում Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-վրացական սահմանային անցակետերի վերակառուցման խնդիրներին, այդ նպատակով մեր երկրին տրամադրվելիք հնարավոր ֆինանսական օժանդակությանը:
Քննարկվել են անցագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցություններին, ԵՄ մակրոֆինանսական աջակցությանը, Հայաստանում բարեփոխումների նոր օրակարգի իրականացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև «Ավելին ավելիի դիմաց» սկզբունքով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ օժանդակության ընդլայնման հնարավորությունները:
Տիգրան Սարգսյանը և Շտեֆան Ֆյուլեն արձանագրել են, որ առաջընթաց է գրանցվել երկկողմ քաղաքական երկխոսության ոլորտում: Նշելով, որ առկա է ՀՀ-ԵՄ երկխոսության նոր պլատֆորմ, որով Հայաստանը ներկայացրել է 33 ուղղություններով միջոցառումներից կազմված բարեփոխումների նոր օրակարգը, զրուցակիցները կարևոր են համարել դրա ներդաշնակեցումն ու իրականացումը` որպես մեկ միասնական փաթեթ:
Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից առաջ Տիգրան Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոմաշ Պորեբայի հետ: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին անռչվող հարցեր, Թոմաշ Պորեբայի խնդրանքով ՀՀ վարչապետը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ներքին ու արտաքին քաղաքական գործընթացների ուրվագիծը:
Օրվա երկրորդ կեսին սպասվում են Տիգրան Սարգսյանի հանդիպումները Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտի և Եվրոպական հանձնաժողովի զարգացման և համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆոկիոն Ֆոտիայիդիսի հետ:

Դիտվել է 1560 անգամ:
Print Friendly

Leave a Reply