Ոստիկանության աշխատակիցները մեղադրվում են պաշտոնական փաստաթղթեր կեղծելու եւ պաշտոնական փաստաթղթեր ձեռք բերելու համար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 5, 2011 17:06

Քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել` փաստաթղթեր կեղծելու եւ պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու համար:

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն»  ծառայության հաշվառման-քննական բաժանմունքի գործավարի կողմից փաստաթղթեր կեղծելու եւ պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` Ա. Ավագյանը, աշխատելով  ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն»  ծառայության Երեւանի թիվ 3 բաժանմունքում` որպես գործավար, ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ, իրացնելու նպատակով կեղծել, մոտ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների իրացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր:

Բացի այդ, օժտված լինելով հիշյալ ստորաբաժանմանը հասցեագրված  դիմումների մուտքագրման, մատյանների վարման, ազգային եւ միջազգային վարորդական  վկայականների հատկացման լիազորություններով, Ա. Ավագյանը, ըստ նախաքննության նյութերի, իրեն դիմած մի շարք քաղաքացիների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել որոշակի վարձատրության դիմաց ապօրինի, առանց որակավորման քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայականներ տալու շուրջ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 326-րդ հոդվածով եւ 34-326-րդ հոդվածով, Գ. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածով (Պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը):
Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply