ՀՀԿ սեմինարի ավարտին վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 5, 2011 16:56

Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր կայացավ Հայաստանի Հանրապետական կուսակցության տնտեսական սեմինարը, որը վարում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սեմինարը նվիրված էր արդյունաբերության երեք հիմնական ուղղությունների` ճշգրիտ ճարտարագիտություն, դեղագործություն և կոնյակագործություն: Սեմինարին ավարտին ՀՀ վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին:

Տիգրան Սարգսյան: -Այսօր տեղի ունեցավ Հանրապետական կուսակցության առաջին տնտեսական սեմինարը, որը մենք դիտարկում ենք որպես նոր պլատֆորմ, որը հնարավորություն է տալիս Հանրապետական կուսակցությանն իր գործընկերների հետ քննարկել պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրները և դրանց լուծումները: Այսօր ընտրված էր ճյուղային արտահանման տնտեսական քաղաքականությունը, որը մշակվել էր կառավարության կողմից, և այս ծրագիրը հանրապետական կուսակցությունը որոշեց քննարկել իր գործընկերների հետ` հրավիրելով Ազգային ժողովում ներկայացված բոլոր կուսակցություններին, ինչպես նաև ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպություններին, ոչ պետական կառույցներին, որոնք զբաղվում են հետազոտական աշխատանքներով: Նպատակն է կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի շուրջ կազմակերպել հանրային քննարկումներ, ապահովել բոլոր կարող ուժերի ներգրավվածությունը, որպեսզի արդյունքում ունենանք այնպիսի ծրագրեր, որոնք կարող ենք իրականացնել հանրության օժանդակությամբ: Կարծում եմ, որ այսօր մեր քննարկումները ցույց տվեցին, որ ընտրված է բավականին արդյունավետ ձևաչափ, քանի որ արժանացավ մասնավոր հատվածի և մեր գործընկերների դրական կարծիքին:
Հարց:- Ձեր հիմնական ընդդիմախոսները կարծիք հայտնեցին, որ ներկա թիմով հնարավոր չէ իրականացնել այս ծրագիր: Ինչ կասեք այս կապակցությամբ:
Տիգրան Սարգսյան: -Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները բովանդակային և մոտեցումների առումով բարձր գնահատեցին այս ծրագիրը և արձանագրեցին, որ վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ ՀՀ-ում տեղի է ունեցել տնտեսական քաղաքականության արմատական փոփոխություն: Նրանք նաև դրական գնահատական տվեցին այս ծրագրի մասնագիտական պատրաստվածությանը: Ինչ վերաբերում է քաղաքական հայտարարություններին, ապա կարծում եմ, որ մեր օրակարգային խնդիրը չէր վերաբերում քաղաքական քննարկումներին, թե ինչպես պետք է գալ իշխանության և իրականացնել ծրագրեր: Դրա համար, կարծում եմ, ճիշտ չի լինի, եթե մենք այս սեմինարը շեղենք այլ հարթության մեջ, որին հատկացվել է սեմինարի 0.1 տոկոսը:
Հարց:- Արդյոք այս ծրագիրը լինելու է իմպերատիվ, և ով է պատասխանատու լինելու նրա իրականացման համար: Հաշվի առնելով, որ ծրագիրը նախատեսված է 9 տարվա համար, չկա արդյոք մտահոգություն, որ ժամանակի ընթացքում այն պետք է փոփոխել:
Տիգրան Սարգսյան: -Կարծում եմ այդ հարցին լավ ձևակերպում տվեցին Վազգեն Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանը` գնահատելով, որ նման ծրագրերը կարող են դառնալ ոչ միայն մեկ կուսակցության սեփականություն, այլ բոլոր այն կուսակցությունների սեփականությունը, որոնք կիսում են այս ծրագրում արտացոլված գաղափարները: Դա կլինի երաշխիք, որ անկախ նրանից, թե ինչպիսի նոր ձևաչափ կլինի նոր խորհրդարանում կամ ընտրություններից հետո, նմանատիպ ծրագրերն անպայման իրականացվեն: Սկզբունքային նոր մոտեցումը կայանում է նրանում, որ նման ծրագրերի իրականացման համար պետք է ձևավորվի նոր պլատֆորմ. դա չպետք է լինի միայն կառավարության կողմից, այլ պետք է լինեն պետություն-մասնավոր հատված համագործակցության պլատֆորմի հիման վրա ընդունված որոշումներ: Դրանց ընդունմանը, ըստ այս նոր ձևաչափի, մասնակցելու է նաև մասնավոր հատվածը: Դա այս ծրագրի կարևորագույն առանձնահատկությունն է:
Հարց:- Ծրագրում նշված ճյուղերի զարգացումն ինչ ազդեցություն կունենա ՀՆԱ-ի աճի վրա:
Տիգրան Սարգսյան: -Ինչպես արդեն իսկ նշվեց, մենք ընտրել ենք տնտեսության 11 նեղ ոլորտներ: Հասկանալի է, որ այս 11 ոլորտներով չէ, որ կարող ենք պատկերացում կազմել ամբողջ համախառն ներքին արդյունքի մասին, բայց կոնկրետ այն 3 ճյուղերում, որոնց այսօր անդրադարձանք, տեսաք, որ աճի տեմպերը մինչև 2020 թվականը բավականին բարձր են: Դեղագործությունն աճելու է շուրջ 10 անգամ 10 տարվա ընթացքում, կոնյակագործության արտահանման ծավալները 100 մլն դոլարից հասնելու են 180 մլն դոլարի: Դա նշանակում է, որ այս ծրագրի իրականացումը կարող է էապես նպաստել նրան, որ մի կողմից ապահովենք տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշներ, և մյուս կողմիօց էլ նպաստելու ենք տնտեսության դիվերսիֆիկացիային: Հասկանալի է, որ եթե որոշ ճյուղեր ապահովում են տնտեսական աճի բարձր ցուցանիշներ, կան ճյուղեր, որոնք հակառակը գնում են նվազման: Այդ առումով մակրոտնտեսական կանխատեսումներում մենք հաշվի ենք առնելու նաև բացասական միտումները:

Հարց:- Արդեն նշվեց, որ նման ծրագիրը պահանջում է լուրջ կադրային ներուժ: Ինչ քայլեր են ձեռնարկվելու ծրագրի իրականացումը կադրերով ապահովելու համար:
Տիգրան Սարգսյան: -Առաջին հերթին նշեմ, որ այս նոր կառուցվածքային մոտեցումը ենթադրում է, որ կադրեր պատրաստող ուսումնական հաստատությունները կունենան ավելի հստակ պատկերացում , թե որ ոլորտում կադրերի նկատմամբ ինչպիսի պահանջարկ է ներկայացվելու մինչև 2020 թվականը: Այս նոր մոտեցումը ենթադրում է նաև, որ մասնավոր հատվածը պետության հետ միասին համագործակցելու են բոլոր ուսումնական հաստատությունների հետ` ձևավորելով պետական պատվեր մի կողմից, մյուս կողմից հնարավորություն ստեղծելով, որի մասնավոր ձեռնարկություններում ձևավորվեն ամբիոններ, և տեղի ունենա մասնավորի և պետական ինտեգրացիան բուհական համակարգում: Դա մեզ համոզում է նրանում, որ կադրերի պատրաստման առումով մենք կունենանք շատ ավելի արդյունավետ համակարգ, քան ունեինք նախկինում: Այն փորձը, որ մենք արդեն կուտակել ենք, վկայում է այն մասին, որ երբ մասնավոր հատվածը հստակ ձևակերպում է կադրային պահանջ, պետությունը պարտավոր է լրացուցիչ ներդրումներ կատարել: Մասնավորապես , տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորոտում մենք այդպիսի հստակ ձևավորված պահանջ արդեն ունենք, և պետական պատվերի շրջանակներում դա հաշվի ենք առնում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցներ ենք ուղղում կոնկրետ բուհերում կոնկրետ մասնագետների պատրաստմանը, լաբորատորիաների ձևավորման համար, որովհետև մենք տեսնում ենք կապը իրական հատվածի հետ: Կարծում եմ, որ այս մոտեցումը մոտակա 5 տարիների ընթացքում հեղափոխական փոփոխության կբերի բուհական համակարգում պետական պատվերի ձևավորման գործում:
Հարց: -Դուք մտահոգություն էիք հայտնել դեմոգրաֆիական պատկերի հետ կապված: Ինչ ծրագրեր կան այս ոլորտի խնդիրների լուծման համար:
Տիգրան Սարգսյան: -Կարծում եմ, որ այս ծրագիրն իր դրական ազդեցությունը կարող է ունենալ հետևյալ տեսակետից. եթե մասնագետները հստակ պատկերացում ունեն ճյուղի զարգացման մասին մինչև 2020 թվականը, նրանք կարող են իրենց ապագան կապել այս կամ այն ճյուղի հետ: Երբ երիտասարդները կատարում են մասնագիտական ընտրություն` ունենալով երկարաժամկետ առումով պետության հստակ ազդակները զարգացման ուղղության առումով, կզգան կայունություն և վստահություն, ինչը չափազանց կարևոր է, երբ նրանք կառուցում են իրենց ապագան և կապում Հայաստանի հետ: Բնականաբար, կան այլ բարեփոխումներ ևս, որոնք պետք է լուծեն այդ խնդիրը: Դա միայն չի առնչվում տնտեսական, արդյունաբերական, կառուցվածքային քաղաքականությանը: Մասնավորապես, կենսաթոշակային բարեփոխումները, որոնք ստիպում են մարդկանց երկարաժամկետ մտածել, առնվազն 30-35 տարով կապել իրենց մեր երկրի հետ: Նմանատիպ միջոցառումները ևս ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում, որպեսզի երիտասարդները նախապատվություն տան հենց Հայաստանին: Իհարկե, կարելի է ավելացնել բարեփոխումներն առողջապահության, սոցիալական ոլորտներում, այն ծրագրերը, որ մենք արդեն կիրականացնում ենք` խթանելու երկրորդ, երրորդ երեխաների ծնելիությունը և այլն: Այս ամենը, միասին վերցրած, կարծում ենք կարող են ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ:

 

 

Դիտվել է 1879 անգամ:
Print Friendly

Leave a Reply